HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բարձրահարկ շենք՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում. բնակիչներն ընդդեմ կառուցապատողի

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում կամ ինչպես բնակիչներն են ասում Ֆիզգորոդոկում, ցանկանում են բարձրահարկ շենք կառուցել, սակայն թաղամասի բնակիչների մի մասը դեմ է այդ կառուցապատմանը, քանի որ ըստ նրանց՝ բարձրահարկի կառուցումը կխաթարի թաղամասում տասնյակ տարիների ընթացքում ձևավորված կենսամիջավայրը:

Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող, 1976 քմ մակերեսով տարածքի առաջին սեփականատերը (2005թ. փետրվարի 21-ից) եղել է Տիգրան Աղաջանյանը, որի սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004թ. հոկտեմբերի 25-ի վճիռը: 2006 թվականի ապրիլին Աղաջանյանը իրեն պատկանող տարածքը վաճառել է Անդրանիկ Բալասանյանին: Վերջինս էլ իր հերթին նույն թվականի հոկտեմբերին վաճառել է «Ռատկո» ՍՊԸ-ին: Այս տարածքի սեփականաշնորհման պատմությունը դեռևս շարունակում ենք ուսումնասիրել:

«Ռատկո» ՍՊԸ-ն 2006 թվականին նախագծման թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից, իսկ արդեն 2007-ին քաղաքապետարան ներկայացված նախագիծը համաձայնեցվել է և այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ տրամադրվել է շինարարական թույլտվություն, համաձայն որի՝ նախատեսվում էր կառուցել 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան շենք՝ 46 մետր առավելագույն բարձրությամբ, սակայն աշխատանքները սահմանված ժամկետում չսկսելու պատճառով շինթույլտվությունը համարվել է ուժը կորցրած: 2018 թվականին ընկերության նոր սեփականատերերը նոր ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու նպատակով դիմել են Երևանի քաղաքապետարան:

Ֆիզիկայի ինստիտուտի բանավանը սկսել են կառուցել 1950-ականների վերջից և ավարտել են 1960-ականներին: Այն նախատեսված է եղել Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների համար: Այժմ էլ այնտեղ շարունակում են ապրել Ֆիզիկայի ինստիտուտում աշխատած գիտնականների մի մասն ու նրանց ժառանգները: Թաղամասը բաղկացած է 8 շենքերից՝ 3 հատ 4 հարկանի և 5 հատ 3 հարկանի, իսկ նորակառույցը՝ նախատեսում են 12 հարկով: 

Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի նման կանաչ թաղամաս Երևանում դժվար թե լինի գտնել: Այդ 8 շենքերն ամբողջությամբ շրջապատված են ծառերով: Թաղամասի մեծ մասը չի ոռոգվում, ինչի պատճառով տեղ-տեղ նկատվում են նաև չորացած ծառեր: Բնակիչները իրենց միջոցներով, որքանով որ կարողանում են, փորձում են խնամել և ջրել այգիները:

Ինժեներ Կարեն Ամիրխանյանը, որն աշխատել է նաև Ֆիզիկայի ինստիտուտում, պատմում է՝ նախատեսվող նորակառույցի տարածքում ժամանակին աշխատանքային ժամերին եղել է ավտոկայանատեղի՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար, իսկ աշխատանքային ժամի ավարտից հետո երեխաների համար խաղահրապարակ է դարձել:

«Մենք ինչի ենք ասում, որ այդ շենքը կքանդի մեր համակարգը, որովհետև ինքը նախատեսված չէ և չի կարող մտնել մեր համակարգի մեջ: Պատկերացրե՛ք՝ 12 հարկ, 98 բնակարան, 98 մեքենա, իսկ որտեղ են դրանք կայանելու: 98 ընտանիք իրենց երեխաներով դուրս են գալու փողոց, որտեղ են մանկապարտեզ գնալու, դպրոց գնալու»,- նշում է Կարեն Ամիրխանյանը:

Բնակիչների պայքարը՝ բարձրահարկ շենքի կառուցման դեմ

Թաղամասի բնակիչներից Վիգեն Շիրվանյանը պատմում է, որ 2019թ. հունվարին կրպակի վրա փակցված ցուցանակից են իմացել, որ այդտեղ նախատեսում են բազմաբնակարան շենք կառուցել: Ըստ նրա՝ այս ամբողջ գործընթացում հաշվի չի առնվում տարածքում ձևավորված կենսամիջավայրը, թաղամասի բնակիչների կարծիքը, ինչպես նաև այս տեղանքի հետ կապված ժառանգությունն ու պատմությունը: 

«Ինչից է այս ամենը առաջանում. երբ որ կան խնդիրներ, կառավարչական փիլիսոփայությունը հուշում է, որ դու նախ պետք է խնդիրների հոսքը փակես, հետո նոր սկսես եղած խնդիրները լուծել: Այսօր քաղաքաշինական նորմերը չփոխելով, գոտիավորում չանելով՝ խնդիրների հոսքը չի փակվել: Դրա համար էլ այսօր այս իրավիճակն ունենք, որ ուզում են 3-4 հարկանի շենքերի կողքը իրենց ուզած անճաշակությունը հրամցնել ժողովրդին»,- ասում է Վիգեն Շիրվանյանը:

Երևանի քաղաքապետի 2019թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ՝ Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվել է հանրային քննարկում: Որոշման մեջ ասվում է, որ Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակել նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը, ինչպես նաև այն փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: Վիգեն Շիրվանյանը այս իրազեկումը պատշաճ չի համարում՝ ընդգծելով, որ վերջին պահին են իմացել հանրային քննարկման մասին.

 

«Մենք վերջին օրն ենք իմացել այդ լսումների մասին: Գնացինք այնտեղ, մի հատ ֆարս էր կազմակերպված: Եկել էին մարդիկ, որոնք ազդակիր շենքերի բնակիչներ չէին, նույնիսկ այլ վարչական շրջաններից էին եկել: Եվ ամեն մեկն իր վարժեցրած տեքստերով ասում էին՝ մենք այտեղ տուն ենք ուզում, դուք ով եք, որ մեզ թույլ չտաք: Իրազեկման մեխանիզմը պետք է փոխել, ինչ է նշանակում՝ թերթում տպել ենք, համայնքապետարանի պատերին փակցրել ենք, դա իրազեկման այսօրվա մեխանիզմներն են օրենքով, պարտավոր էին իմանալ: Մեղքը բնակչության վրա գցելու էժանագին մեխանիզմը հարիր չէ այդ մարդկանց, որոնք չարաշահում են այս ամենը»,- ասում է Վիգեն Շիրվանյանը:

Նա մտահոգություն է հայտնում, որ եթե այս բարձրահարկ շենքը կառուցվի, ապա այն կարող է նախադեպ դառնալ նաև թաղամասում այլ բարձրահարկերի կառուցման համար:

Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները բազմաթիվ նամակներ են ուղարկել քաղաքապետարան: Մասնավորապես հունիսի 20-ի նամակում՝ 500 ստորագրությամբ, բնակիչները իրենց անհամաձայնությունն են հայտնում նախատեսվող շինարարության դեմ, քանի որ նրանց կարծիքով քաղաքային իշխանությունները չեն դիտարկում բանավանի անվտանգության, բնական կենսամիջավայրի, ճարտարապետական ամբողջականության ու պատմական կենսագրության վերաբերյալ հանգամանքները եւ առաջնորդվում են կառուցապատողի ներկայացրած մոլորեցնող փաստարկներով: Բնակիչները պահանջում են անմիջապես դադարեցնել կառուցապատողի հետ քննարկումները՝ բնակիչներին հնարավորություն տալով ներկայացնել իրենց մտահոգությունները, նախաձեռնել քաղաքաշինական նորմերի վերանայման գործընթաց և Երևան քաղաքի գոտիավորում:

Քաղաքաշինական խորհրդում նախագծին մեկ հոգի է դեմ քվեարկել

2020 թվականի հունիսի 15-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհդրի հերթական նիստում հավանության արժանացավ Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Քաղաքաշինական խորհրդի անդամներից միայն ճարտարապետ Գարեգին Եղոյանն էր դեմ քվեարկել: Մեզ հետ զրույցում ճարտարապետը ներկայացրեց այն հիմնավորումները, թե ինչու է դեմ քվեարկել ներկայացված նախագծին: Ըստ Գարեգին Եղոյանի Ֆիզիկայի ինստիտուտի բանավանը արդեն իսկ ձևավորված և ավարտված միջավայր է, և եթե ցանկանում են այնտեղ ինչ-որ բան նախաձեռնել, ապա շատ զգույշ պետք է լինեն, այսինքն՝ միջավայրը լրացնել ոչ թե շենքով, այլ բարեկարգմամբ: Ըստ ճարտարապետի՝ եթե այգում կա տարածք, որը հանգամանքների բերումով ծառազուրկ է դարձել, չի նշանակում որ այնտեղ պետք է շենք կառուցել: Եթե այնուամենայնիվ այդտեղ շենք կառուցելն անխուսափելի է, ապա Գարեգին Եղոյանի կարծիքով՝ այն առավելագույնը պետք է լինի 4-5 հարկանի.

«Եթե ինչ-ինչ պատճառներով բարձրահարկը պետք է կառուցվի, ապա այդ ժամանակ պետք է օգտագործվի ճարտարապետության ուժը և հնարքները: Այսինքն՝ գոնե մինչև 5 հարկը սարքել մի նյութով, որով կառուցված է ամբողջ թաղամասը, դրանից բարձր՝ կառուցապատման գծից հետ դրած, կարող է լինել ապակեպատ, եթերային, որ երկինքը արտացոլվի մեջը: Այսինքն՝ մենք նույնպես ճարտարապետության հնարքները պետք է օգտագործենք, որպեսզի կառուցապատման հորիզոնը չխաթարենք: Այդ հնարքները թույլ են տալիս ինչ-որ ձևով, սրամտորեն լուծել այս հարցը»,- նշում է ճարտարապետը:

Ըստ Գարեգին Եղոյանի՝ լինի ցածրահարկ, թե բարձրահարկ, շենքի տարածքը գտնվում է արդեն իսկ գոյացած փոքր հրապարակի մոտ, և այն ոչ մի կերպ չի տեղավորվում այդ տեղանքի մեջ: «Պետք է անպայման կարողանալ ազատել շենքի կարևոր ճակատները երկրորդականներից: Փողոց նայող ճակատների կարևորությունն այն է, որ ունենան խորություն, ունենան փոքր հասարակական մաս: Հետևի կողմից դա պետք չէ: Հրապարակին նայող ճակատից նույնպես կարելի է այդ հնարքը օգտագործել, երբ որ դա օգտագործում ենք, շենքը ունենում է վերաբերմունք և՛ կարևոր փողոցին, և՛ այն հրապարակին, որի կողքով ինքը դուրս է գալիս»,- ասում է Գարեգին Եղոյանը:

Երևանի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի նիստում քննարկվեց Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում նախատեսվող բարձրահարկի հարցը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այս նախագիծը քաղաքաշինական խորհրդի քննարկմանն է ներկայացրել միայն այն պատճառով, որ հարցը մեծ հնչեղություն է ստացել, այլապես ըստ Հայկ Մարությանի՝ քաղաքաշինական նորմերի առումով այս նախագիծը խնդիրներ չունի: Քաղաքապետն ասում է, որ կառուցապատողը ընդունել է ներկայացված բոլոր ցուցումները՝ մասնավորապես հանրային լսումներ կազմակերպելու, շենքը կանաչ գոտուց հեռու կառուցելու մասին, հակառակ դեպքում, ինչպես Հայկ Մարությանն է նշում, նրանք կարող էին իրենց բոլոր հարցերը դատական կարգով լուծել: 

Ավագանու այդ օրվա նիստում ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, որը նաև քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամ է, և կողմ է քվեարկել ներկայացված նախագծին, սակայն, ինչպես նշում է, կառուցապատողը իրենց թյուրիմացության մեջ է գցել՝ ասելով, թե հանրային լսումների ժամանակ բնակիչներից 20 հոգի է դեմ եղել, սակայն իրականում 500 ստորագրություն է հավաքվել կառուցապատման դեմ: Ավագանու նիստի ժամանակ Արսեն Կարապետյանը հայտարարեց, որ իրեն խաբված է զգում: 

Մեզ հետ զրույցում Արսեն Կարապետյանը նշեց, որ համեմատելով ներկայացված մյուս նախագծերի հետ՝ Ալիխանյան եղբայրներ 6/1-ի նախագիծը ամենաքիչ վիճահարույցն է: Ավագանու անդամն ասում է, որ այս նախագիծը վատը չէ, պրոֆեսիոնալ մոտեցում էր ցուցաբերված և փոխզիջումների միջոցով հնարավոր է հարցը կարգավորել, սակայն նրա կարծիքով՝ յուրաքանչյուր թաղամաս պետք է հատուկ կարգավիճակ ունենա, և հենց Ֆիզիկայի բանավանն արդեն իսկ ունի ձևավորված միջավայր և այս ձևով կառուցապատում իրականացնել պետք չէ:

«Եթե միայն այս շենքի մասին խոսք լիներ, միգուցե որոշ պատճառներով կարելի էր իրեն ընդունել՝ հաշվի առնելով նաև սեփականատիրոջ գործոնը, բայց եթե վտանգ կա, որ ամբողջ թաղամասը հետագայում կարող է թիրախ դառնալ և նմանատիպ ծրագրերը կարող են շարունակվել, պետք է այս թաղամասը հատուկ զոնա ճանաչվի և հատուկ կարգավորումներ ունենա: Եթե դա արվի նույնիսկ այդ մի շենքը շատ վնաս չի տա ամբողջ տարածքին»,-ասաց ճարտարապետը: 

Արսեն Կարապետյանի կարծիքով՝ կառուցապատողները շատ պարզ մաթեմատիկայով են առաջնորդվում՝ կառուցենք այսքանով, վաճառենք այսքանով, սակայն հաշվի չեն առնում միջավայրի գործոնը: Այսինքն՝ նրանք նախատեսում են բարձրահարկի կառուցումից ավելի շատ բնակարաններ վաճառել և ավելի շատ շահույթ ստանալ, բայց եթե թաղամասին հատուկ կարգավիճակ տրվի, բնակարանների գներն էլ կբարձրանան, և 4-5 հարկանի շենք կառուցելու դեպքում կարող են մի քանի անգամ ավելի թանկ վաճառել, քան բարձրահարկի դեպքում:

«Մարդիկ բողոքելու իրավունք ունեն, սակայն նրանց իրավունքը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ սեփականությունը»

«Ռատկո» ընկերության փոխտնօրեն և համասեփականատեր Արթուր Մնացականյանը մեզ հետ զրույցում անտեղի համարեց բնակիչների դժգոհությունը, նամանավանդ այն պարագայում, երբ ինքը պատրաստակամություն է հայտնում բոլոր հնարավոր ձևերով խուսափել բարձրահարկ շենքի կառուցման հնարավոր անհարմարություններից: Մասնավորապես «Ռատկո»-ի տնօրենն ասում է, որ իրենք «Կոնսալտ Բիլդ» ընկերությանը պատվիրել են կատարել ինսոլյացիոն ռեժիմի հաշվարկ և ըստ մասնագիտական եզրակացության՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում կառուցվելիք 12 հարկանի շենքը հարակից ցածրահարկ շենքերին արևի լույսից չի զրկելու։ Արթուր Մնացականյանի խոսքով՝ իր լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկի կառուցապատման ընթացքում փոշին և աղմուկը նվազեցնելու համար: 

Անդրադառնալով թաղամասի ծանրաբեռնվածության վերաբերյալ բնակիչների դժգոհությանը՝ Արթուր Մնացականյանը նշում է, որ Հայաստանում տարեկան հազարավոր մեքենաներ են ավելանում, և ինչու պետք է Ֆիզիկայի բանավանում, օրինակ՝ 70 ավտոմեքենա չավելանա: Եվ բացի այդ, ընկերությունը նախատեսում է եռահարկ ստորգետնյա ավտոկայանտեղի կառուցել՝ բարձրահարկի բնակիչների համար: 

«Երբ որ ես թաղամաս գնացի իմ աշխատակիցների հետ, ճիշտն ասած, առաջին տպավորությունն այնպիսին էր, որ իրենք ուղղակի ոչինչ չեն ուզում լսել: Հեռախոսով նրանց հրավիրեցի մեր գրասենյակ, որովհետև փաստաթղթերը այնտեղ էին: Ես չէի կարող փաստաթղթերը ձեռքիս նրանց հետ փողոցում խոսել: Նրանք ասացին, որ ես գնամ իրենց մոտ խոսելու, բայց ես նորից առաջարկեցի, որ նրանք նույն կազմով հավաքվեն և գան գրասենյակում թղթերին ծանոթանալու: Եթե նրանց փաստաթղթերը հետաքրքրեին, ապա գոնե մեկ անգամ կգային դրանց ծանոթանալու: Տպավորություն է, որ նրանք պահանջում են ամեն ինչ փոխել՝ օրենք, սահմանադրություն, նորմեր, միայն թե իրենց ուզածով լինի: Պետք է օրենքով շարժվել, ոչ թե փոխել ամեն ինչ՝ հանուն իրենց ցանկությունների»,- ասում է Արթուր Մնացականյանը:

Ինչ վերաբերում է բնակիչների այն դժգոհությանը, որ իրենք իրազեկված չեն եղել հանրային լսումների մասին, «Ռատկո»-ի տնօրենն ասում է, որ բացի թերթում տպելը և թաղապետարանի շենքի պատին հայտարարություն փակցնելը, ինքը նաև զանգահարել է շենքերի համատիրություն և խնդրել, որպեսզի տեղեկացնեն բանավանի բնակիչներին նախատեսվող հանրային լսումների մասին: Արթուր Մնացականյանը պատմում է, որ երբ ինքը ցանկացել է պատասխանել բնակիչների բարձրացրած հարցերին, նրանք բոյկոտել են լսումները և դուրս եկել:

Կանաչ գոտու պահպանման վերաբերյալ հարցին՝ Արթուր Մնացականյանը պատասխանեց, որ չնայած որոշ հատվածներ ընկած են իրենց սեփականության տարածքում, և իրենք իրավունք ունեն ծառերը հատելու կամ դրանք տեղափոխելու, սակայն իրենք ցանկանում են պահպանել հարակից կանաչ զանգվածը: 

«Ինչ վերաբերում է շենքի բարձրությանը, ապա թաղամասում (Հալաբյան և Մարգարյան փողոցներին հարող հատվածում, հեղ.) առկա է 12 և 14 հարկանի 8 շենք, և ես չեմ ուզում իրենց 4 հարկանի շենքերը առանձնացնել ընդհանուր թաղամասի ճարտարապետությունից, ես ուզում եմ ամբողջության մեջ դիտել: Իսկ եթե բողոքողները ցանկանում են առանձնացնել, իրենց իրավունքն է և սուբյեկտիվ կարծիքը: Երևանում կան բազմաթիվ թաղամասեր, որտեղ համակեցության կանոնները և ճարարապետական նորմերը պահպանելով՝ իրար կողք-կողքի կառուցված են ցածրահարկ և բարձրահարկ շենքեր»,- նշում է Արթուր Մնացականյանը:

Նա ընդգծում է, որ եթե 500 ստորագրություններով լուծվեր նախագծման և շինարարական թույլտվություններ տալու հարցը, ապա էլ ինչի համար է լիազոր մարմինը, որը կոչված է նման հարցերը լուծելու համար:

Արթուր Մնացականյանի խոսքով՝ 12 հարկանի շենքում նախատեսում են կառուցել  88 բնակարան, սակայն արդեն իսկ 200 հոգի ցանկություն է հայտնել այդ շենքում բնակվելու, այդ թվում բանավանի բազմաթիվ բնակիչներ: Իրական պատկերը կարող են ստանալ միայն գնային առաջարկն անելուց հետո: Ամբողջ նախագծի արժեքը 5 միլիոն դոլար է, որից 15%-ը արդեն ներդրվել է: 

«Ռատկո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Մինչև 2012 թվականը ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը եղել է Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.» ընկերությունը, որի սեփականատերերը եղել են ռուսաստանաբնակ գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը: Ի դեպ օֆշորում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.»-ի գործակալը «Մոսակ Ֆոնսեկա»-ն է, որտեղից արտահոսել էին հայտնի «Պանամական փաստաթղթերը»: 2012 թվականից «Ռատկո» ՍՊԸ-ի 70% բաժնեմասը անցել է նույն Ստեփան Մալխասյանին, իսկ 30%-ը՝ Ռուսաստանի քաղաքացի Հովհաննես Ջալալյանին: 2017թ. Ջալալյանը իր բաժնեմասը վաճառել է Ռուսաստանի մեկ այլ քաղաքացի Սամվել Իսրայելյանին: Իրավաբանական ընկերությունը, որի փոխտնօրենը Արթուր Մնացականյանն է, ծառայություններ է մատուցել «Ռատկո» ՍՊԸ-ին: Այնուհետև երբ վերջինս իմացել է Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող տարածքի մասին, իր գործընկեր Վահան Մովսիսյանի հետ որոշել են ներդրում անել և գնել «Ռատկո»-ն՝ հետագայում բազմաբնակարան շենք կառուցելու մտադրությամբ, քանի որ ինչպես ինքն է նշում, շատ է սիրում այդ թաղամասը և այնտեղ նաև հարազատներ ունի ապրող: 2018 թվականից մոտ 134 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունում 50-ական տոկոս բաժնեմաս ունեն Արթուր Մնացականյանն ու Վահան Մովսիսյանը:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը 2020թ. հուլիսի 20-ին Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար «Ռատկո» ՍՊԸ-ին տվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք): Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները հայտնել են նաև, որ հաշվի առնելով նշված տարածքում առկա շինությունների մաշվածության աստիճան ունենալու փաստը, ապա չի բացառվում վերակառուցման կամ նոր շինությունների կառուցման հանգամանքը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter