HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գինի և կոնյակ արտադրողները փաստի առաջ են կանգնած. վաճառքը նվազել է, վարկերը՝ ծանրացել

Ինչպես շատ տնտեսվարողների, այնպես էլ՝ հայկական գինի, կոնյակ արտադրողների համար դժվարին ժամանակներ են։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին (2020 հունվար-մայիս) Հայաստանում արտադրվել է 12.5 մլն լիտր կոնյակ և 3.3 մլն լիտր խաղողի գինի։  Ինչպես փաստում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տրամադրած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կոնյակի արտադրությունը կրճատվել է 14.9%-ով, իսկ խաղողի գինու արտադրությունը՝ 28.3%-ով։

Գինու և կոնյակի արտադրության անկումը պայմանավորված է ինչպես ներքին շուկայում վաճառքի ծավալների անկմամբ, այնպես էլ՝ դրսի շուկաներից ստացվող պատվերների նվազմամբ, որոշ դեպքերում էլ՝ չեղարկմամբ կամ հետաձգմամբ։ Փակվել են տեղական ռեստորանները, որոնք ևս ապահովում էին կոնյակի և գինու սպառման զգալի ծավալներ։ Չկան գինու և կոնյակի սիրահար զբոսաշրջիկները։ Այս ամենը նաև մտահոգություններ է առաջացրել, որ ապագայում խաղողի մթերման հետ կապված խնդիրներ են լինելու։

Աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսը (COVID-19) գինու և կոնյակի գնորդներին ավելի զգուշավոր է դարձրել՝ ոմանք նախընտրում են խնայել միջոցները, հրաժարվել հատկապես բարձր դասի խմիչքից, ոմանց պարագայում էլ եկամուտներն են կրճատվել։

«Տիրանի» գինիների արտադրությամբ զբաղվող «Գ.Ս. վայն քոմփանի» ՍՊԸ գործադիր տնօրեն Վազգեն Հակոբյանի խոսքով՝ ներկայում, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, բարձր դասի գինիների վաճառքի մոտ 80% անկում է գրանցվել տեղական շուկայում։ Գինու պահանջարկը նվազել է նաև արտաքին շուկաներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ուր նշված ընկերությունը գինի է արտահանում։

«Վաճառքի նվազմանը զուգահեռ նվազել է նաև արտադրությունն ու արտահանումը։ Ներքին շուկայում վաճառքի անկումը, երևի թե, պայմանավորված է նրանով, որ ժողովուրդն իր միջոցներն ավելի շատ ուղղում է առօրյա, առաջնային ապրանքներին՝ սննդին։ Գումարած դրան՝ անորոշություն է, մարդիկ չգիտեն, թե ինչ է սպասվում և խնայում են իրենց գումարները։  Հիմա չկա նաև զբոսաշրջիկների հոսք, որը ևս զգալի ազդում է ներքին շուկայում վաճառքի վրա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վազգեն Հակոբյանը։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ըստ Հակոբյանի՝ ներկայում ռուսական շատ ընկերություններ խուսափում են նոր պայմանավորվածություններ ձեռք բերել։

Վազգեն Հակոբյանը մտահոգված է, որ արդեն օգոստոսին խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կարող են լինել։ «Քանի որ հիմա սպառում չկա, ավելի վաղ արտադրված խմբաքանակը կմնա պահեստներում և առաջիկայում արտադրությունը կսկսի նվազել, որն էլ կհանգեցնի մթերվող խաղողի քանակի նվազմանը»,- ասում է նա։

Խոշոր արտադրողները կարողանում են դիմակայել, փոքրերի համար ավելի դժվար է

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը գինի-կոնյակ արտադրողներ  ներկա խնդիրները երկու փուլի է բաժանում։ Երկուսն էլ ծագել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակից, սակայն ունեն տարբեր լուծումներ ու հետևանքներ։ Առաջինը վերաբերում է նախկինում մթերված ու պահեստավորված բերքին, որը դեռևս չի սպառվել այն տեմպերով, ինչպես պլանավորել էին արտադրողները։  Ավագ Հարությունյանի հաշվարկներով՝ գինու և կոնյակի արտահանումն ու ներքին շուկայում սպառումն այս տարի 50-60%-ով նվազել են. մառաններում առկա տարաները լցված  են, ներքին սպառում չկա, արտադրողների եկամուտները զգալի նվազել են։  Նույն արտադրողները նաև վարկային պարտավորություններ ունեն, որոնք երկարաձգվել են մի քանի ամսով և պետք է մարվեն արդեն սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Սակայն, այսպես շարունակվելու պարագայում, հատկապես, փոքր ու միջին արտադրողների համար վարկերը ժամանակին մարելը դժվար է լինելու։

«Կառավարությունն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին բանկերի միջոցով վարկային արձակուրդ կազմակերպեց արտադրողների համար,  և սա թեթևացրեց նրանց բեռը ամառվա ամիսներին։ Բայց գինեգործների ու կոնյակագործների համար բեռը սովորաբար ծանրանում է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ պետք է հին վարկերը փակել և նոր վարկեր վերցնել։ Հիմա կառավարությունը ոչ մի կերպ չերկարացրեց պետական վարկերը, որոնք տրամադրվել էին անցյալ տարի մթերում իրականացնելու նպատակով։  Դրանց մարման ժամկետը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին է, որը մեծ բեռ է լինելու արտադրողների համար։ Կառավարությունը պետք է փորձի շտկել այս իրավիճակը և վարկային արձակուրդներ կազմակերպելով՝ այս բեռը տեղափոխի եկող գարնան ամիսներին»,- «Հետքի» հետ զրույցում նշում է Ավագ Հարությունյանը։

Նա նկատում է, որ շատ բան կախված է նաև ռուսական շուկայի ակտիվությունից, որը հանդիսանում է հայկական գինու ու կոնյակի արտահանման հիմնական շուկան։

Իսկ խնդիրների երկրորդ փուլն  արդեն առաջանալու է խաղողի նոր սպասվող բերքահավաքի ժամանակ։ Ավագ Հարությունյանի խոսքով՝ պահանջարկի անկման պատճառով գինին ու կոնյակը մնացել են տարաներում, գործարանները ազատ տարաների խնդիր ունեն։  Եթե տարաների խնդիրը լուծվի, և գյուղացիներին ու արտադրողներին հնարավորություն տրվի անտոկոս վարկերով կամ այլ օժանդակ միջոցներով նոր տարաներ ձեռք բերել, ապա գոյացող հումքը կպահեստավորվի։ Հատկապես, որ այս տարի խաղողի առատ և որակյալ բերք է հասունացել։ 

Եվ եթե անգամ տարաների հարցը լուծվի, մեկ այլ մեծ խնդիր է մնում՝ մթերման գինը։ Այս պայմաններում արտադրողները գուցե սովորականից ցածր գին առաջարկեն գյուղացիներին։

Որպես իրավիճակից դուրս գալու ելք Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը առաջարկում է պետական մակարդակով սպիրտի արտադրության և պահեստավորման գործընթաց կազմակերպել։

«Հիմա կառավարությունը պետք է թույլատրի բոլոր ցանկացողներին սպիրտ արտադրել։ Հետո պետք է ընտրի մեկ-երկու խոշոր գործընկերների, օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանին, իրեն պատվիրի սպիրտ, գործարանը մթերի և պատրաստի սպիրտ՝ կոնյակի և խաղողի։ Կոնյակի սպիրտը հետո կվաճառվի կոնյակ արտադրողներին կամ կմնա որպես պետական պահուստ՝ ամեն տարի ավելի թանկանալով և «ոսկի դառնալով»։ Այսպես անում են աշխարհի շատ երկրներ»,- ասում է նա։ 

Ավագ Հարությունյանը նաև նկատում է, որ ներկայում կոնյակի արտահանման գինը բավականին նվազել է, որը ևս մեծ վնաս է հասցնում արտադրողներին։ Եթե խոշորների մոտ «բուֆերային գոտին» մեծ է, նրանք կարողանում են դիմակայել, ապա փոքրերը դադարում են աշխատել, միջիններն աշխատում են շաբաթվա կեսը։ 

Գինի և կոնյակ արտադրողներն իրենց առաջարկներն ու մտահոգություններն ուղարկել են Գործարարների միության միջոցով և հիմա էլ պատրաստվում են Գինու ազգային կենտրոնի անունից ուղարկել։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդիրը զեկուցվել է և՛ բանավոր, և՛ գրավոր։ 

Վարկային արձակուրդը բանկերի ձեռքում է

Էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի խոսքով՝ գինի-կոնյակ արտադրող ընկերություններին նոր վարկային արձակուրդներ տրամադրելու հնարավորությունը բացառապես բանկերի ձեռքերում է։ 

«Վարկային արձակուրդի տրամադրումը բանկի հայեցողությամբ է։ Կախված է բանկ-վարկառու փոխհամաձայնությունից։ Մենք մեր ծրագրում սկզբնական փուլում ունեինք մինչև երեք ամսվա վարկերի վճարման հետաձգում և հնարավորություն ենք տվել, որ բանկի և հաճախորդի համաձայնությամբ երկարաձգվեն։ Մենք դեմ չենք դրան, մենք չենք խոչընդոտում, բայց չենք կարող բանկերին ստիպել»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Գևորգ Ղազարյանը։

Ըստ նրա՝ նախարարությունը ներկայում մի քանի գործիքներով արդեն իսկ աջակցում է արտադրողներին։ Մթերման նպատակով տրամադրվող վարկերը, որոնք  տրամադրվում են մինչև 1.8 մլրդ դրամի շրջանակներում, ներկայում  արտադրողներին հասանելի են զրո տոկոսադրույքով։

«Նախկինում տրամադրվում էր 3%-ով. բանկը տրամադրում էր 12%, որից 9%-ը պետությունը սուբսիդավորում էր։ Այս տարի, ճգնաժամային պայմանները հաշվի առնելով՝ վարկի տոկոսադրույքը դարձրել ենք զրո, այսինքն՝ ամբողջությամբ սուբսիդավորվելու ենք վարկերի տոկոսադրույքները։ Եվ եթե նախկինում մեկ տարով էր տրամադրվում, հիմա դարձրել ենք 1.5 տարի»,- նշեց Գևորգ Ղազարյանը։

Ըստ նրա՝  նաև տարաների ձեռքբերման համար լիզինգի հնարավորություն է տրվում։ 

Կոնյակը Հայաստանի արտահանման կազմում երրորդ տեղում է

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հատկապես կոնյակը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք է։ Այս մասին է փաստում նաև այն, որ  կոնյակը, ըստ մաքսային արժեքի, Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների առաջին եռյակում է։ 

Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 253 մլն դոլարի կոնյակ (33.1 մլն լիտր), որն իր աժեքով զիջում է միայն արտահանված պղնձին (627 մլն դոլար) և ծխախոտին (273 մլն դոլար)։

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախնական տվյալների, հունվար-մայիսին արտահանվել է շուրջ 4.8 մլն լիտր կոնյակ՝ նախորդ տարվա 5.7 մլն լիտրի դիմաց։ Սակայն  պետք է նկատի ունենալ, որ կոնյակի արտահանման հիմնական ժամանակահատվածը սկսվում է սեպտեմբերից, այսինքն՝ այս տարվա իրական պատկերը հասկանալու համար հարկավոր կլինեն տարեկան տվյալները։

Հայկական կոնյակի արտադրությունն ու արտահանումը վերջին տարիներին նկատելի ավելացել է։ 2019 թվականին արտադրվել է 43.5 մլն լիտր կոնյակ, որը նախորդող տարվա համեմատ 41.5%-ով աճել է։  

Ըստ տարբեր ուսումնասիրությունների ու գնահատականների՝ Հայաստանում սպառվող կոնյակի գերակշիռ մասը տեղականն է, և շուրջ 5%-ն է միայն ներմուծվում։ Դա խոսում է այն մասին, որ հայկական կոնյակն իր որակով և գնով ավելի մրցունակ է տեղական շուկայում, քան ներմուծվածը։

Կոնյակի արտադրության և արտահանման անկում է նկատվել 2014-2015 թվականներին՝ պայմանավորված ռուսական տնտեսության վատթարացմամբ, տեղի բնակչության գնողունակության անկամբ, որի հետևանքով ռուսական շուկայից ստացվող պատվերները կրճատվել են։

Ներկայացված գրաֆիկում կարող եք տեսնել, որ արդեն 2016 թվականից դրական միտումներ են գրանցվում։ 

Ինչպես արտահանվող հայկական կոնյակի, այնպես էլ՝ գինու խոշոր գնորդը Ռուսաստանն է։ 2019 թվականին, ըստ ֆիզիկական ծավալների, արտահանված գինու 75%-ն է ուղղվել Ռուսաստան և կոնյակի՝ 91%-ը։

Հայական գինու և կոնյակի մյուս համեմատաբար խոշոր գնոդներ են ԱՄՆ-ն, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը։

Հայաստանը ոչ մեծ քանակությամբ գինի ու կոնյակ է արտահանում եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև՝ Վրաստան, Չինաստան, Իրան, Իսրայել, և այլն։ 

Ի տարբերություն կոնյակի՝ հայկական գինու արտադրության և արտահանման ծավալներն ավելի փոքր են։ 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 12.7 մլն լիտր խաղողի գինի, որը նախորդ տարվա համեմատ աճել է 31.6%-ով։

Նույն տարում արտահանվել է 2.8 մլն լիտր (11.9 մլն դոլար) խաղողի գինի։ Գինու արտադրությունն ու արտահանումը ևս  վերջին տարիներին ավելացել է։ 2015 թվականին գինու շուկայի վրա ազդել է Ռուսաստանի տնտեսական վիճակը, սակայն, քանի որ գինի ավելի քիչ է արտահանվում և կախումը ռուսական շուկայից ավելի փորք է, հետևաբար այդ ազդեցությունը արտադրողների եկամուտների վրա այնքան մեծ չի եղել, որքան կոնյակի պարագայում էր։

Շեշտենք, որ գրաֆիկում ներկայացված են գործարանային արտադրության խաղողի գինու ծավալները։ Բոլորիս հայտնի տնական գինիներն այստեղ չեն ներառվում։

Վերջերս Էկոնոմիկայի նախարարությունը տարածել էր մի գրաֆիկ, որտեղ խաղողի գինու կողքին ներկայացրել էր նաև մրգային հումքով գինիների արտահանման ծավալները, որոնց ծավալը 2019-ին կազմել է մոտ 4.8 մլն լիտր (14.9 մլն դոլար)։ Հետագայում Մաքսային ծառայության բազաներում նկատեցինք, որ նշված ծածկագրով, որը հիմք է վերցրել նախարարությունը, արտահանվող ապրանքը ներկայացված է որպես խմորման ենթարկված այլ ըմպելիք (խնձորի, տանձի սիդր, մեղրաըմպելիք)։ Բոլոր դեպքերում, ստացվում է, որ այս ապրանքախմբի գծով արտահանումը և խաղողի գինու արտահանումը միասին նախորդ տարի կազմել է 7.6 մլն լիտր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter