HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2019թ-ին Հայաստանից արտահանվող պղնձի քանակը 32%-ով աճել է

2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ։ Վերջին տասը տարիների կտրվածքով՝ սա ամենաբարձր ցուցանիշն է։ Հատկանշական է, որ 2019-ին պղինձ ավելի էժան գնով է արտահանվել, քան նախորդ տարում։

Պղինձը կրկին առաջատարն է Հայաստանի արտահանման կազմում: Մաքսային ծառայության հրապարակած տվյաները ցույց են տալիս, որ 2019 թվականին Հայաստանից ամենաշատն արտահանվել է պղինձ (627 մլն ԱՄՆ դոլար), ծխախոտ (273 մլն դոլար) ու կոնյակ (253 մլն դոլար):

2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ՝ հանքաքար և խտահանք, որի մասքային արժեքը  կազմել է մոտ 627 մլն դոլար: 2018 թվականի համեմատ արտահանված պղնձի քանակն աճել է 137 հազար տոննայով կամ  32%-ով, իսկ արժեքը՝ 101 մլն դոլարով կամ 19%-ով:

Ստացվում է, որ արտահանվող պղնձի քանակն ավելի մեծ տեմպերով է աճել, քան արժեքը։ Սա նշանակում է, որ նախորդ տարի արտահանված պղնձի միջին գինն ավելի ցածր է եղել, քան 2018 թվականին։ Մասնավորապես, եթե   2018 թվականին պղնձի մեկ տոննան արատահանվել է միջինը 1237  դոլարով, ապա՝ 2019 թվականին՝  1115 դոլարով։ 

Պղնձի խտանյութը Հայաստանից մեծ մասամբ արատահանվել է չորս երկրներ՝ Բուլղարիա, Չինաստան, Շվեյցարիա ու Կանադա:  Ոչ մեծ քանակությամբ էլ՝ Վրաստան։

Ըստ քանակի՝ նախորդ տարի արտահանված պղնձի 40%-ի գնորդը Բուլղարիան է: Խոսքը մոտ 226 հազար տոննա պղնձի խտանյութի մասին է, որի արժեքը կազմել է մոտ 206 մլն դոլար: 2018 թվականի համեմատ Բուլղարիա արտահանված պղնձի արժեքը կրճատվել է 8.1 մլն դոլարով կամ մոտ 4%-ով, մինչդեռ քանակն աճել է 26 հազար տոննայով կամ  13%-ով: Այսինքն՝ նախորդ տարի նշված երկրին պղինձ ավելի գնով ենք վաճառել, քան 2018 թվականին։

Զգալի աճել են Հայաստանից դեպի Շվեյցարիա ու Չինաստան արատահանվող պղնձի ծավալները: Մասնավորապես, Շվեյցարիա է արտահանվել 191.5 մլն դոլարի պղնձի խտանյութ (մոտ 168 հազար տոննա), որը 2018-ին համեմատ աճել է 61 մլն դոլարով կամ  46.5%-ով, իսկ քանակը՝ 69 հազար տոննայով կամ 70%-ով: 

Իսկ Չինաստան է արտահանվել 174 մլն դոլարի պղինձ՝ 157 հազար տոննա, որը 2018-ի համեմատ ավելացել է մոտ 80 մլն դոլարով կամ 84%-ով, իսկ քանակը կրկնապատկվել է:  

Հայկական պղնձի մյուս գնորդը Կանադան է եղել։ Արտահանման ծավալը կազմել է 9.7 հազար տոննա՝ 52.5 մլն դոլար։ 2018-ի համեմատ 2018-ի համեմատ ծավալները կրկնապատկվել են։

2018 թվականին Հայաստանը ոչ մեծ քանակությամբ՝ 40 հազար տոննա, պղնձի խտանյութ է արտահանել նաև Ռումինիա, սակայն 2019-ին արտահանում չի իրականացվել: 

Հայաստանից պղինձ են արտահանում հիմնականում «Զանգեզուրի ՊՄԿ-ն», «Թեղուտը», «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ախթալայի ԼՀԿ-ն», «Արմենիան քափըր փրոգրամը», «Չաարատ Կապանը» (նախկինում ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»)։

Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, վերջին 10 տարիների կտրվածքով՝ 2019 թվականին գրանցվել է պղնձի արտահանման ամենաբարձր ցուցանիշը։

Բացի պղնձի խտանյութը, վերջին տարիներին Հայաստանն արտահանում է  նաև ոչ մեծ քանակությամբ չզտած՝ կոնվերտորային պղինձ, ինչպես նաև պղնձի թափոն և ջարդոն։ 2019 թվականին արտահանվել է մոտ 7.3 մլն դոլարի պղնձի թափոն և ջարդոն , իսկ կոնվերտորային պղինձ, ի տարբերություն նախորդ տարիների, չի արտահանվել։ Պղնձի թափոն- ջարդոնն արտահանվել է հիմնականում ԱՄԷ, Հոնկոնգ և ԱՄՆ։

Պղնձի խտանյութի արտադրությունը 26%-ով աճել է

 Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 2019 թվականի կեսերից հետո տեսանելի ակտիվացում առաջացավ, որը պայմանավորված էր Թեղուտի հանքավայրի վերագործարկմամբ։ Մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, Թեղուտի հանքավայրը սկսեց կրկին աշխատել և վերականգնվեց պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Ու հենց Թեղուտի գործոնով էր պայմանավորված հանքարդյունաբերության ոլորտի էական աճը։ 

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 400 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2018 թվականի համեմատ այն ավելացել է 26%-ով։ 28.9%-ով էլ աճել է մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ կազմելով 11.1 հազար տոննա։ Արդյունքում մոլիբդենի արտահանումը ևս ավելացել է. 2019 թվականին այն կազմել է 8.9 հազար տոննա՝ 2018 թվականի 7.1 հազար տոննայի դիմաց։  

Պղնձի ներկայիս համաշխարհային գները նպաստավոր չեն Հայաստանի համար

Պղնձի ներկայիս գնանկումը համաշխարհային շուկայում Հայաստանի տնտեսության համար լավ բան չի խոստանում:  Չինաստանում սկիզբ առած նոր կորոնավիրուսի հետևանքով բազմաթիվ շուկաներում անկում է գրանցվում, այդ թվում՝ մետաղների համաշխարհային շուկայում: Սա բոլորովին ձեռնտռուն չէ մետաղ արտահանող երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի, որ արտահանման կազմում պղինձն առաջատարն է և գնանկման հետևանքով պղնձից ստացվող եկամուտների կորուստ է գրանցվում։

Լոնդոնի մետաղների բորսայի տվյալները ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ պղնձի մեկ տոննայի միջին գինը 5500-5700 ԱՄՆ դոլարի սահմաններում է։ Համեմատության համար՝ հունվարի կեսերին այն հասել է 6300 դոլարի։

Նույն բորսայի տվյալները վկայում են, որ 2019 թվականի ընթացքում պղնձի միջազգային գները փետրվար-ապրիլ ամիսներին   առավել բարձր մակարդակում են եղել՝ հասնելով մինչև 6600 դոլարի, որից հետո մինչև տարեվերջ անկման միտում է գրանցվել, սակայն դեկտեմբերից կրկին աճել է: Իսկ տարվա հունվարից, ինչպես նշեցինք, պղնձի գները կրկին ընկել են:

Մեկնաբանություններ (4)

Սեդա Հերգնյան
Հարգելի, Գարեգին Անտաշյան, ցուցանիշների աղբյուրը Պետական եկամուտների կոմիտեն է՝ Մաքսային ծառայություն, իսկ արտադրության ցուցանիշներինը՝ Վիճակագրական կոմիտեն։ Կարող եք ինքներդ էլ հարցում անել և համոզվել ցուցանիշների ճշգրտության մեջ։
Գարեգին Անտաշյան
Նման քանակի խտանյութ հնարավոր չէ արտադրել։ Դա նշանակում է, որ մոտավոր 140000 տոննա պղինձ է արտահանվել խտանյութի մեջ։ Թվերում անճշտություն կա։ Ինչպես միշտ ոչ հավաստի թվեր են ներկայացրել լրագրողները։
Գարեգին Անտաշյան
Այս թվերը որտեղից են? Անհնար թվեր եք ներկայացնում։
Vicken Aprahamian
Thank you for the article on the copper business in Armenia. Two comments 1) verify again if Switzerland receives copper concentrates, I doubt it does as there is no smelter there. 2) ore and concentrate are not the same thing, only concentrate is shipped.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter