
Արսեն Թորոսյան. «Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն»
«Մինչ Հայաստանի Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը, մեզ հարկավոր է ամուր թիկունք, և այս առումով ես ուզում եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակում գրանցվել։ Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեստերի ընդհանուր թվից»,- կառավարության հուլիսի 16-ի նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կոնոնները, նշեց, որ վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, և այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների և մասնավորապես դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ, ինչից հետո խնդրեց առողջապահության նախարարին ներկայացնել իրավիճակը։
«Ցավոք սրտի, դեռ բավական շատ թվեր են արձանագրվում, սակայն համեմատական անցկացնելով մոտավորապես երկու շաբաթվա վաղեմության թվերի և իրավիճակի հետ, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։ Արդեն 4 օր է չունենք տանը տեղափոխման սպասող քաղաքացի, ինչպես նաև՝ բուժհաստատություններում քաղաքացիներ, որոնք սպասում են տեղափոխման»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։
Ըստ նախարարի՝ ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կրկին կայուն, տատանվում է 650-ի շուրջ, նաև մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխության սարքերին․«Դժբախտաբար, լինում են նաև մահվան դեպքեր, հատկապես՝ բավական տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ, այդ առումով նրանց պաշտպանությանը առանձին ուշադրություն դարձնելը մեր բոլորի պարտքն է»։
Վարչապետն արձանագրեց, որ այս պահի դրությամբ 607 մարդ մահացել է կորոնավիրուսից, և ցավակցություն հայտնեց բոլոր մահացածների հարազատներին։
Մեկնաբանել