HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հարկատուների հարկերը 3.6%-ով նվազել են 2020-ի առաջին կիսամյակում

Այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 492.7 մլրդ դրամի հարկեր։ Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկերի ուսումնասիրությունը, 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը նվազել է 18.4 մլրդ դրամով կամ 3.6%-ով։

Խոշորագույն տասը հարկատուներից միայն երեքի հարկերն են նվազել, ինչը նշանակում է, որ ընդհանուր ցուցանիշի անկումը պայմանավորված է ավելի ցածր հորիզոնականներում գտնվող ընկերությունների վճարած հարկերի նվազմամբ։ Այս տարվա առաջին կիսամյակում ևս ամենաբարձր հորիզոնականներում նույն ընկերություններն են, որոնք սովորաբար տեղ  են գտնում առաջին 10 կամ 20 հորիզոնականներում՝ երբեմն նահանջելով ներքև, երբեմն՝ թռիչքային բարձրանալով վերև։ 

Այս տասնյակում երեքը ծխախոտի արտադրության և ներմուծման ոլորտից են («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»,«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»), երկուսը՝ հանքարդյունաբերության (ԶՊՄԿ, «Գեոպրոմայնինգ գոլդ»), մեկը՝ կապի ոլորտից («ՄՏՍ Հայաստան»), երկուսը բենզինի շուկայի խոշոր խաղացողներ են («Սիփիէս Օիլ», «Ֆլեշի») և երկուսն էլ՝ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ոլորտից («Գազպրոմ Արմենիա», «ՀԷՑ»):

Հանրապետության խոշորագույն հարկատուն այսօրվա դրությամբ ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 26.3 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի մոտ 28.3 մլրդ դրամի դիմաց։ Այդպիսով, «Գրանդ տոբակո»-ի հարկերը նվազել են մոտ 2 մլրդ դրամով կամ 6.9%-ով։ 

Երկրորդ խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 3.2 մլրդ դրամով կամ 13.9%-ով։

Խոշորագույն հարկատուների առաջին եռյակն այս տարվա առաջին կիսամյակում եզրափակում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 21.6 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԶՊՄԿ-ի հարկերը կրճատվել են 7.9 մլրդ դրամով կամ 26.7%-ով։ Այս անկման պատճառով ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջատարի դիրքից նահանջել է երկու հորիզոնականով։ 

Հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտում գործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 12.8 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ ընկերության հարկերն ավելացել են 3.6 մլրդ դրամով կամ 39.9%-ով։

Խոշոր հարկատուների ցանկի հինգերորդ հորիզոնականում այս անգամ բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն է։ Վճարել է 9.7 մլրդ դրամի հարկեր՝ 88.9%-ով կամ 4.5 մլրդ դրամով ավելին, քան 2019 թվականի առաջին կիսամյակում։ 

Մյուս խոշոր հարկատուն կրկին ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊ ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 9.6 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 9.4 մլրդ դրամի դիմաց։ Հիշեցնենք, որ ինչպես «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, այնպես էլ «Գրանդ Տոբակո»-ն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգ»-ի կազմում են։

Յոթերորդ տեղում բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունն է՝ 8 մլրդ դրամի հարկերով։ «Ֆլեշի» հարկերն ավելացել են 410 մլն դրամով կամ 5.4%-ով։

Հաջորդում է ծխախոտի ներմուծմամբ և առևտրով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»  ՍՊԸ-ն՝ 6.9 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընկերության հարկերն աճել են 1.8 մլրդ դրամով կամ 34%-ով։

Այս տարվա առաջին կիսամյակի իններորդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է։ Վեց ամսում (2020 հունվար-հունիս) պետական բյուջե է վճարել 6.9 մլրդ դրամի հարկեր՝ 857 մլն դրամով կամ 11%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսներին։

Եվ, վերջապես, այս տարվա առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուների տասնյակը եզրափակում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Վիվա-ՄՏՍ)։ Ընկերությունը վճարել է մոտ 6.9 մլրդ դրամի հարկեր, որը 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ եռակի աճել է։ Այս թռիչքային աճը պայմանավորված է նախորդ տարվա հարկերի ցածր ցուցանիշով, որն էլ իր բացատրությունն ունի։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել են «ՄՏՍ Հայաստան»-ից, նախկինում ընկերությունը գերավճար է ունեցել, և 2019 թվականին հաշվանցում է կատարվել։ Այսինքն՝ ըստ ընկերության, նախկինում պարտավորություններից ավել գումար է վճարվել պետական բյուջե, որի հաշվին էլ 2019-ի հարկային պարտավորությունները նվազեցվել են։ 

Այս տարվա առաջին կիսամյակի 10 խոշորագույն հարկատուների վճարած հարկերի ծավալն ու դրանց փոփոխությունները մանրամասն ներկայացնում ենք ստորև բերված գրաֆիկում։ 

Բացի տոկոսներից, գրաֆիկում առկա մյուս թվերը կլորացված են։

Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 134.7 մլրդ դրամի հարկեր։ 2019 թվականի առաջին կիսամյակում առաջատար տասնյակից գոյացել էին 131.4 մլրդ դրամի հարկեր։ 

Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 680.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.6 %-ով կամ 33.1 մլրդ դրամով։

Ստացվում է, որ խոշոր հարկատուներն առաջին կիսամյակում ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 72%-ը։ Ընդ որում՝ ընդհանուր հարկային մուքերը փոքր-ինչ ավելի արագ են նվազել, քան առանձին խոշորների հարկերի անկումն է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter