
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է
Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է:
Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան, թե արդյոք Սերգեյ Բագրատյանը որևէ քրեական գործում որևէ քրեադատավարական կարգավիճակ ունի՞, հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Սերգեյ Բագրատյանը և որ կառույցում է այն քննվում, Խաչատրյանը չպատասխանեց, միայն նշեց, որ նախաքննական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ ավելին չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 23-ին, հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և նույնանուն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս լուրն անակնկալ էր խմբակցության պատգամավորների համար, խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ապա պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, վստահեցրին, որ Սերգեյ Բագրատյանի հետ որևէ կոնֆլիկտ չի եղել և խորհրդարանի կայքից են իմացել նրա դիմումի մասին: Սերգեյ Բագրատյանի հետ կապ հաստատել չի հաջողվում:
Մեկնաբանել