HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանի զինված ուժերը խոցել են ընդհանուր 10 ԱԹՍ

Կեսգիշերից սկսած` 00:15 րոպեից, Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում գրեթե լիարժեք կրակոցների դադար է արձանագրվել: Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսին ասաց կենտրոնի համակարգող, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` հակառակորդը գիշերը չի կիրառել մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ:

Հայաստանի զինված ուժերը գիշերվա ընթացքում խոցել են երկու անօդաչու թռչող սարք, որոնք միջդիրքային տարածքում են ընկել: Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Արցախում ևս սահմանային իրավիճակը հանգիստ է:

Ըստ Հովհաննիսյանի` հուլիսի 12-ից սկսած Հայաստանը մոտ երկու տասնյակ վիրավոր է ունեցել, այդ թվում` երկու ոստիկան: Վիրավորներից 10-ի վնասվածքները թեթև են եղել, նրանք մի քանի ժամ անց կարողացել են նորից առաջնագիծ մեկնել: Այս պահին հիվանդանոցում տաս վիրավոր կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մինչ այս պահը Հայաստանի զինված ուժերն ընդհանուր առմամբ խոցել են շուրջ 10 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), այդ թվում` իսրայելական արտադրության Հերմես-900 սարքը, որն, ըստ տարբեր հաշվարկների, գնահատվում է 30 միլիոն դոլար: Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանի ՀՕՊ-ը տեղում արդիականացված հրթիռային համակարգով է այն խոցել:

Հայաստանի զինված ուժերը կարի՞ք ունեն պահեստազորայինների կամ կամավորների աջակցության, այս հարցի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

«Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարել են և կատարում են, արդյունքները պարզ երևում են: Բացի դա, կոնֆլիկտի բնույթը էնպիսին չէ, որ Հայաստանը դիմի այլ քայլերի, այդ թվում`պահեստազորայինների կամ կամավորների աջակցության: Գիտենք, որ իրենք պատրարստ են, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակները, ոմանց թոռները իրենց խնդիրը փայլուն կատարում են»:

Ինչ վերաբերում է այս ընթացքում Ադրբեջանի կիրառած զինտեխնիկային, Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը գրեթե ողջ զինանոցը կիրառել է, բոլոր տրամաչափի հրաձգային զենքեր, տանկեր, հրետանային միջոցներ, հարվածային անօդաչուներ:

Հոովհաննիսյանն ընդգծեց` Տավուշի մարզի որևէ սահմանամերձ համայնքից բնակիչների տարհանում չի եղել և չի լինելու: Ինչ վերաբերում է համայնքներում իրականացված գույքային վնասներին, Հովհաննիսյանն ասաց` առաջիկայում վնասները կգույքագրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter