HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծպտված պատերազմ

«Երեխաների համար աշխարհը ճանաչելը սկսվում է շրջապատից։ Նրանք զարմանալի հատկություն ունեն ամեն տեղ մտնելու, գտածը վերցնելու, ուսումնասիրելու։ Երեխաները նույնիսկ վտանգը զգալու դեպքում շարունակում են քանդել, փորփրել: Պայթյունից հետո, եթե ողջ են մնում, ապա, որպես կանոն, կորցնում են տեսողությունը, վնասում դեմքը, ձեռքերն ու ոտքերը»,- ասում է լուսանկարիչ Գերման Ավագյանը, ով Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում անվերահսկելի ռազմամթերքից տուժած հիսուն երեխայի է լուսանկարել ու արդեն քանի տարի փորձում է մի գիրք հրատարակել, որն ուսումնական ձեռնարկ կդառնա դպրոցականների համար։

Նա ուզում է ներկայացնել զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետեւանքները՝ լուսանկարներով եւ տուժած երեխաների անձնական պատմություններով։ Առայժմ չի հաջողվում հրատարակել այդ գիրքը, եւ ականադաշտերի ու մոտակա բնակավայրերի ապրողների միջեւ միակ սահմանը շարունակում են մնալ «Զգուշացեք ականներից» մակագրությամբ ցուցանակները։

Հադրութ գնալուց առաջ Գերմանին հարցնում եմ, թե ի՞նչ դեպքեր են եղել Ղարաբաղի այդ շրջանում։ Միանգամից հիշում է Էռնեստ Զալյանին՝ իննամյա մի տղա, ով մահացու վնասվածք էր ստացել «լյագուշկա» կոչվող հետեւակային ականի հետ անզգույշ վարվելուց։ Հետո հիշեցնում է լուսանկարը՝ Էռնեստի քույրերը ցույց են տալիս իրենց զոհված եղբոր վերջին նկարը։ Էռնեստի քույրը՝ Լիլիթը, ով եղբոր կողքին է եղել, վիրավորվել է։ Նա հիմա գլխի մեջ ականի բեկոր ունի եւ թույլ տեսողություն:

Գնում եմ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ, հարցուփորձով գտնում Զալյանների տունը, որտեղ անծանոթիս չէին սպասում։ Պատմությանը տեղյակ եմ, ավելի շատ ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս է ապրում այդ ընտանիքը, որը պատերազմից հետո շարունակվող պատերազմում կորցրել է միակ որդուն։

Էռնեստի մայրը՝ Ալվարդ Զալյանը, հիշում է դեպքի մանրամասները։ «Էրեխեքը խաղում էին բակում, ես էլ տանը գործ էի անում, հանկարծ ուժեղ պայթյունի ձայն լսվեց»։ Պատմությունը, որ նման է լրագրային հաղորդագրության, արմատականորեն փոխել է Զալյանների կյանքը։ «Հիմա ասում, խոսում, ուրախանում ենք,- ասում է Ալվարդը,- բայց սրտով ուրախ չենք։ Սիրտս կոտրվել է»։

Չպատահեր այդ ահավոր դեպքը, Էռնեստն արդեն տասներորդ դասարանում կլիներ։ Ալվարդի համար ամենացավալին այն է, որ իննամյա որդին այս աշխարհում ոչինչ չի հասցրել տեսնել։ «Կռիվ տարի ա ծնվել խոխեն, ո՛չ պեսոկ ա էլալ, ո՛չ մի սիրուն շոր ա էլալ»,- ասում է Ալվարդն ու փորձում աննկատ սրբել աչքերին հայտնված արցունքները։ «Պահալ եմ, կռիվը պրծալ ա, որ ուժե խաղաղություն ա ընգալ, որ ուժե պտի մի հանգի ապրի խոխեն, մի երջանկություն տեսնա, բայց որ էդքանը կա ոչ, շատ փիս ա էլի»,- շարունակում է մայրն ու ասում, թե այս վշտի համեմատ պատերազմի օրերը, երբ ամեն օր գնդակոծվում էր իրենց տունը, հիմա երանությամբ է հիշում։

Երանության պատճառը հույսն էր։ Հույսը, որ մի օր վերջանալու են ռազմական գործողությունները, եւ իր ընտանիքը, որ պատերազմի ընթացքում ոչ մի կորուստ չէր ունեցել, ապրելու էր խաղաղ ու երջանիկ կյանքով։

Ականազերծմամբ զբաղվող բրիտանական HALLO TRUST կազմակերպության տվյալներով' Լեռնային Ղարաբաղում ամեն տարի ականների ու անվերահսկելի այլ զինամթերքի պայթյուններից մոտ 50-60 մարդ է զոհվում։ 1993-ից մինչ օրս ավելի քան 1000 զոհ է եղել, եւ դեռ քանի՞սն են լինելու, եթե հրադադարի հաստատումից տասներկու տարի անց Ղարաբաղի շատ վայրերում պատերազմը ծպտված ապրում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter