HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ռուստամ Բադասյան. «ՍԴ դատավորների թեկնածուները հնարավորինս ապաքաղաքական պետք է լինեն»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է` Կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների այնպիսի թեկնածուներ է առաջադրելու, որոնք հնարավորինս ապաքաղաքական լինեն:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը:

«Սահմանադրությամբ երկամսյա ժամկետ է սահմանված սահմանադրական մարմինների թեկնածուներ առաջադրելու համար, մոտ ապագայում կներկայացվեն թեկնածուները»,-ասաց Բադասյանը:

 Հիշեցնենք, որ հունիսի 22-ին խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվում են որպես ՍԴ նախագահ, իսկ ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվում են: ՍԴ վերոնշյալ դատավորները, սակայն, կասկածի տակ են առնում այս նախագծի իրավաչափությունը` ասելով, որ չի կարող Սահմանադրությունը փոխվել առանց ՍԴ եզրակացության:

Այսօր ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ստորագրել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որը Հանրապետության նախագահը հրաժարվել էր ստորագրել: Այս փոփոխությունները վերաբերում էին արդեն պաշտոնանկ եղած ՍԴ դատավորների կենսաթոշակին եւ ապահովվածության խնդրին, ինչպես նաև փոխվում էր ՍԴ դատավորների առաջադրման հերթականությունը:

Փոփոխությամբ առաջինը առաջադրում կատարելու իրավասությունը վերապահվել է Կառավարությանը:

«Այդ օրենքի ուժ մեջ մտնելը նշանակում է, որ արդեն նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքը կապահովվի օրենքով սահմանված կարգով»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ այժմ ՍԴ-ն չի կարողանում քվորում ապահովել և նիստեր գումարել, արդյոք չի՞ ստացվում, որ հիմա է բարձր դատարանը հայտնվել ճգնաժամում, Ռուստամ Բադասյանն արձագանքեց. «Եկեք հաշվի առնենք` ինչի է ՍԴ-ն այս վիճակում, որովհետև  երկու դատավոր գնացել է արձակուրդ, արձակուրդ չգնալու պարագայում հնարավոր էր քվորում ապահովել: Հետևաբար, Սահմանադրության փոխության հետևանքով չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով»:

Նախարարը վստահեցրեց, որ թափուր մնացած տեղերի համար առաջիկայում առաջադրումներ կլինեն իրավասու կառույցների կողմից, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը խորհրդարանին կներկայացնի թեկնածուների վերաբերյալ բարեվարքության ստուգման գործիքակազմ:

Ըստ նախարարի` թեկնածուի ընտրությունն այժմ քննարկվում է Կառավարությունում, որի մասին պարզ կլինի կառավարության առաջիկա նիստերից մեկում:

«Կան ձևավորված սկզբունքներ, թե ինչ ճանապարհով պետք է ձևավորումը տեղի ունենա, թեկնածուները պետք է հնարավորինս ապաքաղաքական անձինք լինեն և այնպիսի անձինք, ովքեր կարող են ապահովել դատական համակարգի անկախությունը: Այս սկզբունքով պետք է առաջնորդվենք»,-ասաց Արդարադատության նախարարը: Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ Սահմանադրության փոփոխությունից արդեն մեկ ամիս է անցել, հետևաբար շատ ժամանակ չի մնացել ՍԴ-ի թափուր մնացած տեղերի առաջադրումների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter