HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փորձագետ․ «Փաստացի գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, որում ներգրավված է նաեւ Թուրքիան»

Հարցազրույց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ

–Պարոն Վերանյան, հուլիսի 12-ից մինչեւ այս պահը հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է դիտվում։ «Ֆեյսբուքում» գրառում էիք արել, որ սահմանային լարվածության հրահրումը Ալիեւի համար առիթ է՝ համավարակի ֆոնին Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրներից բնակչության ուշադրությունը դեպի ռազմի ճակատ անմիջապես շեղելու համար։ Նաեւ գրել էիք, որ այդ քայլով Ալիեւը փորձում է «time out» ստանալ համավարակի հետեւանքով խորացող հանրային դժգոհությունների ալիքի ընդլայնումից։ Ի՞նչ եք կարծում՝ Ալիեւն իր իշխանությունը պահպանելու համար երկիրը կտանի՞ նոր էսկալացիայի։

–Սա ամենեւին առաջին դեպքը չէ, երբ իշխանության պահպանման համար Ալիեւը դիմում է սադրիչ գործողությունների՝ ստեղծելով սահմանային լարվածության մթնոլորտ ու միջադեպեր։ Սա ձեռագիր է, որը տարիների փորձ ունի։ Եվ դա նորություն չէ մեզ համար։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Ալիեւն այն ղեկավարն է, որն իր երկրի պաշտպանական հենակետերը, դիրքերը տեղակայում է բնակավայրերում՝ նպատակով, որ հայկական կողմից այդ դիրքերի խոցման ժամանակ վնասներ կրեն նաեւ բնակավայրերը։ Նման գործելաոճով Ալիեւը միջազգային հանրության առջեւ զբաղված է զեղծարարությամբ, թե իբր հայկական կողմը թիրախավորում է ադրբեջանական բնակավայրերը։

Իրականում, Ալիեւի համար իր իշխանության պահպանումը գերխնդիր է, եւ նա քանիցս ապացուցել է, որ պատրաստ է հանուն այդ իշխանության կշեռքի նժարին դնել ադրբեջանական բնակավայրերի խաղաղ բնակչության կյանքերը։ Հասկանալի է, որ հայկական կողմը երբեւէ չի թիրախավորել ու չի թիրախավորում հակառակորդի բնակավայրերը, գյուղերը, խաղաղ բնակչությանը, եւ այդ մասին քանիցս հայտարարել է մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Մյուս կողմից՝ նաեւ նշեմ, որ Ալիեւը շատ հստակ գիտակցում է, որ լայնածավալ էսկալացիայի կամ գործողությունների դիմելու դեպքում ռազմական գործողությունների անկանխատեսելի հետեւանքների բերումով կարող են խարխլվել իր իսկ իշխանության դիրքերը։ Ուստի, Ալիեւը, չնայած միլիարդավոր դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերմանը, այդուհանդերձ, խուսափում է գնալ լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով։ Իսկ փոքրածավալ, տեղային, բլից-կրիգային գործողությունները առիթ են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար՝ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներից ու դժգոհություններից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Ավելին՝ նման միջադեպերով ադրբեջանական կողմը ապատեղեկատվության հիման վրա զեղծարարությունը որպես իրականություն է ներկայացնում իր հանրությանը՝ հսկայածավալ միջոցներով ձեռքբերված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նպատակը արդարացնելու համար։

Տվյալ դեպքում, ունենալով ակնհայտ դիրքային, մարդկային կորուստներ, Ալիեւը հայտնվել է բավական խոցելի վիճակում։ Ասեմ ավելին՝ տեղեկատվական, պաշտպանական եւ այլ ուղղություններով հայկական կողմի փայլուն գործողությունները էապես դժվարացրել են Ալիեւի գործը․ այսօր Ադրբեջանի հանրության առջեւ նա ստիպված է ներկայանալ առոչինչ․ ուստի հասկանալի է ադրբեջանական մեդիադաշտում ապատեղեկատվության այն գրոհը, որ այս օրերին ականատես ենք լինում։

–Նախորդ տարի մեզ հետ հարցազրույցում նշել էիք, որ Ալիեւն օր առաջ կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների, եթե վստահ լինի, որ հաղթելու է։ Հիմա՞ էլ եք նույն կարծիքին։

–Այո, միանշանակ։ Եթե Ալիեւը վստահ լինի, որ լայնածավալ ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում ունենալու է հաջողություններ, օր առաջ կիրագործի այդ սցենարը։ Այսօր նույնպես շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք Ալիեւը կգնա լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ճանապարհով, թե ոչ։ Կարծում եմ, որ նման սցենարի համար այսօր չկան քաղաքական, ռազմական, տնտեսական նախադրյալներ ու հնարավորություններ։ Ավելին՝ Ադրբեջանի զինված ուժերը մի քանի փորձերից հետո չեն կարողանում լուծել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը անգամ ոչ մեծ ծավալի ռազմական գործողություններում, ինչպիսին է այս օրերին տեղի ունեցող դիրքային պայքարը։ Միեւնույն ժամանակ, իհարկե, սա որեւէ կերպ չպետք է թուլացնի մեր զգոնությունը, որեւէ դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին։ Նշեմ նաեւ, որ վերջին տարիներին հայկական կողմը էապես բաձրացրել է իր դիրքերի պաշտպանունակության արդյունավետությունը․ կցանկանայի առանձնակի նշել նաեւ օդային գերակայության հարցում հայկական կողմի վերջին ձեռքբերումները։ Այս եւ այլ գործոններ նոր բարդություններ են ստեղծում Բաքվի համար։

–Իսկ երկու ճակատներով՝ Հայաստան–Ադրբեջան եւ Արցախ–Ադրբեջան, հնարավոր համարո՞ւմ եք լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։

–Ինչպես նշեցի, առհասարակ, լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորությունն այսօր բավական ցածր է․ մենք գործ ունենք, թերեւս, իրավիճակից բխող փոքր ծավալի ռազմական գործողությունների, դիրքային պայքարի հետ։ Այլ է հարցը, որ նման փոքրածավալ, տեղային գործողություններ կարող են զուգահեռաբար կամ հաջորդաբար տեղափոխվել ղարաբաղաադրբեջանական կամ նախիջեւանյան ուղղությամբ։

–Հայ-ադրբեջանական սահմանային բախումները  հերթական անգամ արձագանք չեն ստացել ՀԱՊԿ-ի կողմից։ Այսօր հետաձգվել է ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստը, որը պետք է անդրադառնար սահմանային լարմանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենա այդ կառույցից եւ առհասարակ ի՞նչ անելիք ունի այս կառույցում։

–Պետք է նշել, որ ՀԱՊԿ-ի արձագանքի կապակցությամբ ակնկալիքներն իրապես մեծ չեն։ Հայկական կողմը ակնկալում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի խախտման միջադեպերին, որպես կանոն, ՀԱՊԿ-ի հայտարարությունները լինեն հստակ, առարկայական եւ թիրախային-հասցեական։ Սակայն միեւնույն ժամանակ նշեմ, որ մեզ համար, թերեւս, այլեւս բավարար չեն ՀԱՊԿ-ի հայտարարություններն ինքնին, որոնք չունեն որեւէ դրական ազդեցություն՝ Ալիեւի արկածախնդրությունները զսպելու, կանխելու համար։

Անչափ կարեւոր է, որպեսզի ՀԱՊԿ-ն, որի անդամ պետություն է նաեւ Հայաստանը, այդ կառույցին չանդամակցող այլ պետության կողմից մեր երկրի սահմանային անվտանգության խախտման դեպքում հայտարարությունից բացի մշակի ու կիրառի անհրաժեշտ համապատասխան իրավաքաղաքական, տնտեսական պատժամիջոցների մեխանիզմներ, որոնք թույլ կտան կանխել, զսպել տվյալ պարագայում Ադրբեջանի արկածախնդրությունները։ Նման իրավիճակներում միջազգային, տարածաշրջանային նման կառույցի, մեղմ ասած, անբավարար դիրքորոշումը առաջին հերթին ուղղակիորեն վնասում է վերջինիս հեղինակությանը։ ՀԱՊԿ-ին անդամակցությունը ենթադրում է ինչպես երկկողմանի հստակ պարտավորություններ, այնպես էլ համապատասխան իրավունքներ, որոնք նույնպես պետք է հարգվեն։ Ավելացնեմ նաեւ, որ այդուհանդերձ, հայկական կողմը շարունակում է աշխատել միջազգային հանրության հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում, զուգահեռաբար բյուրեղացնելով այն համոզմունքը, որ մեր խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել արդյունավետ ինքնաբավության տարբեր ուղղություններով՝ տնտեսական, ռազմական եւ այլն։ Սա, իհարկե, պահանջում է մեծ ջանքեր ու տարիների լուրջ աշխատանք, բարդ գործընթաց է, սակայն անիրագործելի չէ։

–Ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Թուրքիան այս իրավիճակում։

–Մեզ համար նորություն չէ, որ Թուրքիան կողմնակալ դիրքորոշում ունի, երբ հարցը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, հայությանը կամ Հայաստանին։ Հայաստանի, հայության ու արցախյան ուղղությամբ Անկարայի ցանկացած ներգրավվածություն, լինի դա ուղղակի, թե անուղղակի, որպես կանոն, բացասական հետեւանքներ ու ազդեցություն է ունեցել մեզ համար։ Գրեթե չի խոսվում այն մասին, որ փաստացի Թուրքիան տասնամյակներ շարունակ վարում է Հայաստանի տնտեսական ու քաղաքաքական շրջափակման բացահայտ քաղաքականություն․ սա հիբրիդային, միջնորդավորված պատերազմ է Հայաստանի դեմ։

Մենք պետք է լավ հասկանանք, որ փաստացի գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, որում միջնորդավորված ներգրավված է նաեւ տարածաշրջանային տերություններից մեկը՝ Թուրքիան։ Անկարան հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին, ինչն անակնկալ չէր մեզ համար։ Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել հատկապես այն հարցի վրա, որ Թուրքիան տարբեր միջնորդավորված հակամարտությունների ռազմական գործողություններում ձեռք բերած փորձը, ռազմավարությունը կարող է պրոյեկտել հարավկովկասյան ուղղությամբ․ մեզ անհրաժեշտ է օր առաջ ուսումնասիրել այդ փորձը, կիրառված սպառազինության տեսակները եւ այլն։

–Ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում։

–Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սադրիչ գործողությունները բացասաբար են ազդում տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա։ Համավարակով պայմանավորված, տարածաշրջանը, ինչպես եւ ողջ միջազգային հանրությունը անվտանգային, տնտեսական տեսանկյունից գտնվում է բավական խոցելի իրավիճակում, ինչը հավելյալ խնդիրներ ու մարտահրավերներ կարող է բերել տարածաշրջանի համար։ Ուստի, նման պայմաններում կայունության ու խաղաղության պահպանումը է՛լ ավելի սկզբունքային նշանակություն ունի, ինչն այնքան էլ լավ չեն գիտակցում Ադրբեջանում։ Մի բան հստակ է՝ խաղաղությունն այլընտրանք չունի, իսկ Ալիեւի գործելաոճը դրդում է հայկական կողմին այդ խաղաղությունը պարտադրել հակառակորդին արդեն ուժի դիրքերից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter