
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Մհեր Հակոբյանը։
Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը) և 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։
Գևորգ Նարինյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Պաշտպանն ասաց՝ առաջիկա օրերին պարզ կլինի՝ որոշումը կբողոքարկվի, թե՞ ոչ։
Քրեական գործով, որով անցնում է դատավոր Նարինյանը, մեղադրյալի կարգավիճակ ունի նաև սնանկության դատարանի դատավոր Արա Կոբանյանը։ ԱԱԾ-ն ներկայացրել է նաև նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն, որը դեռևս քննվում է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել