HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապույտ աղբյուր առանց ջրի եւ մնացածի

Դեռ չհասցնելով կարգին բարեւել' նա հարձակվեց վրաս կշտամբող հարցերով, թե ինչու ես հեռուստատեսությունից չեմ, այլ «ընդամենը թերթից»: Բնականաբար, նա կգերադասեր, որ ես լինեի Հանրային հեռուստաընկերությունից, քանի որ «այն մուտք ունի Եվրոպա»:

«Միայն պատկերացրու,- եռանդով փորձում է ապացուցել Սավտո Թամոյանը,- Հանրային հեռուստատեսությունը ձայնագրում է երաժշտությունս, տարածում այն ողջ Հայաստանով, հետո' Եվրոպայով, ձայնասկավառակներս վայրկենական վաճառվում են, պատկերացնու՞մ ես, թե որքան փող կաշխատեն դրա վրա: Ես նույնիսկ համաձայն եմ սկզբում հոնորար չուզել, հետո իրենք ինձ կառաջարկեն»:

Քուրդ երաժիշտ եւ երգիչ Սավտո Թամոյանին, իր իսկ խոսքով, շատ լավ են ճանաչում ոչ միայն հայրենի Շինքանի եւ Արագածոտնի մարզի այլ քրդական ու հայկական գյուղերում, այլեւ Երեւանում եւ նույնիսկ Մոսկվայում:

«Ձեր բախտը բերել է, որ ինձ այսօր տանն եք բռնացրել,- ասում է նա,- սովորաբար ես օրերով, ամիսներով տանը չեմ լինում, ամեն տեղից հրավիրում են նվագելու»:

Սավտո Թամոյանը հիմնականում նվագում է քրդական հարսանիքներին ու թաղումներին դուդուկահար Գրիշա Օզմանյանի եւ դամքաշ Վալիկո Շամոյանի հետ: Նախկինում խումբը նվագում էր մեծ բեմերում, ձայնագրվում էր քրդական ռադիոյում, սակայն հիմա «ժամանակներն այն չեն, ֆինանսներն էլ թույլ չեն տալիս առանձնապես տարածվել»:

«Այս գյուղում հեռու չես գնա,- ասում է Սավտոն,- էստեղ ոչինչ չկա' ո՛չ ներկա, ո՛չ ապագա»:

Այդ օրը մենք ստիպված էինք Սավտոին սպասել բավականին երկար: Նա որդու հետ հարեւան Օրթաճյա գյուղն էր գնացել ջրի ետեւից: Վերադարձավ ջրի ալյումինե բիդոններով բեռնված սայլով. այս ջուրն իր ընտանիքին կբավականացնի մի երկու օր միայն: Հին ջրատար խողովակները, որոնցով ջուրն Օրթաճյայից հասնում է գյուղ, հերթական անգամ պայթել են, ու գյուղն արդեն մի քանի օր է զրկվել է ջրից: Երբեմն ջուր չկա ամիսներով, իսկ անցյալ տարի չկար ողջ տարին:

Շինքանին փոքր, մեկուսացած գյուղ է. Ռյա Թազայից 40-50 րոպե քայլելու ճանապարհ կա: Զավեշտալիորեն Շինքանի քուրմանջիից թարգմանաբար նշանակում է Կապույտ աղբյուր, այսինքն' պարզ ջուր:

Ռյա Թազայից Շինքանի, բնականաբար, ոչ մի տրանսպորտ չկա. մենք բարձրացանք ծուռումուռ, քարքարոտ ճանապարհով' ամբողջ ճանապարհին չհանդիպելով ոչ մի կենդանի շնչի: Գյուղում մեզ մի տեսակ զգուշությամբ են նայում. երեւի առանձնապես սովոր չեն հյուրերի:

Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ժամանակ առ ժամանակ հաջողվում է միս վաճառել այլ գյուղերում, երբեմն վաճառում են գարի ու ցորեն: Այս տարի անձրեւներ չկային, այնպես որ այդ բերքն էլ չեն հավաքել:

Գյուղում ոչինչ չկա, անգամ' փոքրիկ խանութ: Գնումների համար գյուղացիները ստիպված են լինում իջնել Ռյա Թազա, որտեղ կա երեք «կոմիսիոն» խանութ: Ամենադժվարը ձմռանն է, երբ ձյունը փակում է ճանապարհները: Գյուղը կարող է ամիսներով կտրվել աշխարհից:

Շինքանիում չկա մանկապարտեզ, գործում է միայն ութամյա դպրոց: Ութերորդ դասարանից հետո որոշ տղաներ ուսումն ավարտում են Ռյա Թազայի դպրոցում, մնացածը բավարարվում են ութամյա կրթությամբ: Աղջիկները, սովորաբար, չեն ձգտում ուսումն ավարտել' նրանց ճակատագիրն ամուսնությունն ու մայրությունն է:

«Եթե փող ունենայի,- ասում է Սավտո Թամոյանը,- մի րոպե անգամ չէի մնա էստեղ, կտեղափոխվեի քաղաք ու սեփական ձայնագրման ստուդիաս կբացեի: Հենց առաջին կասետս թողարկեի, միանգամից կտարածվեր: Մարդիկ ինձ գիտեն, սիրում են, հերթ կկանգնեն դրա համար: Ա՛յ, ոնց որ մեր եղբայրը (նա մատնացույց է անում Նահրոյին՝ ծագումով քուրդ բրիտանացի էթնոերաժշտագետին, ով ուսումնասիրում է հայկական քրդերի երաժշտական ավանդույթը), մի անգամ եկավ, լսեց ձայնս ու հիմա ուզում է գիրք գրել իմ մասին: Ես դեմ չեմ, ինչու՞ ոչ: Էդ ամեն ինչն արխիվ է գնում: Վաղը թոռս կհպարտանա ինձանով, ամբողջ գյուղը կհպարտանա»:

Ես չփորձեցի նրան զրկել իր պատրանքներից' ասելով, որ նա ընդամենը մասնիկն է Նահրոյի դիսերտացիայի, ով նստած թախտին' համբերատար սպասում է մեր զրույցի ավարտին: Թախտի ետեւում գորգ է կախված' քրդական ազգային հերոս æահանգիր աղայի եւ հայկական ազգային հերոս Անդրանիկի դիմանկարներով:

«Ինձ հաճախ են ասում,- շարունակում է Սավտոն,- քո տաղանդով ի՞նչ ես դու անում էս Աստծո կողմից մոռացված վայրում: Դու պիտի «Մերսեդես» քշես, ոչ թե ձի: Բայց, գիտես, երբ գնում եմ Երեւան... մեծ, սիրուն քաղաք է, ամեն ինչ տեղը-տեղին: Բայց չեմ կարող երկար մնալ էնտեղ, գյուղը ձգում է: Մյուս կողմից... Չկա էստեղ ոչինչ: Գյուղացիները չեն ապրում, հազիվ գոյատեւում են: Կոմունիստների ժամանակ որոշ տներում գոնե հեռախոս կար, իսկ ղարաբաղյան շարժումը սկսելուց հետո մի անգամ առավոտյան արթնացանք, տեսանք բոլոր սյուները քանդել, տարել են: Հիմա մի քանի հոգի բջջային ունեն, դե իրենց էլ արտասահմանից բարեկամներն են օգնում:

Ես ամեն ինչ կանեմ, որ իմ երեխան գնա էստեղից, որ ստանա նորմալ կրթություն, լավ աշխատանքի ընդունվի»:

Սավտոն գերադասում է, որ իր որդին դառնա կա՛մ իրավաբան, կա՛մ բժիշկ: Իրավաբան, որովհետեւ իր մորաքրոջ տղան հաջողակ իրավաբան է Մոսկվայում եւ խոստացել է համալսարանն ավարտելուց հետո որդուն իր մոտ տեղավորել, իսկ բժիշկ, որովհետեւ վերջին տարիներին ողջ աշխատածը Սավտոն տվել է հիվանդանոցներին իր ընտանիքի անդամների տարբեր վիրահատությունների համար:

«Ժուռնալիստիկան էլ վատ չէ»,- ասում է նա ինչ-որ հաճելի բան ինձ ասելու համար:

Ամեն դեպքում, Սավտոյի որդին դեռ վեցերորդ դասարանում է. հայրը ժամանակ կունենա որոշելու, թե ուր տեղավորել նրան:

«Ի՞նչ ենք անընդհատ պրոբլեմներից խոսում,- սթափվում է Սավտոն:- Ա՛յ, վերջերս նոր ձայնասկավառակ եմ ձայնագրել, հիմա հարեւանից երաժշտական կենտրոնը բերեմ, լսիր»:

Նա տեղադրում է ձայնասկավառակը դուդուկի լացակումաց, սրտաճմլիկ երաժշտությամբ: Նրա ձայնը մաքուր է եւ խորը, բայց ես ուզում եմ, որ երաժշտությունը դադարի. թաղման երաժշտությունն ավելի է խորացնում գյուղի լքվածության տպավորությունը:

Պարզվում է' ձայնասկավառակը նրան պատվիրել են մի քուրդ «հեղինակության» հարազատները, ում սպանել են Մոսկվայում: Հատուկ փնտրել, գտել են նրան: Սավտոն այս պատվերի հարցը լուծել է այնպես, ինչպես մնացած «սովորական» մարդկանց թաղումների դեպքում' մանրամասն գրի է առել հանգուցյալի եւ նրա բարեկամների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը եւ նրանց փառաբանող խոսքեր գրել:

«Շա՜տ ափսոս, որ երբեք չես եղել մեր թաղումներին ու չես տեսել' ինչպես են մարդիկ լացում երաժշտությունս լսելիս»,- ասում Սավտոն:

Ինձ թվում է' նրանք ուրիշ պատճառով են լալիս, բայց ես լռում եմ:

«Հեռախոսիդ համարը տուր, կզանգեմ, հենց թաղում ունենանք, կգաս, կձայնագրես»,- առաջարկեց Սավտոն:

Եվ կրկին մոռանալով, որ հեռուստատեսությունից չեմ, սկսեց հաշվել եկամուտները, որոնք ես ու իմ հեռուստաալիքը կստանանք իր երաժշտությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter