HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երաշխավո՞ր, թե՞ ունեզուրկ. պատգամավորը երաշխավորության համակարգի փոփոխություններ է առաջարկում

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հեղինակած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որն ամբողջությամբ վերափոխում է երաշխավորության համակարգը:

Գործող օրենսդրությամբ ֆիզիկական անձանց դեպքում երաշխավորությունը կրում է համապարտ պարտավորություն: Սա նշանակում է, որ պարտատերը, տվյալ դեպքում բանկը կամ վարկային կազմակերպությունը, կարող է ինչպես հիմնական պարտապանից` վարկառուից պահանջել վարկային պարտավորությունների կատարում, այնպես էլ վերջինիս երաշխավորից: Այսինքն՝ վարկառուն և երաշխավորը հավասարապես պատասխանատվություն են կրում պարտավորությունների մարման հարցում։

Պատգամավորի նախաձեռնության էությունն այն է, որ երաշխավորությունը դառնա սուբսիդիար, այս պարագայում վարկային կազմակերպությունը պարտավորվում է պարտավորությունների կատարման համար նախ սպառել վարկառուի բոլոր միջոցները և միայն այն դեպքում, երբ վարկառուն որևէ այլ դրամական միջոց չունենա, այդ դեպքում պարտավորությունների կատարման համար դիմել երաշխավորին:

Հայաստանի բանկային համակարգում չկան որևէ վիճակագրական տվյալներ երաշխավորության համակարգի վերաբերյալ, թե տարեկան որքան նման պայմանագիր է կնքվում, դրանցից քանիսն են հիմնական վարկառուի փոխարեն ստիպված լինում կատարել վարկային պարտավորությունները, սակայն նույնիսկ փոքրիկ ֆեյսբուքյան հարցախույզը ցույց տվեց, որ տասն անձից չորսը տուժել են այս համակարգի պատճառով:

Նշենք նաև, որ գրեթե նմանատիպ նախաձեռնություն դեռևս տարիներ առաջ Կենտրոնական բանկն էր շրջանառության մեջ դրել։ ԿԲ-ի հիմնավորումն այն էր, որ երաշխավորների պաշտպանվածությունը չափազանց ցածր մակարդակի վրա է:

Երաշխավորը համավարկառու չէ, որ համապարտ պատասխանատվություն կրի

Նախագծի հեղինակ Արկադի Խաչատրյանի խոսքով` նպատակն այն է, որ ֆիզիկական անձանց երաշխավորության համապարտ պարտավորությունը դառնա սուբսիդիար, որպեսզի պարտավարությունների կատարման պահանջ ներկայացնելու հերթականությունը փոխվի: 

«Գործող օրենքով միաժամանակ, հիմնական պարտապանի հետ միասին կարող է պահանջ ներկայացվել նաև երաշխավորին, այս դեպքում դու պետք է սկզբից պահանջ ներկայացնես հիմնական պարտապանին, հետո նոր երաշխավորին: Սա միջազգային փորձով է ամրագրված, նաև արդարության որոշակի սկզբունք է, որովհետև երաշխավորը համավարկառու չէ, որ միաժամանակ նաև համապարտ պարտավորություն կրի»,- ասում է Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով` նախագծով փորձում են լուծում տալ այն խնդրին, որ մեկ դատական հայցով հնարավոր լինի պահանջ ներկայացնել և´ երաշխավորի, և' պարտապանի նկատմամբ, որպեսզի անհարկի ժամկետի երկարաձգման խնդիր չլինի:

«Մենք փորձում ենք հիմա լուծել այդ հարցը, նոր օրենքի նախագիծ ենք ներառում փաթեթում, որը թույլ կտա մեկ դատական հայցի միջոցով խնդիրները լուծել, նաև անցումային դրույթներով բավարար ժամանակ պիտի տրամադրենք ֆինանսական կազմակերպություններին, որպեսզի նոր ֆինանսական պրոդուկտներ մշակեն  այս անցումային փուլը հարթ անցնելու համար»,- ասաց նա:

Երաշխավորության համակարգի պատճառով տուժած քաղաքացիները, ըստ Արկադի Խաչատրյանի, բազմաթիվ են, թվերը աստղաբաշխական են հատկապես մարզերում, որտեղ մեծամասամբ գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են խմբային երաշխավորության հիման վրա:

Խաչատրյանը կարևորում է երաշխավորության ինստիտուտը, կարծում է, որ այն կարևոր  ապահովման միջոց է, սակայն այն համոզման է, որ անձը համապարտ երաշխավորություն կարող է տրամադրել իր ընտանիքի անդամին, իսկ իրավաբանական ընկերության դեպքում այն անձին, որի հետ կա փոխկապակցվածություն:

Երաշխավորության ինստիտուտի հիմնասյուները քանդվում են

Փաստաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ Գևորգ Գյոզալյանն այն կարծիքին է, որ այս կերպ փորձ է արվում օրենքը համապատասխանեցնել ներկա իրավիճակին:

«Վարկային կազմակերպությունների, բանկերի երաշխավորության պայմանագրերն օրինակ մարզերում լուրջ խնդիր են, որովհետև գյուղական համայնքներում, որպես կանոն, սա մեր փողոցն է մոտեցումն է: Ինչ փաստաթուղթ  տալիս էին, մարդիկ ստորագրում էին` առանց պատկերացում կազմելու, որ կարող են անգամ իրենց տնից զրկվել… Բազմաթիվ նման խնդիրներ կային, օրինակ Խաչիկ համայնքի խնդիրը, բայց սա ծայրահեղ միջոց է: Փոխանակ նման մարդկանց բացատրեն օրենքը, որ վերջիններս կարդան, թե ինչ փաստաթուղթ են ստորագրում, ըստ էության երաշխավորության ինստիտուտի հիմնասյուները քանդում են»,- ասում է Գյոզալյանը:

Գևորգ Գյոզալյանը, որպես քաղաքացիական իրավունքի մասնագետ, այն կարծիքին է, որ սա ինստիտուցիոնալ առումով հետընթաց է, և երաշխավորության ինստիտուտին մեծ հարված կարող է հասցվել: Որպես փաստաբան էլ հավելում է` առկա խնդիրը լուծելու համար միգուցե դրական լինի, և այս նախագիծը հնարավորություն ընձեռի նման երաշխավորության պայմանագրերը վիճարկելու:

«Մինչև բանկը դիմի հիմնական պարտապանին, վճարումների ծանուցում լինի, հետո հարկադիր կատարման, ԴԱՀԿ-ն ասի վարկառուն գումար չունի, այս ընթացքում երաշխավորը ցանկացած քայլ կարող է անել, կարող է ազատվել իր գույքից, և մեծ հաշվով էստեղ հավասարակշռություն չկա: Քաղաքացիաիրավական հարաբերությունները դիսպոզիտիվ հարաբերություններ են, կողմերը ցանկացած բան կարող են նախատեսել, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե պայմանագրի կողմերից մեկը անգրագետ է, եղբա´յր, մի´ փորձեք այդ անգրագիտությունն օրենքով փակել»,- ասում է Գևորգ Գյոզալյանը:

Ըստ նրա` պետք է քայլեր ձեռնարկել մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար, որպեսզի մարդիկ գիտակցեն փաստաթղթի իրավական հետևանքները, որի ներքո ստորագրում են: Իսկ այս նախագիծը, ըստ փաստաբանի, ընթացակարգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

«Կարծես թե պետությունը մուրճը վերցնի` ասի սրանից հետո էսպես է լինելու: Սա ի օգուտ է ֆիզիկական անձի, ինչը ինձ համար մեծ հաշվով լավ է, որովհետև վստահորդներիս մեծ մասը ֆիզիկական անձինք են, բայց խնդիրը եթե դիտարկում ենք տեսական մակարդակում, որպես տեսաբան չեմ կարող ասել, որ սա արդարացի է: Հավասարակշռությունը պահպանված չէ»,- նշեց նա: 

Գևորգ Գյոզալյանը նաև մտահգություն հայտնեց, որ այս փոփոխությունը կարող է հանգեցնել վարկերի տոկոսադրույքների բարձրացման: Նրա խոսքով` եթե գործող կարգավորման պայմաններում բարեխիղճ քաղաքացիները վարկը օրինակ կարող էին ձևակերպել տաս տոկոս տոկոսադրույքով, ապա փոփոխությունները կարող են հանգեցնել ընդհուպ մինչև 14% տոկոսադրույքի բարձրացման: Գյոզալյանի համոզմամբ` բանկերն ու վարկային կազմակերպությունները բոլոր ռիսկերը ներառելու են տոկոսադրույքում:

«Որպես փաստաբան եթե հարցին անդրադառնամ, կողջունեմ այս նախագիծը, ֆիզիկական անձանց խնդիրն այս կերպ լուծվում է, բայց  քաղաքացիական հարաբերություների մյուս սուբյեկտի` իրավաբանական անձի խնդիրը ո՞նց եք լուծում: Երբ տեսնում եմ ֆիզիկական անձի ակնհայտորեն շահեկան վիճակը և չեմ տեսնում բանկի նմանատիպ վիճակը, ապա տեսնում եմ դրա հետևանքը` տոկոսադրույքի բարձրացում: Եթե ամփոփեմ, ապա ֆիզիկական անձանց համար լավ նախագիծ է, բայց իրավաբանական կազմակերպությունների` բանկային համակարգի համար հավասարակշռությունը պահպանված չէ»,- ասաց նա:

Քաղաքացիները ստիպված են դառնում երաշխավոր

Չնայած խորհրդարանական քննարկումներն ու մասնագետների դիտարկումները հիմնականում այն թեզի շուրջ էին, որ քաղաքացիները մեծամասամբ տուժում են ֆինանսական գրագիտության պատճառով, և նրանք հիմնականում մարզերի բնակիչներն են, սակայն ֆեյսբուքյան մեր փոքրիկ հարցախույզը այլ պատկեր ցույց տվեց: Պարզվեց, որ երաշխավոր են դարձել և ֆինանսապես տուժել նաև բարձրագույն կրթությամբ անձինք: Նրանք շատ դեպքերում ունեցել են մտավախություն, որ վարկառուն կարող է վարկային պարտավորությունը չկատարել, սակայն մի դեպքում կարեկցանքից ելնելով, մեկ այլ դեպքում` պարտադրված համաձայնել են: Մեր զրուցակիցներից շատերը չցանկացան իրենց պատմությունները հանրայնացնել, սակայն պատմեցին, որ այդ երաշխավորությունները ընկերական, բարեկամական հարաբերությունները հանգեցրել են թշնամանքի: 

Մեր զրուցակից Բորիս Վարդանյանը հայտնեց, որ ազգակցի մոտ վեց միլիոն դրամ վարկային պարտավորությունները ուշ մարելու պատճառով այժմ այսպես կոչված սև ցուցակում է, և չի կարող որևէ վարկային պայմանագիր կնքել: Պատմում է, որ վարկը ձևակերպելիս վարկային մասնագետին խնդրել է իրեն ևս ծանուցել ուշացումների մասին, սակայն որևէ հաղորդագրություն չի ստացել: Եւ իր վարկային պայմանագիրը կնքելիս անակնկալի է եկել, իմանալով, որ սև ցուցակում է: Հետագայում, երբ փորձել է բանկից ճշտել, թե ինչու իրեն չեն ծանուցել ուշացումների մասին, բանկից պնդել են` դուք եք երաշխավորը, դուք էլ հետաքրքրվեիք վարկային պարտավորությունները կատարվում են, թե՝ ոչ:

Մեր մեկ այլ զրուցակից Տիգրան Թաթոսյանն էլ պարտադրված դարձել է իր ղեկավարի երաշխավորը: Ասում է, որ աշխատել է ռեստորաններից մեկում որպես բարմեն, և մի օր տնօրենը կանչել է իրեն վարկային կազմակերպություն` նույնիսկ առանց տեղեկացնելու, թե ինչ նպատակով: Թաթոսյանն էլ չի կարողացել մերժել, ստիպված համաձայնել է: Ասում է` իր աշխատելու ժամանակ ռեստորանի դրամարկղից վարկի վճարումները կատարել է, սակայն երբ տնօրենը երկրից մեկնել է, գործն էլ հասել` ԴԱՀԿ, ստիպված ինքն է մարել թանկարժեք հեռախոսի վարկը:

Նմանատիպ պատմությունները շատ են, և թերևս սա վկայում է այն մասին, որ այս համակարգը վերանայման կարիք ունի: Իսկ թե վերանայումն ինչպիսին կլինի, դա արդեն կորոշի օրենսդիրը հավանաբար գալիք նստաշրջանի ընթացքում:

Մեկնաբանություններ (3)

Սամվել
Շատ ճիշտ վորոշում է թո վաճառում քրեական պատասխանատվության ենթարկվի
Սամվել
Ես երաշխավոր եմ եղել որին բանկ սննկ է ճանաչել է սննկ տուժ տուգանք տռկռսներ ինձանից են պահանջում
Տաթև
Այո,այո , խնդրում եմ վերանայեք վերջապես էս դաժան օրենքը, դեպքերը շատ-շատ են, պատմություններն ու պատճառները նույնպես: Ես հիմա որպես երաշխավոր վճարում եմ վաղուց արդեն նախկին ամուսնուս վարկի համար իմ աշխատավարձի 50%-ի չափով, մի վարկ, որի 1դրամից անգամ տեղյակ չեմ եղել, որն ինձ ստիպելով ու հոգեբանական ճնշման ենթարկելով է ստիպել ստորագրել՝ հավատացնելով, որ տան գրավով ապահովագրված է, այնինչ՝ հետո պարզվեց, որ այդպես չէ: Հիմա ես լրիվ անպաշտպան եմ ու անզոր իմ հոգեկան ապրումների ու ֆինանսական էս վիճակի հետ, որը ոչ մի ձև փոխել չեմ կարողանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter