HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նոր Արմավիրի դպրոցի այս տարվա շրջանավարտները սովորել են «զուգարանային պայմաններում»

Վաղը՝ հուլիսի 15-ին, Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդն ընտրելու է դպրոցի տնօրեն: Թեկնածուները չորսն են, որոնցից միայն մեկն է նույն համայնքի դպրոցից:

«Հետք»-ն արդեն անդրադարձել է Նոր Արմավիր համայնքի դպրոցում ծավալվող լարված իրավիճակին: Գրել էինք, որ ընտրություններին ընդառաջ, զենքով սպառնացել են ծնողներից մեկին, որը քվեարկելու իրավունք ունի: Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը նույն գյուղի համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանն է: Նա վատ հարաբերություններ ունի դպրոցի նախկին տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ, որը թեկնածուներից մեկն է, ինչից էլ ի հայտ է եկել լարվածությունը:

Նշենք, որ Հերիքնազ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով նշանակվել են ընտրություններ:

Նոր Արմավիրում մարդիկ կաշկանդված են, խուսափում են խոսել: Դպրոցում ստեղծված իրավիճակը հասկանալու համար զրուցել էինք համայնքի ղեկավարի հետ, սակայն նրա հետ նորմալ զրույց չստացվեց (համայնքապետը վիրավորանքներ սկսեց հնչեցնել): Զրուցեցինք դպրոցի կառավարման խորհրդի քարտուղար, դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Սեդա Գրիգորյանի հետ: Նա Նոր Արմավիր գյուղի բնակիչ չէ, և համեմատաբար կաշկանդված չէ:

Տիկին Գրիգորյանը 36 տարվա մանկավարժական ստաժ ունի, որից 20 տարին աշխատել է Նոր Արմավիր գյուղի դպրոցում: Սեդա Գրիգորյանն ասաց, որ դպրոցի տնօրենի ընտրությանն ընդառաջ իր մոտ որևէ լարվածություն չկա, քանի որ բոլորն էլ գիտեն, որ իր վրա ազդել հնարավոր չէ:

Սեդա Գրիգորյանը չթաքցրեց, որ դպրոցում լարվածություն կա, սակայն նշեց, որ դա դրսից՝ շրջապատից եկող լարվածություն է:

«Կան անհատներ, կներեք, չեմ ուզում անուններ տալ, որոնք կարող են անմիջականորեն ազդել ոմանց վրա»,- նշում է կառավարման խորհրդի քարտուղարը:

Սեդա Գրիգորյանը պատմեց, թե ինչից է առաջացել լարվածությունը: Նշեց, որ դպրոցի արդեն նախկին տնօրեն Հերիքնազ Հարությունյանը և Նոր Արմավիրի համայնքապետ Արթուր Ավետիսյանն ընտրվել են 5 տարի առաջ: Սկզբում ունեցել են «գերազանց» հարաբերություններ, սակայն 1-2 տարի հետո սկսվել են տարաձայնությունները:

«Գյուղը չունի մանկապարտեզ, դպրոցը չունի վիճակ: Ահավոր վիճակ է, քարուքանդ: Այս տարի 12-րդ դասարանցիներին ավարտացրել ենք  «զուգարանային» պայմաններում: Զուգարանի հատվածը դարձրել ենք դասասենյակ, որ երեխաներն ավարտեն, դասարան չկա: Մեր դպրոցի աջ մասի մասնաշենքը երկար տարիներ տանիք չի ունեցել, միշտ կռիվ է եղել, բողոքել ենք: Գյուղապետը, որ եկավ, չգիտեմ, ինչ միջոցներով, տանիքը դրվեց, և սկսվեց շինարարությունը դպրոցի այդ մասնաշենքի մի անկյունում, որը ՊՈԱԿ-ինն է: Այ սա, բնականաբար, դուր չեկավ դպրոցին, նաև ինձ»,- ասաց Սեդա Գրիգորյանը:

Կառավարման խորհրդի անդամը հավելեց, որ դպրոցում ոչ մի պայման չկա: Քիմիայի դաս են անցկացնում առանց քիմիական նյութերի և այլն: Մինչդեռ, այս պայմաններում դպրոցի մասնաշենքը համայնքապետարանը դարձրել է մանկապարտեզ, ինչից էլ սկիզբ է առել դպրոցի տնօրենի և համայնքապետի միջև առկա լարվածությունը:

«50 կմ հեռու ենք մայրաքաղաքից, բայց այսպիսի վիճակ դպրոցում… նավթով ենք տաքացնում դասասենյակները: Երբ մենք մտնում ենք դպրոց, փոշին, կեղտը մաքրելու համար ստիպված հատակն էլ ենք մաքրում նավթով: Ահա, այս վիճակով ենք դպրոց գնում: 20 տարի աշխատում եմ այդ դպրոցում, չի եղել մի օր, որ ասեմ՝ ինչ հաճելի է»,- հավելում է Սեդա Գրիգորյանը:

Ուսուցչուհին նշում է՝ ճիշտ է, մանկապարտեզը ևս ծառայում է համայնքին, բայց դա չի կարելի անել դպրոցի հաշվին: Սեդա Գրիգորյանն ասում է, որ այդ մանկապարտեզի երեխան վաղը գալու է դպրոց և տեսնելու է քարուքանդ վիճակը: Ուսուցչուհու սրտով չէ այն ամենն, ինչ այսօր կատարվում է դպրոցի շուրջ:

«Դպրոցը մնում է նույն տեղում, տնօրենը գուցե փոխվի, ես չգիտեմ, բայց համայնքը մնում է իր տեղում: Այդ նույն մարդիկ պետք է իրար տեսնեն, բարևեն: Դպրոցում հաղթող և պարտվող չպիտի լինի, որովհետև մենք գործ ունենք երեխաների հետ»,- հավելում է Ս. Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ՝ բարձր դասարաններում սովորող երեխաների 90 %-ը տեղյակ է դպրոցում առկա լարված վիճակի մասին, ինչն ազդում է նրանց վրա: Ս. Գրիգորյանն ասում է, որ այսօր երեխաներն անուղղակի ներգրավված են կոնֆլիկտի մեջ:

«Ուսուցիչը պիտի լինի «դերասան», շատ բան ցույց չտա երեխաներին, բայց, ուսուցիչն էլ մարդ է, որի վրա չնչին բանն էլ ազդում է: Ես իմ դասն անցկացնում եմ շատ ակտիվ, պիտի շփվեմ երեխայի հետ, բայց եթե հաղթանակ ու պարտություն լինի դպրոցում, այդ էներգիան է պակասելու: Ես չգիտեմ՝ վերևներում ոնց են մտածում, բայց սա շատ նուրբ հարց է: Տնօրենի պարտությունը կլինի այն, որ կջարդի փոքրիկ գյուղի մի հատվածին, արդյոք ազնիվ եղավ, ճիշտ եղավ: Ուրիշի մուտքն էլ հեշտ չէ, պիտի ծանոթանա, խնդիր կա դպրոցում, պիտի կարողանա լուծել հարցը: Եթե սխալ ընտրություն կատարվեց խորհրդի անդամների կողմից, ուրեմն դա կլինի ծանր հարված»,-հավելեց Ս. Գրիգորյանը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Հետք»-ին ասաց, որ տեղյակ են դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ դարձնելու մասին: Գյուղն այլ հնարավորություն չունի: Կամ պետք է նոր շենք կառուցեն, ինչը թանկ է, և համայնքը հնարավորություն չունի, կամ դպրոցի այդ մասնաշենքը կծառայի որպես մանկապարտեզ մինչև լուծում գտնվի:

Մեկնաբանություններ (1)

Մարի Ավետիսյան
Եթե ձեր նման շատերը այդպիսի խնդիրների մասին բարձրաձայն են կարծում եմ հանրությունը եվ կառավարությունը պետք է տեղյակ լինեն Երեվանից 50 կմ գտնվող դպրոց ինչ վիճակում է գտնվում ։ Շնորհակալություն ձեզ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter