HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ի երեկոյան խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է և կոչ արել բոլոր ամերիկացիներին կրել դիմակներ։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ «Անկախ այն հանգամանքից ձեզ դուր են գալիս դիմակները, թե ոչ, դրանցից օգուտ կա, օգուտ կլինի և մեզ հիմա անհրաժեշտ են գոյություն ունեցող բոլոր միջոցները»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Լրագրողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս անգամ կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի ելույթը, հավանաբար, նախապես մտածված է եղել, քանի որ ԱՄՆ նախագահը եղել է առավել զուսպ և գրեթե չի դիմել իմպրովիզների։

Կորոնավիրուսի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ամենօրյա ճեպազրույցները դադարել էին ապրիլին այն ժամանակ, երբ Թրամփը ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, հավանաբար, կարող են օգնել մաքրող միջոցների ներարկումները մարդու օրգանիզմ։ Այդ խոսքերը կտրուկ քննադատվել էին բժիշկների կողմից։

Հուլիսի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Թրամփը դիմակների կրումն անվանել է հայրենասիրության դրսևորում։ Չնայած դրան, մամլո ասուլիսի ժամանակ նա գրպանից հանել է դիմակը և այդպես էլ չի դրել։ Թրամփի տոնայնության փոփոխությունը խոսում է այն մասին, որ վերջինս ընդունել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի վտանգի լրջությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը հայտարարում էր, որ կորոնավիրուսը ուր որ է կկորչի։ 

Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Չինաստանի հաքերները փորձում են ստանալ կորոնավիրուսի պատվաստանյութը։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու տղամարդու, որոնք գործել են չինական հատուկ ծառայությունների օգտին և փորձել տեղեկատվություն ստանալ ամերիկյան այն ընկերություններից, որոնք ուսումնասիրում են COVID-19-ը։ Չինաստանը մշակում է սեփական պատվաստանյութը, որն արդեն իսկ հասանելի է պետական որոշ գործիչների, չնայած կլինիկական փորձարկումները դեռ չեն ավարտվել։

Զուգահեռանար Առողջապահության համաամերիկյան կազմակերպությունը զգուշացրել է, որ թե Հյուսիսային և թե Հարավային Ամերիկաներում դեռևս չկան համավարակի տարածման կրճատման նախանշաններ։ Կազմակերպության տնօրեն Կարիսա Էթյենը նշել է, որ բնակչության շրջանում քրոնիկ հիվանդությունների և կորոնավիրուսի տարածման մակարդակի պատճառով, ամերիկյան աշխարհամասի բնակչության մոտ մեկ երրորդը՝ մոտավորապես 300 մլն մարդ, Covid-19-ի արդյունքում առաջացած բարդությունների զարգացման բարձր ռիսկի խմբում է գտնվում։ Էթյենը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի մոտ 900 000 նոր դեպք, իսկ նույն ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է շուրջ 22 000-ով, որոնց մեծ մասը գրանցվել են Բրազիլիայում, Մեքսիկայում և ԱՄՆ-ում։

Լուսանկարը՝ Evan Vucci/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter