HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Սիմոնյան. «Որոնումներ»

սկիզբը                                                                  (Հատվածներ անտիպ տեքստից)

Փետրվարյան այդ օրն արտաքուստ բազմաթիվ այլ հետցուցահանդեսային օրերից էր, որը մտաբերելիս ասես լսում էր իրենց անհոգ ու ջերմ շաղակրատանքը Լևոն Գրաչևիչի մոտ: Ներկայացնում էին ցուցադրված գործերն ու նաև՝ զրուցում զուգագուլպաներով մերկ կնոջ հետ պառկելու գեղագիտության, Կիլիկիայի Լևոն թագավորին՝ Խուան I-ի կողմից ընծայված Մադրիդ քաղաքի, սեռական հեղափոխության երևույթի, երբ առավոտյան ֆրանսիացի մայրը տասնվեցամյա դստերը հիշեցնում է հակաբեղմնավորման հաբ ընդունելու՝ ատամները խոզանակելու չափ սովորական, գործողության մասին, հիշում Վահրամ Փափազյանի՝ հայրենի Պոլիս վերադարձի ինքնատիպ մինի բեմականացումը, որը երջանկության ակնկալիքով լուսավորել էր Հրաչյա Ներսիսյանի վերջին օրերը:

Օրը բացառիկ էր դարձնում «Johnnie Walker»-ի հազվագյուտ «Blue Label» վիսկին, որով օծում էին իրենց զրույցը, և որն Էդմոնին էր նվիրել նրա ամերիկահայ ընկերը Բոստոնից: Լուռ պայմանավորվածությամբ՝ իրենք «Rive Droite»-ի համար էին խնայում էստեղ էնտեղից ձեռք բերած բոլոր հազվագյուտ խմիչքները, որ այնուհետ վայելեն հեթանոսական ծիսակարգ հիշեցնող արարողակարգում: Այստեղ նվազագույն կարևորություն ուներ ինքնին խմելու գործողությունը, փոխարենը՝ մեծարվում էր ըմպելու ծեսը՝ «նախաըմպումը» կամ «prologue»-ը: Լևոն Գրաչևիչը «գիտական» մանրակրկիտ հետազոտության էր ենթարկում պիտակի յուրաքանչյուր տառը, թիվը, դրոշմը, որոնք ինչ-որ մոռացված պատում կամ թորման գաղտնիքներ էին բացահայտում, իսկ հաճախ՝ աներևույթ թելերով կապվում բոլշևիկյան հեղափոխության կամ ֆրանսիական արքունիքի «լոգանքային քաղաքականության հետ»:

Ս.-ն այս պահին էլ թեթև գլխապտույտ էր զգում՝ դեռ չբացված շշի արբեցնող բուրմունքով հագեցած սենյակի հիշողություններից: Գուցե այստե՞ղ էր սկիզբ առել իր անբուժելի կախվածությունը Անկարելիից. որոշարկված ձև չունենալով՝ այն գայթակղում էր իրեն դեռ չհամտեսած վիսկիի համի նոտաների, դեռ չարտաբերված զուտ բառի, չտրորված ճամփաների, լռության զրնգոցի ու գիշերների միջոցով, որ մերը չեն ու ստիպում են քո ոտնահետքերը փնտրել քաղաքում, ուր երբեք չես եղել: Շշի ձևը, ապակու թափանցիկության և լույսի բեկման գործակիցները, իսկ ամենակարևորը՝ տուփի, պիտակների մակագրություններն ինքնին կարևորվելով՝ այսպես կոչված parergon-ի իմաստ էին ստանում, միտվում լցնելու բացը՝  փոխարկելու խմելու կենցաղային գործողությունը՝ ծիսակարգի, սովորական խմիչքը՝ աստվածային  ըմպելիքի:

-Ո՞րն էր 1917 թվի բոլշևիկյան հեղափոխության պատճառը:

-Սոցիալ-տնտեսական խնդիրների սրումը:

-Սուբլիմացիան, բարեկա՛մս, Կրուպսկայայի հետ պառկելու անհնարինությունն էր, որ ստիպեց Իլյիչին հեղափոխություն անել:

Բնորոշումներից, «իզմերից» անդին՝ այստեղ parergon-ի, տեքստուալ դեկոնստրուկցիայի մեթոդները ոչ թե զուտ գրքային տեսություն էին, այլ՝ ապրելակերպ, անձնական փորձառություն:

Հետագայում իր վայելած՝ աշխարհի լավագույն վիսկիներից և ոչ մեկը չունեցավ դեռ չբացված շշի բուրմունքը, աշխարհի լավագույն համալսարանների դասընթացներից և ոչ մեկը չհավասարվեց լևոններսեսյանակա՛ն դասընթացին:

Հետագայում…, իսկ փետրվարյան այդ պահին՝ իր լիության մեջ, ինքն անտեղյակ էր դրանից, ու իր լիությունը տեղ չէր թողնում Էմմայի համար, և Ս.-ն զրույցի ու ըմպելու արանքում հարևանցի արձանագրում էր իրեն դեռ անծանոթ աղջիկների անսպասելի ներկայությունը՝ Իգլեսիասի «…vous les femmes» երգի և «ընկեր Ներսիսյան» բառերի արանքում:

-Չէ, ես ուզում եմ պարել էն մյուսի հետ, ի՛նքն ա սիրուն,- Էդմոնի պարի հրավերին և Լևոն Գրաչևիչի առարկությանը, թե չպետք է մերժել գեղեցիկ տղամարդու հրավերը, հակադարձեց Էմման:

Միայն իրեն ուղղված սպասողական հայացքներից հետո Ս.-ն ուշացումով հասկացավ, որ էն մյուսն ինքն է: Միակ սենյակում, որը միաժամանակ հյուրա- և ննջասենյակ, իսկ առավելապես՝ գրադարան էր, պարելը աբսուրդի թատրոնից էր, ու Էդմոնի հրավերը՝ Էմմայի հետ մտերմանալու բացահայտ փորձ: Իսկ Էմմայի հակադարձումն ու իր ակնկալվող համաձայնությու՞նը: Ս.-ն բոլորովին հակված չէր արձագանքելու մտերմանալու նրա կոչին: Արվեստանոցի, կամ ինչպես ինքն էր անհավակնոտ կոչում՝ «արհեստանոցի», ցուցահանդեսների, ընկերների ու ընտանիքի միջև ժամանակը հազիվ բավականացնում էր Մարիի հետ հանդիպումների համար: Հազվադեպ ունենում էր նաև հախուռն, հեշտ ու կարճատև «ռոմանսներ», բայց տասնամյա տղայի մարմնով ու սանրվածքով այս աղջնակն իր ճաշակով չէր: «Պարելու» գաղափարն էլ անհեթեթ էր: Ս.-ն անթաքույց դժկամությամբ՝ միայն կոպիտ չվարվելու համար, տանգոյի դիրք ընդունեց՝ հեռանալու պատրվակ փնտրելով և մտքում հայհոյելով Էդմոնին, ով պարելիս համբուրվում էր Կարինեի հետ: Ինքը սովորաբար կամովին չէր հեռանում «Rive Droite»-ից, այլ սպասում էր ներսիսյանական հայտնի ազդանշաններից մեկին՝ երեքուկե՛ս, հինգուկե՛ս, յոթուկե՛ս, իսկ եթե բախտդ բերեց՝ տասնմեկուկե՛ս րոպեից հեռանալու: Ազդանշանն ուշանում էր: Ս.-ն ուզում էր փախչել-հեռանալ այս անակնկալ աղետից՝ իրեն ակամայից հեղեղող քնքշությունից, ազատվել անվերապահ, առանց սեթևեթելու իրեն հանձնված անծանոթ աղջնակից ու կանգնեցնել իրենց մարմինների սահմանների տարերային տարրալուծումը:

Չէր հիշում՝ ինչ պատրվակ հորինեց, բայց հիշում էր, որ երբ դուրս եկավ երկինքը մուգ կապույտ պտտահողմի մեջ առավ իրեն, ու Ս.-ն հանձնվեց իրեն պարուրող կապույտին ու իր ներսում զրնգացող աստղերի արծաթին: Հիշում էր, որ երկինքը երբեք էնպիսի խոր կապույտ չէր եղել, որքան այդ գիշեր ու ձյան փաթիլների հետ թափվող լռությունը՝ էնքան սարսռուն:

Իր բոլոր անցած ու բոլոր գալիք Երևաններն այս գիշերում են ամփոփված. լուռ ու աղաղակող, մութ ու արևոտ, հեռավոր ու մոտ, մեղավոր ու երանելի… անքակտելի:

*

Էն գիշերում թողեց իր հուշերի լուսավոր Երևանը: Էն գիշերի աստղափայլ լիությունը փոխարկվեց անվերջ ու անանուն դատարկության:

Բայց մինչ պաստելային գույներն ի սպառ կխամրեին մոխրագույնի ամենակուլ ստվերներից, ու երևանյան բակերի անհոգ զրույցները կոպտորեն կընդհատվեին երևանցիների հետ մեծացած ու այժմ դավաճանաբար գլխատվող ծառերի խեղդված փղձկումից, քաղաքը ցնծում էր:

Երևանցիները՝ աշակերտներ, ուսանողներ, ֆիզիկոսներ, բանվորներ, թոշակառուներ … և իհարկե իրենք՝ Երևանի բոհեմը, հաղթանակող ոգևորությամբ միավորվել էին Օպերայի բակում՝ հանուն՝ «անկախության, ազատության, հանուն՝ Ղարաբաղի միացման Հայաստանին»: Խորհրդային կայսրության դեմ տարիներով կուտակված ցասման, թե՞ «հզոր տերությունների» աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունք էր. ինչևէ, քաղաքի անհոգ ձայները կուլ գնացին ասես մի կոկորդից թնդացող վանկարկումներին՝ «Մի՛-ա՛-ցու՛մ»: Իրենք հավատում էին, որ արդար են, ու միասնական հավատի էներգետիկ հզոր դաշտը սփռվում էր Երևանով մեկ:

Գիշերային երթի ընթացքում տոնը շարունակվում էր: Ասես ոչ թե քայլում, այլ թռչում էին իրենց աներևույթ թևերով, որոնց մասին միշտ երազել էին՝ առանց հավատալու, որ երբևէ կերպավորում կստանան: Դեռ երեկ իրենց բնորոշող ու հողին գամող մարդկային գործոնն անվավեր էր այլևս: Ազատության վերացական գաղափարի և իրենց արտաբերած «ազատություն» բառի միջև անջրպետն անհետացել էր: Ս.-ն ունեցել էր «մարդկային գործոնի»  անդրանցման հպանցիկ պահեր ստեղծագործելիս, երբ մենակ էր: Սա ներքին, զուտ անձնական փորձառություն էր, որ ինքը երբեք չէր բարձրաձայնում՝ երկյուղելով, որ կաներևութանա իսպառ: Ի զարմանս իրեն՝ այս անգամ այն իրենից դուրս էր՝ հրապարակավ (նույնիսկ՝ հասցե ուներ՝ «Ազատության հրապարակ»), ու հանրային փորձառություն էր: Իր սեփական եսն ավելորդ էր դարձել ասես: Ս.-ն փորձում էր խլացնել իր ձայնը՝ միահյուսելով այն քաղաքով մեկ ծավալվող ներդաշնակ սիմֆոնիային: Լուսինը ճաքում էր պայծառությունից, և իրենց խենթ ու խելառ երգերը ջերմացնում էին երևանյան ցուրտ փողոցներն ու ամայի ծառուղիները: Հիվանդանոցների մոտով անցնելիս՝ հոգատար լռում էին, համոզված, որ անգամ ծանր հիվանդները չեն մահանալու այս գիշեր:

Ութսունութին գարունը Երևանում փետրվարին եկավ: Եկավ՝ իրենց շնչերով ջերմացած փետրվարյան արևով ու մոգությամբ վերադարձված ծիծեռնակներով: Եկավ, ու երևանցիները կրնկակոխ բացեցին իրենց դռները, որովհետև իրենք մեկ էին, ու Երևանում ոչ մի գողություն չգրանցվեց: Եկավ՝ Թումանյանի արձանի ձախ ոտքի ուղղությամբ՝ Էմմայի հետ իր հանդիպումներով ու անծանոթ, բայց արդեն հարազատ դարձած տատիկների տաք, անուշաբույր կարկանդակներով, որոնցով կերակրում էին իրենց՝ Օպերայի աստիճաններին գիշերողներին:

Իրենք Նորքի անտառ ունեին, Գիտությունների ակադեմիա՝ Վիկտոր Համբարձումյանի՛ մակարդակի, Պետական համալսարան ու Նկարիչների միության Կոպեյկա սրճարան, որոնք մրցակցում էին Լևոն Ներսիսյանի խոսքն ունկնդրելու համար: Իրենք քաղաքացինե՛րն էին պետության, որ անգամ միջակ նկարչից գործ էր գնում՝ թեկուզ նկուղում պահեստավորելու համար, հասկանալով, որ նրա ստեղծագործական էներգիան նույնքան կարևոր է երկրի համար, որքան զարգացած տնտեսությունը:

Այսպիսի՛ն էր ութսունութի հանրահավաքների թիկունքը, և դրանց ոգին այդ էներգիայով էր սնվում:

Աստղիկ Սիմոնյան

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter