HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեի հարկային եկամուտները 4.6%-ով նվազել են առաջին կիսամյակում. փոփոխություններն՝ ըստ հարկատեսակների

Տնտեսական անկմանը զուգահեռ պետական բյուջե մուտքագրվող հարկերը այս տարվա հունիսին շարունակել են նվազել, ընդ որում՝ ավելի մեծ տեմպով, քան նախորդ ամիսներին:

Այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե  հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 680.3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.6 %-ով կամ 33.1 մլրդ դրամով։

Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալները։ Ինչպես ցույց է տալիս այդ տվյալների վերլուծությունը, այս տարվա ապրիլից սկսած հարկերի անկում է գրանցվում։ Ամենամեծ նվազումը գրանցվել է հունիսին։ Համեմատել ենք նշված ամսվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա հետ։

2020  թվականի հունիսին հավաքագրվել է 96.6 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ամսվա 142.2 մլրդ դրամի դիմաց։ Այդպիսով, հունիսին հարկային եկամուտները նվազել են 45.6 մլրդ դրամով կամ 32 %-ով։

Նկատելի է, որ հարկերի անկման տեմպը գնալով արագանում է։

Համեմատության համար նշենք, որ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, անկումը կազմել է 9.1 %, մայիսին՝  20.8 %։

Ցուցանիշներն ու դինամիկան առավել մանրամասն ներկայացված են գրաֆիկում։ 

Հարկերի նվազման այս տեմպն անսպասելի չէ։ Այն պայմանավորված է նոր կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով բիզնեսի եկամուտների ու շրջանառության կորստով։ Այս միտումն այսօր գրանցվում է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում։ Որոշ երկրների հաջողվում է տնտեսական քաղաքականության արդյունքում մեղմել այս անկումը, որոշ երկրներ էլ, ինչպես Հայաստանը, առայժմ չեն հաջողում։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.9 %-ով նվազել է։ 

Չնայած հարկային եկամուտների ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ որոշ հարկատեսակների մասով աճ է գրանցվել, այդ թվում՝ եկամտային հարկի և ակցիզային հարկի։ Զգալի նվազում կա մաքսատուրքերի գծով։

Հայաստանի պետբյուջե մտնող հարկերի ամենախոշոր ուղղություններն են ավելացված արժեքի հարկն (ԱԱՀ) ու եկամտային հարկը։ Երրորդ խոշոր ուղղությունը շահութահարկն է։

Այս տարվա առաջին կիսամյակում ԱԱՀ-ի գծով բյուջե է հաշվեգրվել 213.3 մլրդ դրամ, որը կազմում է կիսամյակի ամբողջ հարկային եկամուտների 31 %-ը։ ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտները 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ 7.3 %-ով։

Միևնույն ժամանակ, եկամտային հարկի գծով որոշակի աճ է գրանցվել։ Հավաքագրվել է 207 մլրդ դրամ, որի տեսակարար կշիռը բյուջեի հարկային եկամուտների կիսամյակային ցուցանիշում 30 % է։ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ եկամտային հարկի գումարներն աճել են 2.4 %-ով։

Բյուջեի հարկային եկամուտների 14 %-ն ապահովվել է շահութահարկից՝ 97.3 մլրդ դրամ։ 2019-ի առաջին կիսամյակի համեմատ այն պակասել է 14.3 %-ով։

Ակցիզային հարկի գծով գոյացել է 52.6 մլրդ դրամ, որը 5.5 %-ով ավելացել է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ։

Մյուս հարկատեսակներն ավելի համեստ կշիռ ունեն բյուջեում։

Այս տարվա առաջին կիսամյակում մաքսատուրքերից գոյացել է 29.8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 26.8 %-ով։

29.1 մլրդ դրամ էլ ապահովվել է բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարի գծով, որը 18.3 %-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։

Առաջին կիսամյակում շրջանառության հարկի ծավալը կազմել է 14.7 մլրդ դրամ, աճը՝  10.7 %:

Սոցիալական վճարները կազմել են 10.8 մլրդ դրամ (աճը՝ 15.3 %):

Մնացածը այլ հարկային եկամուտներն են ու պետական տուրքը՝ 25.7 մլրդ դրամ։

Իսկ միասնական հաշվի մնացորդը կազմել է 19 մլրդ դրամ։

ՊԵԿ-ը նաև հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակում ավելացված արժեքի հարկի և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50.4 մլրդ դրամ գումար:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 206.2 մլրդ դրամով կամ 16.4 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter