HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 321 կմ ոռոգման ցանցից 90 կիլոմետրն է նորմալ վիճակում. ինչ է ցույց տվել վերլուծությունը

Երևանի ոռոգման ցանցը հիմնանորոգման կարիք ունի: Մայրաքաղաքի ամբողջ ոռոգման համակարգի երկարությունը 321 կիլոմետր է, որից 90 կիլոմետրն է նորմալ վիճակում, իսկ մնացած մասը կամ մաշված է, կամ խցանված, կամ էլ գտնվում է վթարային վիճակում:

2019 թվականին քաղաքային իշխանությունները Երևանի ոռոգման ցանցի վերլուծություն են կատարել՝ գնահատելով ամբողջ ցանցի վիճակը և դասակարգելով այն նորմալ, մաշված, խցանված և վթարային կատեգորիաների: Գրավոր հարցմամբ քաղաքապետարանից ստացել ենք ոռոգման ցանցի վերլուծության արդյունքները, որը վկայում է այն մասին, որ վարչական շրջանների և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա ոռոգման ցանցերը գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում:

Ամենաերկար ոռոգման ցանցն ունի Աջափնյակ վարչական շրջանը՝ 53 կմ, որից նորմալ վիճակում է ընդամենը 4,8 կիլոմետրը, իսկ մնացածը մաշված է կամ խցանված:

Կենտրոն վաչական շրջանի ոռոգման համակարգի երկարությունը 51 կմ է, որից 47-ը՝ ստորգետնյա, իսկ 4-ը՝ վերգետնյա: Կենտրոնի ստորգետնյա ոռոգման ցանցից մոտ 33 կիլոմետրը գտնվում է մաշված վիճակում, իսկ 12 կմ՝ վթարային:

Ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել բոլոր վարչական շրջանների տվյալները

Համեմատության համար նշենք, որ Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանը՝ Էրեբունին, որի մակերեսը 4850 հեկտար է, ընդամենը 40 մետր վերգետնյա ոռոգման ցանց ունի, իսկ 7 կմ ստորգետնյա ցանցից 6,2 կիլոմետրը մաշված է:

Վարչական շրջաններից ամենավատ վիճակում է Արաբկիրը: Ընդհանուր 47 կմ երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա ոռոգման ցանցից միայն 8,7 կիլոմետրն է նորմալ վիճակում, իսկ մնացած հատվածը վթարային է:

Ոռոգման համակարգի տեսանկյունից ամենալավ դիրքերում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Մասնավորապես՝ մոտ 26 կմ երկարությամբ ստորգետնյա ոռոգման ցանցը գրեթե ամբողջությամբ գտնվում է նորմալ վիճակում:

Երևանում ոռոգման ցանցի վատ վիճակը ուղղակիորեն կապված է նաև բուսածածկ տարածքներում հաճախակի բռնկվող հրդեհների հետ: Ոռոգման բացակայության կամ ոչ բավարար ոռոգման պայմաններում չի ապահովվում բուսածածկ տարածքների խոնավ միջավայրը, ինչն էլ հրդեհների բռնկման մեծ ռիսկ է ստեղծում: Այս մասին դեռևս նախորդ տարի մեզ հետ զրույցում ասել էր Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը:

Երևանում վերջին խոշոր հրդեհը եղել է Ծիծեռնակաբերդի պուրակում: 2019 թվականի ամռանը ևս Ծիծեռնակաբերդի պուրակը հրդեհի թեժ կետերից մեկն էր: Այս տարվա հունիսի 26-ին բռնկված հրդեհի պատճառով՝ Ծիծեռնակաբերդում այրվել էր 21 հեկտար բուսածածկ տարածք: Այդ հատվածը ոչ թե համայնքապատկան է, այլ գտնվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ենթակայության տակ:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհի պատճառները պարզելու համար այս պահին հետաքննություն է ընթանում, գործի քննությունից դեռևս մանրամասներ հաղորդել չեն կարող:

Ոռոգման համակարգի համար կապիտալ մեծ ներդրումներ են անհրաժեշտ

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն ասում է, որ այս տարի կատարելու են վթարային վիճակում գտնվող 10 կիլոմետր ցանցի վերանորոգում: Ըստ Գևորգ Նազարյանի՝ մասնավորապես, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները ոռոգման ցանցի վերանորոգման խիստ կարիք ունեն:

«Կենտրոնն ու Արաբկիրը հին թաղամասեր են, և այնտեղ ոռոգման ցանցը շատ շուտ է կառուցվել: Հիմա եկել է մի պահ, որ պետք է այդ ամեն ինչը վերանորոգվի, քանի որ ոռոգման ցանցը հավերժ չէ: Այսպես, թե այնպես մի օր մաշվելու է: Դա լուրջ կապիտալ ներդրումներ է պահանջում, և դա միանգամից անելը հնարավոր չէ»,- ասում է Գևորգ Նազարյանը:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի խոսքով՝ մի շարք հատվածներում քաղաքային իշխաննությունները նախատեսում են ամբողջովին նոր ոռոգման ցանց անցկացնել, մասնավորապես՝ Սիլիկյան թաղամասում, Վազգեն Սարգսյան, Բեյրութի և Լեոյի փողոցներում:

«Մենք դեռ առաջին քայլն ենք արել, հասկացել ենք՝ ինչ ունենք և ինչ վիճակում է մեր ունեցածը, իսկ երկրորդ քայլը այն է լինելու, որ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում ունենալ: Երբ որ ունենանք ընդլայնման նախագիծը, թե որտեղ ինչ է անհրաժեշտ անել, արդեն ամբողջական պատկեր կստանանք»,- նշում է Գևորգ Նազարյանը:

Վարչության պետը շեշտում է, որ առանձնակի ուշադրություն են դարձնում հրդեհավտանգ տեղերին, որտեղ բռնկումներից խուսափելու առաջին նախապայմանը նա համարում է չոր խոտի հնձումը, որը ըստ Գևորգ Նազարյանի, արդեն իսկ արվել է, և հենց դրանով է պայմանավորված այս տարի մայրաքաղաքում հրդեհների սակավությունը:

2020թ. ընթացքում Երևանում ոռոգման ցանցի անցկացման և կանաչապատման ամենամասշտաբային նախագիծը իրականացվել է և դեռ շարունակում է իրականացվել Սարալանջի պողոտային հարող հատվածում: Մոտ 12 հեկտար մակերես ունեցող անտառապաշտպանիչ գոտու ստեղծման համար քաղաքապետարանը 2020-ի տարեսկզբին մրցույթ էր հայտարարել, որին մասնակցած 4 ընկերություններից ամենացածր գնային առաջարկը ներկայացրել էր «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ն: Փետրվարի 14-ին այս ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է 151 միլիոն դրամի գնման պայմանագիր:

Ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն արդեն սկսել են, իսկ դրա ավարտից հետո տարածքը հարթեցվելու է և աշնանը մեկնարկելու է ծառատունկը:

Երևանի քաղաքապետարանը ծառատունկ է նախատեսում իրականացնել նաև Ծիծեռնակաբերդի անտառպուրակի համայնքապատկան հողերում: Նշենք, որ 100 հեկտար մակերեսով անտառպուրակից ընդամենը 8 հեկտարն է պատկանում համայնքին, հիմնական մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ենթակայության տակ է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի
Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter