HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փրկելով տնտեսությունը. Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 40 տարվա մեջ առաջին անգամ նվազել է 2,2 %-ով

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի բրիտանական տնտեսության անկումը կգերազանցի 10 %-ը։ Այս ցուցանիշն ավելին է, քան ԱՄՆ-ում և Գերմանիայում, սակայն պակաս՝ ի տարբերություն եվրոպական որոշ երկրների։

Մեծ Բրիտանիան արդեն իսկ շուրջ 160 միլիարդ ֆունտ ստերլինգ է ներդրել կորոնավիրուսի հետևանքներից տնտեսությունը փրկելու համար։ Ապրիլից մայիս ամիսներին փոխառությունների ծավալը հասել է 103, 7 միլիարդ ֆունտի, իսկ 1963 թվականից հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պետական պարտքը գերազանցել է ՀՆԱ-ն։ «Financial Times» պարբերականը, մինչև տարեվերջ, պետական փոխառությունների աճը գնահատում է 350 միլիարդ ֆունտ ստերլինգ, դեֆիցիտը, ամենայն հավանականությամբ, կհասնի ազգային եկամտի 18 %-ին, ինչը, ըստ պարբերականի հաշվարկների, գրեթե երկու անգամ կգերազանցի 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ երկրում առաջացած դեֆիցիտը։

Այսպես, ճգնաժամի առաջին փուլում (մարտին) պետությունը սուբսիդավորել է գործատուներին՝ աշխատավարձերի ֆոնդերի 80 %-ի չափով, որպեսզի պահպանվեն աշխատատեղերը, և աշխատակիցները ուղարկվեն վճարովի արձակուրդի։ Այդ օգնությունից օգտվել է ավելի քան 9 միլիոն մարդ (Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է գրեթե 67 միլիոն), այնպես որ մայիսի վերջին գործազրկությունը երկրում 4 %-ից ցածր էր։

Մեծ Բրիտանիան աստիճանաբար չեղարկում է սահմանափակումները, իսկ կառավարության սուբսիդիաները նախատեսված են մինչև հոկտեմբեր, ինչը նշանակում է, որ գործազրկությունը կարող է էականորեն աճել (որոշ գնահատականներով՝ մինչև 9 միլիոն մարդ)։ Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի գլխավոր գանձապետ Ռիշի Սունաքը հայտարարել է տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության հաղթահարման երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը ենթադրում է նաև նոր աշխատատեղերի ստեղծում։ Նախագծի արժեքը մոտ 30 միլիարդ ֆունտ ստերլինգ է։ Ինչպես ձևակերպել է գլխավոր գանձապետը՝ դիմելով մասնավոր հատվածին. «Եթե դուք կանգնեք աշխատակիցների կողքին, մենք կկանգնենք ձեր կողքին»։ Նա խոստացել է, որ յուրաքանչյուր ձեռնարկություն յուրաքանչյուր աշխատակցի համար կստանա 1000 ֆունտ ստերլինգ, որը կվերադառնա հարկադիր արձակուրդից և կպահպանի իր աշխատատեղը մինչև հունվար ամիս։ Այսպիսով, պետական վճարումների գումարը կարող է գերազանցել 9 միլիարդ ֆունտ ստերլինգը։

Հյուրանոցային բիզնեսի և զբոսաշրջային հատվածի համար, որոնք ամենաշատն են տուժել կարանտինային սահմանափակումներից, վեց ամիս շարունակ կկրճատվի ավելացված արժեքի հարկի տոկոսաչափը (20 %-ից մինչև 5 %), ինչը գանձապետարանին կարժենա շուրջ 4 միլիարդ ֆունտ ստերլինգ։ 3 միլիարդ ֆունտ ստերլինգ կհատկացվի տների էներգաարդյունավետության, համայնքային և հանրային նշանակության շենքերի և «կանաչ» այլ նախագծերի համար։ Ջերմամեկուսացմամբ տների արդիականացումը, առավել որակյալ ապակեպատումը և որակյալ դռների տեղադրումը, ինչպես նաև այլ նախաձեռնություններ, որոշ գնահատականներով, էականորեն կբարձրացնեն աշխատատեղերի թիվը։

Կառավարությունը 2 մլրդ ֆունտ կծախսի 16-25 տարեկան անձանց սուբսիդավորված աշխատատեղերի (մինչեւ 300 հազար) հատկացման վեցամսյա սխեմայի վրա։ 5,6 միլիարդ ֆունտ ստերլինգ էլ կառավարությունը կներդնի ենթակառուցվածքների փոփոխությունների վրա, որոնց մասին անցած շաբաթ հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ 1,57 միլիարդ ֆունտ ստերլինգի չափով էլ կառավարությունը կօգնի թատրոններին, պատկերասրահներին և թանգարաններին։

Չնայած ծրագիրը մամուլում ընդհանուր առմամբ դրական գնահատականների է արժանացել, այդուհանդերձ եղել են նաև որոշ քննադատություններ։ Մասնավոր հատվածը դժգոհ է, որ նպատակային օգնությունը հատկացվում է հյուրանոցային և զբոսաշրջային բիզնեսին՝ անտեսելով այն կորուստները, որոնք, օրինակ, կրել են մանրածախ առևտուրը և արտադրությունը։ «Financial Times»-ը հայտնում է, որ բիզնես խմբերը փնտրում են օգնության հնարավոր տարբերակներ. պետության աջակցությամբ վարկեր, օգնություն տոկոսադրույքների նվազեցման և դրամաշնորհների հարցում։ «Երկրին խոստացել են նոր կուրս, սակայն առաջարկում են սնվել կես գնով»,- մանրածախ առևտրականի խոսքը մեջբերում է «Evening Standart» օրաթերթը։

Դժգոհ են նաև կանաչները, որոնք քննադատում են Մեծ Բրիտանիայի բնապահպանական ֆինանսավորման ծավալները՝ համեմատելով այն Գերմանիայի (36 միլիարդ եվրո) և Ֆրանսիայի հետ (13,5 միլիարդ եվրո), ինչպես նաև հիշեցնում թորիների բնապահպանական ֆինանսավորումը 9,2 միլիարդ ֆունտի հասցնելու նախընտրական խոստումները։

Այդուհանդերձ, Սունաքը չի պատրաստվում կանգ առնել։ Նա խոստովանել է, որ բյուջեի աշնանային փոփոխությունները և ծախսերը կդառնան տնտեսական մեծ իրադարձություններ, որոնք միտված են տնտեսության վերականգնմանը։ «Աշխատատեղերի վերաբերյալ մեր նախագիծը վերջինը չէ։ Ճիշտն ասած, աշխատանքները դեռ նոր են սկսվել»,- նշել է գլխավոր գանձապետը։

Լուսանկարը՝ «France 24»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter