HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերի շահույթը կրճատվել է վերջին ամիսներին

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում 20 %-ով կրճատվել է նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։

«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում գործող 17 առևտրային բանկերի այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները և փորձել պարզել, թե ինչ ցուցանիշեր են գրանցել բանկերը։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին եռամսյակը բոլոր բանկերն անխտիր շահույթով են փակել։ Ընդ որում, համակարգի զուտ շահույթը (շահույթ հարկումից հետո) նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 6.7 մլրդ դրամով կամ 40 %-ով՝ կազմելով 23.3 մլրդ դրամ։

Իսկ եթե շահույթի ցուցանիշները դիտարկում ենք ըստ առանձին բանկերի, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ, 17 բանկերից 11-ը շահույթի աճ է գրանցել առաջին եռամսյակում, 6-ը՝ անկում։ Բոլոր դեպքերում ընդհանուր համակարգի՝ բոլոր բանկերի զուտ շահույթը միասին գերազանցել է 2019 առաջին եռամսյակի ցուցանիշը։

Արդեն երկրորդ եռամսյակում բանկերի մոտ շահույթի անկում է գրանցվել։ Ինչպես վկայում են ֆինանսական հաշվետվությունները, այս տարվա ապրիլ-հունիս ժամանակահատվածում Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը միասին կազմել է 17.3 մլրդ դրամ, որը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 4.3 մլրդ դրամով կամ 20 %-ով։

17 բանկերից միայն մեկն է այս տարվա երկրորդ եռամսյակը վնասով փակել՝ «ԱյԴի» բանկը։ Մնացած բանկերը, թեև եռամսյակը շահույթով են ավարտել, սակայն մեծ մասի շահույթը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է։

Երկրորդ եռամսյակում ամենամեծ շահույթ գրանցած բանկերի առաջին հնգյակում են «Արդշինբանկը», «Արմսվիսբանկը», «Հայէկոնոմբանկը», «Ամերիաբանկը» և «ՎՏԲ-Հայաստան բանկը»։

«Արդշինբանկը» ստացել է 3.8  մլրդ դրամի զուտ շահույթ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 3 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 28.5 %):

«Արմսվիսբանկը» 1.6 մլրդ դրամի զուտ շահույթ է գրանցել, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազել է մոտ 1.2 մլրդ դրամով կամ 41.8 %-ով։

1.7 մլրդ դրամի զուտ շահույթ է գրանցել «Հայէկոնոմբանկը», որը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ կրկնակի մոտ աճել է։

«Ամերիաբանկի» զուտ շահույթը ևս մոտ 1.6 մլրդ դրամ է։ Նվազել է 892 մլն դրամով կամ 35.9 %-ով։

«ՎՏԲ-Հայաստան բանկի» զուտ շահույթը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 1.7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 3.6 անգամ աճել է։

Ինչպես կարող եք տեսնել գրաֆիկում, երկրորդ եռամսյակում շահույթի տեսանելի անկում են գրանցել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Հայբիզնեսբանկը», «HSBC Հայաստան բանկը»: «ԱյԴի բանկը» երկրորդ եռամսյակն ավարտել է 42 մլն դրամի վնասով՝ նախորդ տարվա նույն եռամսյակի մոտ 800 մլն դրամի շահույթի դիմաց։ 

Առավել մանրամասն՝ գրաֆիկում։

Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք այս տարվա առաջին կիսամյակը՝ առաջին և երկրորդ եռամսյակները միասին, ապա բանկային համակարգը ստացել է 40.6  մլրդ դրամի զուտ շահույթ, որը 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 2.3 մլրդ դրամով կամ 5.9 %-ով։

Դա տեղի է ունեցել առաջին եռամսյակում գրանցված աճի հաշվին։ Իսկ երկրորդ եռամսյակում շահույթի անկումը կարող է վկայել այն մասին, որ ապրիլ-հունիս ամիսներին տնտեսական անկումը բացասաբար է ազդել նաև բանկերի աշխատանքի վրա։ Բոլոր դեպքերում, նաև պետք է արձանագրել այն, որ բանկերի մեծամասնությունը, այնուամենայնիվ, շահույթով է փակել եռամսյակը, ոչ թե վնասով, խոսել այն մասին, որ առայժմ բանկերը չեն կրում այնպիսի վնասներ, որոնք կանխատեսվում էին երկրում արտակարգ դրության հաստատման ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter