HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խոակին Կապառոս. «Կփորձենք այնպես անել, որ մրցակիցները չտեսնեն մեր թերությունները»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆուտբոլի զարգացման գործում մեծ կարևորություն է տալիս մարզչական կրթությանը: Այս մասին իսպանացի մասնագետն ասաց այսօր կազմակերպված հեռավար մամուլի ասուլիսին:

Կապառոսը զարմացել է, որ հայկական թիմերի մեկնարկային կազմերում հայ ֆուտբոլիստ չի եղել

Կապառոսը բարձր գնահատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի և նրա թիմի աշխատանքը Հայաստանում ֆուտբոլային կրթության զարգացման գործում: Ըստ Կապառոսի՝ շատ քչերն են, որ կարող են Մելենդեսի նման աշխատանք տանել այդ ոլորտում:

«Եթե երեխաների և երիտասարդների հետ աշխատող մարզիչները համապատասխան կրթություն ստանան, ապա դրանից կշահեն միայն ֆուտբոլիստները, որոնք էլ հնարավորություն կստանան հետագայում ավելի բարձրակարգ խաղացող դառնալու: Կրթական գործընացի և ՀՖՖ աշխատանքի շնորհիվ շատ լավ ֆուտբոլիստներ ի հայտ կգան»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Միևնույն ժամանակ Խոակին Կապառոսը մտահոգություն հայտնեց այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող շատ թիմեր իրենց մեկնարկային կազմերում հայ ֆուտբոլիստների չեն ընդգրկում:

«Շատ զարմացած էի, որ հայկական թիմերի հիմնական կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ չէր լինում: Այս ամենը խանգարում է մեր երիտասարդ և պատանի ֆուտբոլիստներին, որոնք դրսևորվելու հնարավորություն չեն ունենում: Եթե երիտասարդները խաղային պրակտիկա չեն ունենում, ապա պարզապես անհետանում են: Երբ իմացա, որ ֆեդերացիան պատրաստվում է նոր նորմեր կիրառել, հույս ունեմ, որ դրանից ազգային հավաքականը կշահի»,- ասաց Խոակին Կապառոսը:

«Ոչ մի հայ ֆուտբոլիստ չի անտեսվում»

Իսպանացի մասնագետը ընդգծեց, որ ուշադրությամբ հետևում էին Հայաստանի առաջնության հանդիպումներին, մի շարք տեսանյութեր են պատրաստել և վերլուծել խաղերը: Նա վստահեցրեց, որ ոչ մի հայ ֆուտբոլիստ չի անտեսվում, և նպատակահարմար լինելու դեպքում նրանք կհրավիրվեն հավաքական

Խոսելով Հայաստանի հավաքականի նորեկ, Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի մասին՝ Կապառոսը նշեց, որ նրա մասնակցությամբ բազմաթիվ խաղեր են դիտել. «Ես հարցրի ֆեդերացիայի նախագահին՝ արդյոք հնարավոր կլինի՞ նրան ընդգրկել հավաքականի կազմում: Դրական պատասխան ստանալուց հետո հարցրի՝ նա ցանկություն ունի՞ խաղալ հավաքականում, թե՞ ոչ: Ցանկությունը և նվիրվածությունը հավաքականին ավելի վեր են, քան բուն ֆուտբոլային որակները»,- ասաց Խոակին Կապառոսը:

Նա նշեց, որ արդեն իսկ զրուցել է Հայաստանի հավաքականի 20 ֆուտբոլիստների հետ և հաճելիորեն զարմացել է նրանց նվիրվածությունից: Իսկ հավաքականի թեկնածու խաղացողների մասին Կապառոսը նախընտրեց կարծիք չհայտնել, քանի որ դեռևս հստակ տեղեկություններ չունեն: 

Խոսելով ֆուտբոլում հոգեբանության կարևորության մասին՝ իսպանացի մասնագետը կարծիք հայտնեց, որ տեխնիկայի, տակտիկայի և ֆիզպատրաստության հետ մեկտեղ նույնքան կարևորություն ունի հոգեբանությունը: Ամուր հոգեբանությամբ թիմ ունենալու համար, ըստ Կապառոսի, պետք է ճանաչել կոլեկտիվը: «Չկա այնպիսի բանաձև, որը կարող է քեզ հուշել, թե ինչ անես: Կախված այն հանգամանքից, թե ֆուտբոլիստները ինչպես կներկայանան հավաքական, կհասկանանք՝ ինչ կարող ենք անել: Հոգեբանորեն ուժեղ թիմը միանշանակ բարելավում է իր ելույթները»,- ասաց մարզիչը:

«Իդեալական թիմեր չկան»

Հարցին, թե իր դիտարկումներով՝ որոնք են Հայաստանի ազգային հավաքականի թույլ կողմերը, Խոակին Կապառոսը չցանկացավ պատասխանել, որպեսզի առավելություն չտա մեր ընտրանու առաջիկա մրցակից Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: 

«Ոչ մի թիմ իդեալական չէ՝ ո՛չ «Բարսելոնան», ո՛չ «Ռեալը», ո՛չ «Բավարիան» և ո՛չ էլ «Մանչեսթեր Սիթին»: Բոլոր թիմերն ունեն իրենց թերությունները, բայց մենք կփորձենք այնպես անել, որ մեր մրցակիցները չտեսնեն մեր թերությունները»,- շեշտեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: 

Անդրադառնալով Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում մեր հավաքականի շանսերին՝ իսպանացի մարզիչն ասաց, որ եթե թիմը կարողանա համապատասխան տրամադրվածությամբ մոտենալ խաղերին, ապա կարող են առաջ շարժվել:

«Սկզբում դրվում է նպատակը, հետո հասնում ես այդ նպատակին: Մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք մրցակցել ցանկացած թիմի դեմ, եթե թիմային հոգեբանություն ցուցաբերենք: Մեր բոլոր ֆուտբոլիստների ջանքերով, կկարողանանք հասնել այդ նպատակներին»,- ասաց Կապառոսը:

Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներից Խոակին Կապառոսը առանձնացրեց 2019թ. սեպտեմբերին Երևանում կայացած Իտալիայի դեմ խաղը, որում Հայաստանի ընտրանին պարտվեց 1:3 հաշվով, սակայն ըստ Կապառոսի՝ նույնիսկ 10 հոգով թիմը շատ լավ խաղ ցուցադրեց:

Հիշեցնենք, որ 64-ամյա Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է այս տարվա մարտի 10-ին: Հավաքականի առաջիկա հանդիպումը նախատեսված է այս տարվա սեպտեմբերի 5-ին: Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրում Խոակին Կապառոսի սաները կհյուրընկալվեն Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter