
Դատավոր Արսեն Նիկողոսյանի և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքների փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ «Հետք»-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայությունը։
Հիշեցնենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ու որոշել նրան ազատ արձակել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։
Դատավորի այս որոշումից հետո նրա դեմ արշավ է սկսվել։ Դատավորը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ հայտնելով, որ իր կայացրած համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ ֆեյսբուքյան իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
Ստացված դիմումի քննարկման համար դատավորը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ, և Խորհուրդը, լսելով դատավորին, որոշել է դիմել ոստիկանություն՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Ստացված դիմումի հիման վրա ոստիկանությունը սկսել է ապահովել դատավոր Նիկողոսյանի անվտանգությունը, նրա և ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել, ոստիկանությունը հայտնել է, որ պարզվել է Նիկողոսյանի նկատմամբ ապառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը, սակայն, քրեական գործի հարուցումը, փաստորեն, մերժվել է։
Ոստիկանությունից հրաժարվեցին հայտնել՝ այժմ շարունակո՞ւմ են ապահովել դատավորի անվտանգությունը, թե՞ ոչ։ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի անվտանգությունն ապահովվել է և շարունակում է ապահովվել։
Մեր հարցին՝ դատավորն այժմ թիկնապահների ուղեկցությամբ է շրջում, Խաչատրյանը պատասխանեց՝ «անվտանգությունն իրականացվում է «ոչ Ձեր պատկերացրած ձևով, իսկ թե ինչ ձևով, հրապարակման ենթակա չէ»։
Ստացվում է՝ ոստիկանությունն, ըստ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման, դատավորի նկատմամբ տեղի ունեցածում հանցակազմի հատկանիշներ չի տեսնում, բայց շարունակում է ապահովել նրա անվտանգությունը։
Մեկնաբանել