HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

280 հազար դոլարով վաճառվում է ավտոկայանի` խորհրդային մոդեռնիստական ոճի մասնաշենքը

280 հազար դոլարով վաճառվում է Հրազդան քաղաքի նախկին ավտոկայանի մասնաշենքը։ Վաճառքի հայտարարությունը հրապարակվել է անվճար հայտարարությունների list.am կայքում։

Հրազդանի ավտոկայանը կառուցվել է 1978 թվականին: Ճարտարապետը Հենրիկ Առաքելյանն է։ Ավտոկայանի շենքը Հայաստանի՝ Խորհրդային Միության մոդեռնիստական ոճի քիչ մնացած շենքերից է։

Այնտեղ նախկինում գործում էր «Տուրիստ» առևտրի սրահը և սրճարան։ Առևտրի կենտրոնում վաճառվում էին հագուստ, տնտեսական ապրանքներ և սնունդ։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ ավտոկայանի այդ մասնաշենքը մասնավորեցվել է 2002 թվականին։ Իսկ դրա միակ սեփականատերը Հրազդանի բնակիչ, 69-ամյա Ժենիկ Սերոբյանն է՝ «Տուրիստ» խանութի նախկին աշխատակից։

«Ավտոկայանի շենքը Սովետական մոդեռնիզմի վառ օրինակներից է։ Այդ շենքը բազմաթիվ միջազգային հրատարակություններում առկա է։ Հրազդանցիները նույնպես կարող են վկայել, որ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են Հրազդան, առաջին հերթին գալիս են տեսնելու այդ ավտոկայանը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց խորհրդային մոդեռնիզմի հետազոտող, արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Հրազդանի ավտոկայանի շենքը մշակութային հուշարձան է և պետք է ներառվի նորահայտ հուշարձանների ցանկում։

Ռուբեն Արևշատյանն ասաց՝ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության գիտամեթոդական խորհրդի անդամների հետ նախարար Արայիկ Հարությունյանի առաջին հանդիպման ընթացքում կրկին արծարծվել էր նորահայտ հուշարձանների ցանկի վերանայման և թարմացման հետ կապված հարցը՝ ուշադրության կենտրոնում պահելով խորհրդային մոդեռնիստական ճարատարապետական ժառանգության ներկայիս բավականին խոցելի իրավիճակը։

«Եթե շենքը վաճառվի և ձևափոխվի, այդ շենքը կկորի, որովհետև եթե այն դառնում է մասնավոր սեփականություն, և չկա պետության կողմից հաստատված որևէ սահմանափակում՝ նրա ձևափոխման հետ կապված, շենքը կարող է նույնիսկ քանդվել»,- ընդգծում է արվեստի քննադատը։

Որպես գնորդ՝ զանգահարեցինք շենքը վաճառող անձին։ Էդվարդ անունով ներկայացած վաճառողն ասաց՝ շենքը պատկանում է ընկերոջը, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրա փոխանցմամբ՝ շենքի մակերեսը 189 քմ է, իսկ շենքը գնելու դեպքում գինը սակարկելի է։

Ինչպես մասնավորեցվեց Հրազդանի ավտոկայանը

2018 թվականին մասնավորեցվել է նաև Հրազդան քաղաքի ավտոկայանի բուն շենքը։ Ավտոկայանի սպասասրահում արդեն մի քանի տարի գործում է հանդիսությունների սրահ։

Պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ ավտոկայանի շենքը օտարվել է աճուրդով՝ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ ավտոկայարանի, ջրավազանի, շվաքարանի տարածքն ու հողատարածքը վաճառվել են 87 մլն 440 հազար դրամով:

«Հաշվի առնելով, որ այդ ավտոկայանը գտնվում էր Հրազդան քաղաքից դուրս, քաղաքացիների համար անհարմար դիրքի պատճառով երկար տարիներ ըստ նշանակության չէր օգտագործվում և նպատակահարմար չէր վերագործարկել ըստ իր նշանակության՝ ընկերության 2018 թվականի հուլիսի 12-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ թույլատրվել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ին օտարել ավտոկայանը»,-հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։

Կոմիտեն նաև ընդգծել է, որ ավտոկայանի օտարման հարցը քննարկվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր կողմ են արտահայտվել Հրազդանի ավտոկայանի օտարմանը։ 

Ավտոկայանի շենքը գնել է Կարեն Սահակյանը։ Կարեն Սահակյանը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նախկին տնօրենն էր, իսկ վերջինիս հայրը՝ Ռոբերտ Սահակյանը, Հրազդանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է։ 

Հրազդանի ավտոկայանը 2000 թվականի օգոստոսին սեփականության իրավունքով գրանցվել է «Հայավտոկայան» ՊՓԲԸ-ի անվամբ՝ Կառավարության 1998 թվականի որոշմամբ։ 2006 թվականի սեպտեմբերին շենքը վերագրանցվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի անվամբ: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 29-ին ավտոկայանի շենքը օտարվել է և իրավունքի պետական գրանցում է ստացել Կարեն Սահակյանի անվամբ։

Մինչ ավտոկայանի շենքը գնելը, Կարեն Սահակյանը 2015 թվականից 10 տարի ժամկետով վարձակալել էր շենքի 80 տոկոսը։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նա։ Կարեն Սահակյանի փոխանցմամբ՝ շենքի աճուրդի մասին պատահական է տեղեկացել, թեև մինչև 2025 թվականը շենքի վարձակալության պայմանագիր է ունեցել։

Ասում է՝ այլ ելք չունենալով, շենքը վարկային միջոցներով գնել է, քանի որ վարձակալելիս այն նորոգել էր, ներդրումներ կատարել։ «Գույքը երբ վարձակալում էինք, շենքը ոչ բարվոք վիճակում էր, ավերակ էր, 90-ական թվականներից չգործող շենք էր, նման էր հասարակական զուգարանի»,- նշեց Կարեն Սահակյանը։

Կարեն Սահակյանն ավտոկայանի շենքում 2017 թվականից հանդիսությունների սրահ է շահագործում։ Այն այդքան էլ եկամտաբեր բիզնես չի համարում՝ ընդգծելով, որ գործունեություն է ծավալում Հրազդանում և քաղաքում նմանատիպ այլ սրահներ ևս կան։

Շենքն այս պահին զբաղված է 80 տոկոսով։ Մյուս հատվածում, ինչպես պատմում է Կարեն Սահակյանը, սկսվել էին Հրազդանի սրճարան-գրադարանի կառուցման աշխատանքներ։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով, աշխատանքների միայն կեսն է կատարվել։

Խորհրդային մոդեռնիզմի հետազոտող Ռուբեն Արևշատյանի համար անհասկանալի է, թե ինչպես է ենթակառուցվածքային նշանակության նման կարևորագույն ֆունկցիա կատարող կառույցը մասնավորեցվել և այսքան տարիներ չի շահագործվում ըստ նշանակության:

«Հրազդան քաղաքի կենտրոնական ավտոկայանի շենքը սպասարկում էր ոչ միայն Հրազդանը, այլ նաև մերձակա գյուղերը, կարևոր կենտրոնները, ինչպես օրինակ՝ Ծաղկաձորը, որովհետև Ծաղկաձորից մինչ Հրազդան գալիս էին փոքր երթուղայիններ։ Հիմնական ավտոկայանը Հրազդանին էր»,- ասում է Ռուբեն Արևշատյանը:

Նա ընդգծում է՝ Հայաստանում գոյություն ունեն նաև այլ ավտոկայաններ, որոնք ամայացած վիճակում են. «Գիտե՞ք ոնց է աշխատում այդ տրամաբանությունը. տարածքը որոշ ժամանակ ամայացած է լինում, եթե պետական պատկանելիության շենք է, հետո առաջ է քաշվում նրա մասնավորեցման խնդիրը, հայտնվում են նոր սեփականատերեր, շենքի ձևափոխման խնդիրներն են մեջտեղ գալիս, պատճառաբանելով, որ շենքը վատ վիճակում է՝ բացարձակապես չանդրադառնալով շենքի ֆունկցիոնալ կարևորությանը։ Չի կարելի նման ֆունկցիոնալ կարևորություն ունեցող շենքերը մեջտեղից հանել դուրս, նույնիսկ եթե երկիրը դրա կարիքն այսօր չունի, վաղն անպայման ունենալու է, և հավելյալ ռեսուրսներ պետք է ծախսվեն, որպեսզի կառուցվեն այդ տեսակ շենքեր»,- նշում է խորհրդային մոդեռնիզմի հետազոտող, արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը։

Հրազդանի ավտոկայանի շենքը ընդգրկված չէ նորահայտ հուշարձանների ցանկում, և այդ հարցը այժմ չի քննարկվում: Այս մասին «Հետքին» հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Միասնական երթուղային ցանցի ներդրում՝ առանց քաղաքի միակ ավտոկայանի 

«2018 թվականին «Հայավտոկայան» ՓԲԸ-ն բավականին մեծ պարտքեր էր կուտակել, և այդ որոշումը (ի նկատի ունի Հրազդանի ավտոկայանը վաճառելու որոշումը,-հեղ.) պայմանավորված է եղել նաև այդ պարտքի որոշակի մարմամբ։ Այնտեղ հարկային պարտավորություններ և որոշակի պարտքեր կային անցած տարիներից կուտակված, և այդ խնդիրների լուծման համար այդպիսի որոշում է նաև կայացվել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հրազդանը միակ քաղաքը չէ, որի ավտոկայանը մասնավորեցվել է կամ քաղաքում ավտոկայան չկա։ Նախարարությունն այժմ քննարկում է Հրազդանում նոր ավտոկայան կառուցելու կամ ավտոկայարանային ծառայություններ մատուցելու համար տարածք ընտրելու հարցը։

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» ցանկից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն։

Կոմիտեի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այժմ հանրապետությունում ներդնում է միասնական երթուղային ցանց, այդ իսկ պատճառով կանոնավոր ուղևորափոխադրումների կարևոր մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը։

Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են Հրազդանում կանոնակարգվելու ուղևորափոխադրումները, եթե քաղաքի միակ ավտոկայանը մասնավորեցվել է։

«Կոնկրետ Հրազդանի դեպքում մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ նոր տարածք դիտարկենք  ավտոկայարանային ծառայություններ մատուցելու համար։ Նախնական՝ այնտեղ Միկրոշրջան կա, այդ մասում ենք դիտարկում։ Քաղաքապետի հետ պետք է հանդիպենք և քննարկենք, թե ինչ լուծումներ կարող են առաջարկել։ Սակայն այս պահին դեռ հստակ տարածք չի ընտրվել»,-նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, armarch.net-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter