HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայաստանի պետական սահմանը հատելու, թմրամիջոցի մաքսանենգության գործով անցնող Իրանի քաղաքացին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը

Հայաստանի պետական սահմանը հատելու, թմրանյութի ապօրինի շրջանառության, մաքսանենգության գործով անցնող Իրանի քաղաքացին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանն, ով ներկայացնում է տվյալ քաղաքացու՝ Ֆարշիդ Աբասի Նազիմիի շահերը։

Ոստիկանությունը հայտնել էր, որ հուլիսի սկզբին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի հատելու են Հայաստանի պետական սահմանը՝ բերելով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց։ Դրանից հետո իրավապահները մեկնել են Սյունիքի մարզ, հուլիսի 10-ի երեկոյան դարանակալել այն հատվածում, որտեղից, ըստ օպերատիվ տվյալների, պետք է հատեին Հայաստանի պետական սահմանը։ Որոշ ժամանակ անց նկատել են զինվորական համազգեստով, ուսապարկով մի տղամարդու, որը անտառից Սյունիքի մարզի Սրաշեն գյուղ գնալիս է եղել։ Ոստիկանությունը հայտնում է, որ տվյալ տղամարդը եղել է զինված, և հատուկ նշանակության վարչության ծառայողները նրան վնասազերծել ու զինաթափել են անտառից դուրս գալուն պես։ Տղամարդը, պետական սահմանը ապօրինի հատելու և թմրամիջոց տեղափոխելու կասկածանքով, բերման է  ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ նա  դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։ Ոստիկանությունը հայտնում է, որ 24-ամյա տղամարդու ուսապարկից հայտնաբերվել է 4 կգ 865 գրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։ Զննելով տղամարդու անցած տարածքը՝ ոստիկաններն անտառում հայտնաբերել են նաև մեկ այլ ուսապարկ, որի մեջ եղել է ջուր, սննդամթերք, զինվորական համազգեստ, դիմակ, գլխարկ և բջջային հեռախոս։

Պաշտպան Ավետիսյանը գործի վերաբերյալ այլ հանգամանքներ չի հայտնում։ «Հետք»-ին, այնուամենայնիվ,  որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ֆարշիդ Նազիմիի ցուցմունքից։

Վերջինս  ձերբակալվելուց  հետո Սյունիքի քննչական բաժնում որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ տվել է ինքնախոստովանական  ցուցմունք, պատմել,  որ 2020 թվականի  հուլիսի 9-ին ընկերոջ՝ Փաշա Շահքոլիզադի հետ իր բնակավայրից՝ Իրանի Խուդափերինի մարզի Ուզան գյուղից 15 մլն․ թուման գումարի դիմաց, ապօրինի հատելով ՀՀ սահմանը մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք, իրենց հետ իրացնելու նպատակով Հայաստան  են ներկրել առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրամիջոց, որը պետք է իրացման նպատակով Կապանից Ծավ գյուղ տանող  ճանապարհի 27-րդ կմ հատվածում  փոխանցեին չպարզված անձին։ Ֆաշիդ Աբասի Նազիմին հայտնել է նաև, որ հուլիսի 10-ին, երբ հայտնաբերվել  են իրավապահ մարմինների կողմից, ընկերը՝ Փաշա Շահքոլիզադեն, դիմել է փախուստի։

Ֆաշիդ Աբասի Նազիմին այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափով թմրանյութ փոխադրելուն օժանդակելը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգությունը, և Հայաստանի պետական սահմանը հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ։

Նշենք, որ այսօր քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև Քննչական կոմիտեն, որտեղ քննվում է գործը։ Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության՝ քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը: Այս պահին արդեն պարզվել է թմրամիջոց իրացրած, ձեռք բերած անձանցից 21-ի ինքնությունը, կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ և ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:

Քննությամբ, ըստ հաղորդագրության, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում հիշյալ հանցավոր շղթայում ընդգրկված առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» և 102 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

Նշված 21 անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կազմակերպելը)  268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի)։ 21  անձանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը,14 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն, իսկ 2-ը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Մեկնաբանություններ (1)

john
as we see, there are different possibilities to attack a country ; not only by iron- but also by chemical weapons in order to neutralize the --mostly young labil -- armenians and weaken them so much until being no longger able to work nor build up and DEFEND their country . Watch to whom it profits ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter