
Արծրուն Հովհաննիսյան. «Չբացենք մեր խաղաքարտերը, թողնենք զինվորականները կոնկրետ գործողություններ կատարեն»
Հուլիսի 14-ի դրությամբ Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար սահմանամերձ համայնքները, իսկ Բերդ քաղաքը` հրետակոծության ենթարկել:
Այս մասին Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսին ասաց կենտրոնի մամուլի պատասխանատու, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով` Բերդ քաղաքում երկու գործարան է թիրախավորվել, տարբեր տեսակի վնասներ են կրել վերոնշյալ համայնքները, վնասվել է նաև գազատարը:
«Թիրախավորվում է խաղաղ բնակչությունը, բարեբախտաբար զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում: Մեր զինված ուժերն իրենց առջև դրված մարտական խնդիրները հնարավոր բոլոր ձևերով կատարել են, հակառակորդին լռեցրել են»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի` Ադրբեջանը հրետանային միջոցներ, տանկեր, գրադ է կիրառել, նաև թիրախավորել իր խաղաղ բնակչությանը` բնակելի տների մերձակայքում տեղադրելով զրահատեխնիկա:
«Այժմ օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ժամը 18:00-ից սկսած լարվածությունը նվազում է»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հայտնեց, որ կան նաև վիրավոր զինծառայողներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, միջին ծանրության վնասվածքներ են ստացել:
Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք հակառակորդի կողմից զորամիավորումների տեղաշարժ, ուժերի կուտակում կա, թե ոչ, վստահեցնելով, որ զինված ուժերը բոլոր տեսակի զորաշարժերին տիրապետում են:
«Բայց կգերադասեի չխոսել այդ մասին, ցույց չտանք, թե իրականում ինչքան ենք տիրապետում ու չբացենք մեր խաղաքարտերը, թողնենք զինվորականները կոնկրետ գործողություններ կատարեն»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նաև նպատակահարմար չհամարեց խոսել դիրքային փոփոխության մասին, քանի որ դեռ մարտական գործողություններ են ընթանում:
Մեկնաբանել