HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ըստ պարետատան հաշվարկների` սեպտեմբերի սկզբին 140 նոր վարակակիր կլինի

Խորհրդարանի հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հարցը, որի վերաբերյալ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել: Նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Մինչ համավարակին անդրադառնալը, Ավինյանը խոսեց Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում` Տավուշում հակառակորդի նախահարձակ գործողությունների մասին` այն որակելով որպես անթույլատրելի արկածախնդրություն: Ավինյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն է կրելու կորուստների և տարածաշրջանային հնարավոր լարվածությունների պատասխանատվությունը:

Խոսելով արտակարգ դրության ռեժիմի մասին` Ավինյանը հիշեցրեց, որ արդեն չորրորդ անգամ է երկարաձգվում արտակարգ դրության ժամկետը` ընդգծելով, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացած չեն: Ըստ նախնական հաշվարկների` գնահատվում է, որ սեպտեմբերի սկզբին 140 նոր արձանագրված վարակակիր կլինի:

«Պարետատունը իրավիճակին համահունչ տարբեր սցենարներ է մշակում, չնայած նրան, որ առաջիկայի համար որդեգրվել է համակեցության կանոնների և կարգապահության միջոցով վարակի տարածումը նվազեցնելու ռազմավարական մոտեցումը, այնումենայնիվ մշակված են այլընտրանքային սցենարներ, որոնց առանցքում դրված է շփումների և տեղաշարժի շեշտակի սահմանափակումը: Յուրաքանչյուր սցենարի համար առկա են կանխատեսումներ և գնահատականներ, ինչպես վարակի տարածման, այնպես էլ տնտեսության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Պարետը հայտնեց, որ քննարկվել է նաև մինչև աշուն կոշտ սահմանափակումների ռեժիմի կիրառման հարցը` պարետային ժամի սահմանմամբ, տաս շաբաթ տևողությամբ: Ավինյանի խոսքով` այդ ռեժիմն ուղեկցվելու էր միջամարզային տեղաշարժի արգելքով և աշխատանքային օրերին երեկոյան ժամերին տեղաշարժի սահմանափակման հարցը:

Ավինյանի խոսքով` նման խիստ սահմանափակումների դեպքում հանգստյան օրերին տեղաշարժի լիարժեք սահմանափակում պետք է լիներ և տնտեսական գործունեության ամբողջական սահմանափակում: Ըստ պարետատան հաշվարկների` այս կերպ նոր վարակակիրների թիվը կլիներ ընդամենը մի քանի տասնյակ, սակայն տնտեսական հետևանքները գնահատվել են ՀՆԱ-ի տարեկան 0,8 տոկոսի չափով:

«Ցանկացած պահի երբ տեսնենք, որ առողջապահական համակարգը պատրաստ չէ պատշաճ սպասարկում իրականացնել, նման սահմանափակումները կիրառելու ենք` 100 տոկոսանոց վերահսկողության ապահովման նախապայմանով»,-ասաց Ավինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրավական առումով խնդրահարույց է արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը, պատգամավորը հետաքրքրվեց, թե ժամկետի երկարաձգմամբ պարետատունն ինչ խնդիր է լուծում, քանի որ խիստ սահմանափակումներ և կարանտին չկա:

Տիգրան Ավինյանն արձագանքեց` ժամկետը երաձագվում է, քանի որ այն սպառնալիքը, որի համար նման ռեժիմ է ընդունվել, չի վերացել, վարակի տարածումը շարունակվում է: Ավինյանը նաև ընդգծեց, որ արտակարգ դրության չեղարկման դեպքում այն բոլոր սահամանափակումները, որոնք այժմ գործում են, հնարավոր չի լինի պահպանել:

Մարուքյանը նաև հետաքրքրվեց ՌԴ-ից իրենց անձնական մեքենաներով վերադարձող Հայաստանի քաղաքացիների մասին` ասելով, թե ինչու հնարավոր չի լինում այս խնդիրը կարգավորել: Ավինյանն արձագանքեց, որ Հայաստանի կառավարությունն անում է հնարավորն ու առավելագույնը այդ խնդիրը լուծելու համար, սակայն այն միայն Հայաստանի լուծելիք խնդիրը չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter