HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սեչենովի համալսարանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին

Կամավորների վրա նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք իրականացվում են Մոսկվայի Սեչենովի համալսարանում, ավարտվել են։ Համալսարանի դեղամիջոցների կլինիկական ուսումնասիրման կենտրոնի ղեկավար, գլխավոր հետազոտող Ելենա Սմոլյարչուկը «TACC» գործակալությանը հայտնել է, որ հետազոտությունների արդյունքերը ցույց են տվել պատվաստանյութի անվտանգ լինելը։

Պատվաստանյութի փորձարկմանը մասնակցած կամավորները դուրս կգրվեն հուլիսի 15-ին և 20-ին։ Դուրսգրումից հետո նրանց նկատմամբ կշարունակվի ամբուլատոր հսկողությունը։ 

Մարդկանց վրա COVID-19-ի ռուսական պատվաստանյութի փորձարկման առաջին թույլտվությունը Ռուսաստանի առողջապահության նախարարությունը տվել է հունիսի կեսերին։ Կլինիկական փորձարկումներն իրականացրել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնը՝ Սեչենովի համալսարանի և Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմաբժշկական հոսպիտալի բազաների վրա։ Սեչենովի համալսարնում պատվաստանյութը փորձարկվել է կամավորների երկու խմբերի վրա։ Առաջին 18 կամավորները պատվաստվել են հունիսի 18-ին, իսկ 20 կամավորներից բաղկացած երկրորդ խումբը՝ հունիսի 23-ին։

Ապրիլին Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնը ստացել է պետական պատվեր՝ մշակելու կորոնավիրուսի պատվաստանյութ։  Հաղորդագրության մեջ նշվում էր, որ պատվաստանյութի զանգվածային արտադրությամբ կզբաղվի «Сбербанк»-ի դուստր ընկերությունը։ Մայիսին կենտրոնի աշխատակիցները իրենց վրա փորձարկել էին կորոնավիրուսի հնարավոր պատվաստանյութը։ Կլինիկական հետազոտություններով զբաղվող կազմակերպությունների ասոցիացիան այդ երևույթը համարել էր կոպտագույն խախտում։

Հունիսի կեսերին Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նշել էր, որ կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը, որը մշակվել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից, կարող է սկսվել արդեն այս տարվա սեպտեմբերին։

Լուսանկարը՝ «ТАСС» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter