HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը

Կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) թափուր տեղի համար առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վերջինս իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆալուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

Որոշումը տեղադրված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Ավետիսյանը աշխատել է նաև գլխավոր դատախազությունում, 2015 թվականից գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է: Վերջինիս կուսակցական պատկանելության մասին ոչինչ գրված չէ կենսագրականում: Զինապարտ է, արդարադատության առաջին դասի խորհրդական:

Այս որոշումն ընդունվելուց հետո հարցը պետք է քննարկվի խորհրդարանում, և օրենսդիրներն էլ փակ-գաղտնի քվեարկությամբ կատարելու են իրենց ընտրությունը: Ըստ Սահմանադրության` ՍԴ անդամների թափուր տեղի համար իրավասու մարմինները երկամսյա ժամկետում առաջադրումներ պետք է անեն:

Հիշեցնենք, որ խորհրդարանը ՍԴ-ի մասին և ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է կատարել, ինչը հնարավորություն է տալիս ՍԴ թեկնածու ընտրել նաև արտահերթ նիստերին: Հետևաբար առաջիկա օրերին արտահերթ նստաշրջանով այս հարցը կքննարկվի:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար հաջորդ առաջադրումը պետք է կատարի Հանրապետության նախագահը, ապա` դատավորների խորհուրդը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրությունում փոփոխություն է կատարել, ըստ որի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները որպես նախագահ դադարել են, իսկ ՍԴ անդամ-դատավորներ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը չեն պաշտոնավարում: Փոփոխությունների էությունն այն էր, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում էր ավարտված, և պաշտոնավարումը դադարում էր: Նույն կերպ դադարում էր մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի լիազորությունները: Վերոնշյալ անձինք, սակայն, այդ փոփոխության իրավաչափությունը չեն ընդունում` պնդելով, որ Սահմանադրությունը չի կարող փոխվել առանց Սահմանադրական դատարանի մասնագիտական եզրակացության: Այս փոփոխություններից հետո Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը արձակուրդում են, ինչն էլ պատճառ է դարձել, որ բարձր դատարանը քվորում չունենա և չկարողանա նիստեր գումարել:

Լուսանկարը՝ Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter