HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀՔԾ-ն 2018 թվականի հոկտեմբերից քննում է Հաղթանակ այգու հարակից տարածքում կառուցված նախկին պաշտոնյանների առանձնատների օրինականությունը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) 2018 թվականի հոկտեմբերից քննում է Ազատության պողոտայի և Բաբայան փողոցին հարող տարածքում կառուցված նախկին պաշտոնյաների առանձնատների օրինականությունը։ Սակայն գործի քննության ընթացքում էական տեղաշարժ չի արձանագրվում. մինչ օրս գործով մեկ մեղադրյալ կա, ում անունը ՀՔԾ-ն տևական ժամանակ է` չի բացահայտում։

Ինչպես «Հետքին» հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից՝ կատարվել են բազմաթիվ ու մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում` դեռևս 2018 թվականի նոյեմբերին նշանակվել են դատաշինարարական և դատաապրանքագիտական փորձաքննություններ՝ պարզելու Ազատության պողոտայի և Բաբայան փողոցին հարող տարածքում շուրջ 30 անուն գույքերի հողահատկացման և շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ անշարժ գույքերի պետական գրանցման գործընթացի օրինականությունը: 

«Մինչ օրս, սակայն, ստացվել են ընդամենը երեք հասցեներում գտնվող գույքերի վերաբերյալ եզրակացությունները: Միաժամանակ բազմաթիվ գրություններ են ուղարկվել համապատասխան փորձագիտական մարմնին` մյուս հասցեներում գտնվող գույքերի վերաբերյալ եզրակացությունները սեղմ ժամկետներում տրամադրելու պահանջով»,-նշել է ՀՔԾ-ն։

Քննչական մարմինը նաև մանրամասնել է, որ նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ 5 տասնյակից ավել հարցաքննություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առգրավվել են այդ տարածքում գտնվող առանձնատների և հողատարածքների կադաստրային գործերը, իսկ Երևանի քաղաքապետարանից` այդ տարածքում գտնվող հասցեների անշարժ գույքերի հողահատկացման հիմքերը, որոնք տրամադրվել են փորձաքննություն իրականացնող փորձագետին:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանից առգրավվել են աճուրդային գործընթացներին վերաբերվող մի շարք փաստաթղթեր, որոնց ուղղությամբ նույնպես իրականացվել և իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 

Հիշեցնենք, որ «Ընտրյալների թաղամասը» հրապարակմամբ անդրադարձել էինք Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցներում տեղակայված նախկին և ներկա պաշտոնյաների առանձնատներին։ Ներկայացրել էինք այս տարածքում պաշտոնյաների կողմից սեփականաշնորհված հողերի, բնակելի տների կառուցապատման գործարքները։ Պարզել էինք, որ որոշ պաշտոնյաներ համայնքից անհատույց կարգով հողեր էին վերցրել ներդրումային, սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, սակայն հետագայում սեփականաշնորհել էին դրանք։ 

Ազատության պողոտայում և Բաբայան փողոցում առանձնատեր, հողակտորներ ունեն նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա որդին, ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին պատգամավորներ Միհրան Պողոսյանը, Սեյրան Սարոյանը, Վահան Հարությունյանն ու նրա եղբարը, ԱԺ նախկին նախագահներ Արմեն Խաչատրյանը և Տիգրան Թորոսյանը, նախկին պատգամավորներ Գագիկ Աբրահամյանն ու Հովհաննես Սոֆոյանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter