HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը

ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին 24 ժամերի ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է շուրջ 260 000-ով։ Սա համավարակի մեկնարկից ի վեր, օրական կտրվածքով, կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշն է։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 600 000-ը։ Դրանց մեկ քառորդը գրանցվել է Միացյալ Նահանգներում։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 14,3 միլիոն մարդ։ Ամենաշատ թվով դեպքերը գրանցվել են Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում։

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 7 360 մարդ, ինչը մայիսի 10-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Օրական աճի նախորդ ռեկորդային ցուցանիշն ԱՀԿ-ն գրանցել էր ընդամենը մեկ օր առաջ։

Զուգահեռաբար աշխարհի երկրների մի մասը հանում են կարանտինային սահմանափակումները, այն դեպքում, երբ մյուսները վերադառնում եմ այդ ռեժիմին։ Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ COVID-19-ի նոր ալիքի դեպքում չէր ցանկանա երկրում կրկին կարանտին հայտարարել։ «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցում Ջոնսոնը իր վստահությունն է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ներուժի նկատմամբ և համազգային սահմանափակումները համեմատել միջուկային զսպման մեխանիզմների հետ, որոնց կիրառումն անհրաժեշտ է միայն ծայրահեղ դեպքերում։

Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ հույս ունի, որ բրիտանական հասարակության կյանքը Սուրբ ծննդյան տոներին մոտ կվերադառնա բնականոն հունին։ Երկրի կառավարությունը տեղական խորհուրդներին հնարավորություն է տվել կիրառելու լոկալ սահմանափակումներ, որոնք միտված կլինեն կորոնավիրուսի նոր բռնկումների դեմ պայքարին։ Տեղական իշխանությունները իրավունք են ստացել կանգնեցնել առևտուրը, չեղարկել միջոցառումները, փակել այգիներն ու հանրային այլ տարածքներ։

Միևնույն ժամանակ համաճարակաբանները չեն կիսում Մեծ Բրիտանիայի վարչապետի լավատեսությունը։ Բրիտանական կառավարության գլխավոր գիտական խորհրդական Պատրիկ Վալանսը հայտարարել է, որ ձմռանը երկրի առջև կկանգնեն առավել լուրջ դժվարություններ, և քիչ չէ հավանականությունը, որ նոր սահմանափակումների կարիք կառաջանա։ Հուլիսի 14-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքը Բրիտանիայում կարող է խլել ևս 120 000 մարդու կյանք և մինչև 250 000, եթե համաճարակի զարգացումն ընթանա վատագույն սցենարով։

ԱՄՆ-ում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է հարավային նահանգներում, որոնք երկար ժամանակ ձգձգում էին կարանտինի հայտարարումը և դիմակների կրումը։ Այդ նահանգների թվում են Ֆլորիդան, Տեխասը և Արիզոնան։ Ներկայումս Ֆլորիդան ԱՄՆ-ում համաճարակի էպիկենտրոնն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 337 000 դեպք, իսկ մահացել՝ ավելի քան 5 000 մարդ։

Չնայած, որ կորոնավիրուսի վարակակիրների թվով Հնդկաստանն աշխարհում երրորդն է, հիվանդության պիկը դեռևս չի հաղթահարվել այս երկրում։ Մեկ օրվա ընթացքում այստեղ գրանցվել է մոտ 35 000 նոր դեպք և 670 մահ։

Զուգահեռաբար արևմտաեվրոպական մյուս երկրներին հիմնականում հաջողվում է վերահսկողության տակ պահել վիրուսի տարածումը։ Նրանք շարունակում են բացել սահմանները և վերագործարկել մասնավոր հատվածի աշխատանքները։ Սակայն Իսպանիայում գրանցվում են լոկալ բռնկումներ, որոնց էպիկենտրոնը երկրի հյուսիսն է, և հատկապես՝ Կատալոնիան։ Կատալոնիայում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 1 000 նոր դեպք։ Բարսելոնայի շուրջ 4 միլիոն բնակչությունը և հարակից շրջանները առաջիկա 15 օրերի ընթացքում ստիպված կլինեն մնալ տանը։

Չնայած կորոնավիրուսի շարունակական տարածմանը, ԵՄ անդամ երկրները փորձում են վերականգնել տնտեսությունը։ Հուլիսի 19-ին շարունակվում է ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը, որը նպատակամիտված է կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսության վերականգնմանը։ Ներկա պահին ԵՄ առաջնորդների մոտ տնտեսության վերականգնման պլանի վերաբերյալ կոնսենսուս չկա։ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարծում է, որ բանակցությունները փակուղի են մտել, այն դեպքում, երբ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ քննարկումները շարժվում են ճիշտ ուղղությամբ։

Ավելի խնայող հյուսիսային երկրները, ինչպիսիք են Նիդեռլանդները և Շվեդիան, պնդում են, որ քննարկվող 750 մլրդ եվրոյի փաթեթը պետք է հանդիսանա փոխառությունների փաթեթ, այլ ոչ թե լինի դրամաշնորհների տեսքով:

Լուսանկարը՝ «CNN»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter