
Վիրավոր զինծառայողները ցուցաբերում են դրական դինամիկա. մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Այս գիշեր Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ. անկանոն կրակոցներ հնչել են հրաձգային զինատեսակներից, սակայն ոչ մեծ քանակի:
Այս մասին Իջևանում հրավիրված ասուլիսին ասաց Ճգնաժամային կառավարման կենտրոնի մամուլի պատասխանատու, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ Արցախի պաշտպանության բանակն այս գիշեր խոցել է «ORBITER-3» տիպի ադրբեջանական անօդաչու թռչող սարք:
Հովհաննիսյանի խոսքով` զինված ուժերի վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, հիմնականում դրական դինամիկա կա, բացառությամբ մեկ զինծառայողի, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Ճիշտ է, կրակոցները, հրետակոծությունները, կարծես թե, դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են ամենատաբեր ապատեղեկատվություններ տարածվել»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող նշանակել հանգամանք, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, քանի որ Արցախի ուղղությամբ պարբերաբար էլ ԱԹՍ-ներ խոցվում են, սակայն ընդհանուր առմամաբ՝ Հովհաննիսյանը չբացառեց ոչինչ:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Զանգակատուն համայնքի ուղղությամբ կրակոցներ են հնչել, Հովհաննիսյանը մանրամասնեց` կրակոցները եղել են այդ ուղղությամբ տեղադրված դիրքերի, այլ ոչ թե բնակավայրի ուղղությամբ:
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ այսօր սպասվում է օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների այց Տավուշի սահմանամերձ բնակավայրեր:
Մեկնաբանել