HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ԱԱԾ-ում քննվում է քրեական գործ, որում առկա մանկապարտեզի շենքը վաճառվում է

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի դրվագներից մեկում առկա մանկապարտեզի շենքը վաճառքի է հանվել, որի մասին նախաքննական մարմինն անտեղյակ է։ Բացի այդ «Հետք»-ին հայտնի են դարձել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող նոր հանգամանքներ։

«Հետք»-ը 2019 թ-ի ապրիլին գրել էր, որ «27 մանկապարտեզ է փակվել Մալաթիայում, Դավթաշենում և Աջափնյակում»: Այդ ցանկում էր նախկինում Ֆիզիկայի ինստիտուտին պատկանող մանկապարտեզի շենքը, որը դարձել էր ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մերձավոր Վարշամ Ղարիբյանին (հայտնի է Շանթի Յուրա անունով) պատկանող ընկերության սեփականությունը։

Հունիսի 17-ին «list.am» կայքում տեղադրվել է մանկապարտեզը վաճառելու մասին հայտարարություն։ Հրապարակված լուսանկարներից երևում է, որ վաճառվող գույքը Ֆիզիկայի ինստիտուտին նախկինում պատկանած մանկապարտեզի շենքն է՝ իր հողակտորով։ «Վաճառվում է հող, մեջը շինությունով, գտնվում է Ֆիզիկայի ինստիտուտի մոտ, Հրազդան ձորի մոտ, գինը՝ պայմանագրային»,- ասված է վաճառքի հայտարարության մեջ, իսկ գույքի մակերես նշված է 5500 քմ։

Ըստ գլխավոր դատախազության՝ մանկապարտեզների փակման և շենքերի վաճառքի մասին մեր հրապարակումների հիման վրա հարուցված քրեական գործը քննվում է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում։ Գրավոր հարցմամբ դիմեցինք ԱԱԾ-ին, հայտնեցինք, որ քրեական գործով անցնող մանկապարտեզի շենքը վաճառքի է հանվել և խնդրեցինք պատասխանել հետևյալ հարցերին․ «ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ուսումնասիրվե՞լ կամ ուսումնասիրվո՞ւմ է Ալիխանյան եղբայրների փողոցի մանկապարտեզի օտարման գործարքի օրինականությունը։ Եթե ուսումնասիրվում է, արդյոք ագելանք կա՞ դրված գույքի վրա։ Եվ եթե արգելանք է դրված, ինչպե՞ս է վաճառքի հանվել գույքը»։

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Հ․ Մանուկյանը, չպատասխանելով մեր հարցերին, պատասխան նամակով հայտնել է․ «Ձեր դիմումը կցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող թիվ 58208919 քրեական գործին՝ դրանում նշված հանգամանքների շուրջ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով»։ ԱԱԾ-ի այս պատասխանից պարզ է դառնում, որ քրեական գործով անցնող գույքի վրա արգելանք դրված չէ։

     Նոր հանգամանքներ․ պետությունը 198 միլիոն դրամի վնաս է կրել

Բացի մանկապարտեզի շենքը վաճառքի հանելուց՝ պարզել ենք նաեւ, որ հիշյալ գույքը 2005 թ․-ին Կառավարության կողմից 152 միլիոն դրամով վաճառելու որոշմանը նախորդել են էական նշանակություն ունեցող գործընթացներ։ «27 մանկապարտեզ է փակվել Մալաթիայում, Դավթաշենում և Աջափնյակում» վերնագրով հետաքննությունում գրել էինք, որ Կառավարությունը 2004 թ․-ին որոշել է մանկապարտեզն աճուրդով վաճառել, սակայն մեկ տարի անց այն վաճառել է առանց աճուրդի՝ 152 միլիոն դրամով։ Պարզվում է, որ աճուրդի ընթացքում Վարշամ Ղարիբյանից բացի գույքը գնել ցանկացող այլ անձ է եղել։ 2004 թ․-ին տեղի ունեցած աճուրդում գույքի լոտի գինը հասել է 350 միլիոն դրամի, և այդ անձը մրցակցությունից դուրս է մնացել։ Այդ ամենից հետո պետք է աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքվեր գույքը 350 միլիոն դրամով վաճառելու մասին պայմանագիր, բայց իրադարձություններն այլ ընթացք են ունեցել։ Պարտված մասնակցին մրցակցությունից հանելուց հետո հաղթող ճանաչված անձը չի վճարել լոտի գինը, աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել։ Դրանից հետո, կրկին աճուրդ կազմակերպելու փոխարեն՝ Կառավարությունը որոշել է մանկապարտեզի շենքը վաճառել Վարշամ Ղարիբյանին պատկանող «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ին ընդամենը 152 միլիոն դրամով։

Վերը նկարագրված փաստական հանգամանքները հաստատվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ ունեցած գրավոր հարցուպատասխանով։

Կոմիտեի նախագահին հարցրել էինք՝ մանկապարտեզի շենքը վաճառելու համար քա՞նի անգամ է աճուրդ կազմակերպվել, ովքե՞ր են մասնակցել դրան, ո՞վ է հաղթել, ի՞նչ գնով, և ինչո՞ւ հաղթողի հետ առք ու վաճառքի պայմանագիր չի կնքվել։ Այս հարցերին պատասխանելով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը չի հայտնել մասնակիցների և հաղթողի վերաբերյալ տեղեկություն՝ դա համարելով անձնական տվյալ։

Ըստ Կոմիտեի նախագահի հայտնած տվյալների՝ «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի սեփականությունը հանդիսացող 1363․4 քմ  տարածք զբաղեցնող մսուր–մանկապարտեզային համալիրը վաճառելու նպատակով 2004 թ․-ին հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել է 1 դասական աճուրդ։ «Տվյալ լոտը վաճառվել է 350 միլիոն դրամով, սակայն հաղթող ճանաչված մասնակիցը հրաժարվել է սահմանված ժամկետում կատարել վճարումները, այդ իսկ պատճառով նրա հետ չի կնքվել առք ու վաճառքի պայմանագիր»,- պատասխանել է Նարեկ Բաբայանը։ 

Մենք լրացուցիչ հարցմամբ կրկին դիմեցինք Կոմիտեի նախագահին՝ նշելով, որ աճուրդի մասնակիցների անունները և հաղթող ճանաչվածի անունը չեն կարող դիտվել որպես անձնական տվյալ, սակայն կրկին մերժում ստացանք։ Իրավական ծավալուն վերլուծությամբ Նարեկ Բաբայանը կրկին պնդել է, որ չեն կարող տրամադրել աճուրդում հաղթող ճանաչված կազմակերպության տվյալը․ դրանք տրամադրելու իրավունք չունեն։ Այդուհանդերձ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պատրաստվում է գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու ուղղությամբ համապատասխան ենթաօրենսդրական ակտում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ հանդես գալ։

Մեկնաբանություններ (1)

aram
in most civilized (or simi civilized) countries there is no impediment in discovering the owner of a real estate. After all, in an open (hopefully fair ) market real estate property is bought and sold freely and transparently..And, if Armenia is one of those above mentioned countries what is the legal excuse or justification for not having property ownership a transparent and accessible knowledge for all?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter