
Մահմեդական քրդերը եւ խաչապաշտ ուդիները
Ղարաբաղյան պատերազմը նրանց տեղահանել ու ցաքուցրիվ է արել
Սեդա Կումսիեւան իր կյանքի 56 տարիներից 36-ը անց է կացրել դպրոցում: Մինչեւ 1988 թվականի սեպտեմբերը նա ռուսաց լեզու եւ գրականություն է դասավանդել Ադրբեջանի Վարդաշեն (այժմ' Օղուզ) ավանի դպրոցում: Ղարաբաղյան շարժումն ու հայ-ադրբեջանական միջհամայնքային բախումները հինգ երեխաների մայր Սեդային ստիպեցին լքել հայրենիքը եւ հարյուրավոր վարդաշենցիների հետ գաղթել Հայաստան, թեեւ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհին ազգությամբ հայ չէ:
«Իմ բարեկամների մի մասը մնացել է Վարդաշենում, մյուս մասը' հաստատվել Թբիլիսիում: Ես մաքուր ուդի եմ, բայց քանի որ ամուսինս հայ է, ինչպես հայ-ուդի խառնամուսնություններով ընտանիքները, մենք էլ հեռացանք Ադրբեջանից»,-ասում է տիկին Սեդան: Նրա երեք որդիներից երկուսն աշխատում են Ռուսաստանում, երրորդն ապրում է ծնողների հետ' Դեբեդավանում: «Ես կցանկանայի, որ իմ զավակները ուդի աղջիկների հետ ամուսնանան, բայց մեր ազգը քչանում է, գյուղում հարմար ուդի աղջիկ չկա»,- ասում է նա:
Հայաստանի Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում 11 ուդիներ են հաստատվել: Եվս երկու տասնյակ բնակվում է հարեւան Բագրատաշենում, Պտղավանում եւ Հաղթանակում: Մի քանի հարյուր ուդիների կարելի է հանդիպել նաեւ Հայաստանի այլ բնակավայրերում եւս, ովքեր տուն-տեղ թողել եւ հեռացել են Վարդաշենից, ադրբեջանական մի քանի այլ գյուղերից:
Ղարաբաղյան պատերազմն ուդիներին ցաքուցրիվ արեց ամբողջ աշխարհում, թեեւ նրանք ազգակցական որեւէ կապ չունեն ո՛չ թուրքախոս ադրբեջանցիների, ո՛չ էլ հնդեվրոպացի հայերի հետ: Պարզապես դեռ 5-րդ դարում ուդիներն ընդունել էին Հայ առաքելական եկեղեցին, իսկ ժամանակի ընթացքում իրենց հայրենի ուդիերենի հետ հավասարապես գործածել նաեւ հայերենը, ընդունել հայկական ավանդույթները, նիստուկացը, նաեւ' հայկական ազգանունների վերջին «յան»-ը: Ուդիների մեջ ամենատարածված ազգանուններն են Դալլաքյանը, Կուրանյանը, Ֆալչյանը, Գուկասյանը, Մուրադյանը: Ժամանակակից ուդիերենն ունի երկու բարբառ՝ Վարդաշենի եւ Նիժի:
Պատմագիտությունը հաստատում է, որ ուդիները Քուռ-արաքսյան Աղվանք պետության բնակիչների հետնորդներն են: Այդ պետությունը պատմական թատերաբեմից իջել է վաղ միջնադարում եւ ժամանակին կրել է Հայաստանի քաղաքական, տնտեսական ու մանավանդ' հոգեւոր լուրջ ազդեցությունը: Ադրբեջանցի պատմաբանները պնդում են, որ իրենք հենց աղվանների հետնորդներն են, ինչը, սակայն, լուրջ չի ընդունվում: Ինչպես աղվանները, այնպես էլ նրանց հետնորդներից ուդիները ցեղակցական որեւէ կապ չունեն ո՛չ հնդեվրոպացի հայերի, ո՛չ էլ թուրքալեզու ադրբեջանցիների հետ: Հայ լեզվաբաններից շատերը պնդել են, որ Մեծ Հայքի նահանգներից Ուտիք անունը գալիս է հենց ուդիներից:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը , ով ուդիների մասին մի շարք աշխատությունների հեղինակ է, ասում է, որ Հայաստանում ուդիների թիվը մոտ երկու հարյուր է: «Նրանց մի մասը վաղուց է Հայաստանում: Մյուսները եկել են 1988-ի ընթացքում: Հայաստանում կարիք չկա 200 հոգանոց համայնքին ազգային փոքրամասնություն կոչել: Այսօր այդ հարցը կարգավորող որեւէ նորմատիվ փաստաթուղթ առհասարակ չկա: Սակայն որպես ազգային փոքրամասնություն ընդունվում են այն խմբերը, որոնք համակարգված ջանում են իրենց էթնիկ ինքնությունը պահպանել: Այս պահին Ալավերդիում մի հասարակական կազմակերպություն, որի ղեկավարը Օլեգ Դուրգարյանն է, իր առաջ այդպիսի նպատակ է դրել»,-ասում է Խառատյանը:
Դեբեդավանի գյուղապետ Գեորգի Բաբայանը ուդիներին վերաբերվում է այնպես, ինչպես վերաբերվում էր Վարդաշենում: «Մենք ուդիների եւ հայերի միջեւ տարբերություն չենք դնում: 1988թ., երբ Վարդաշենը գաղթեց, հայերի հետ այստեղ' Դեբեդավան եկան մի քանի ուդի ընտանիքներ: Հետագայում նրանց մի մասը արտագաղթեց Ռուսաստան: Մենք հավասար մարդիկ ենք, ուդիների հետ ուրախանում, նրանց հետ կիսում ենք դառնությունը»,-ասում է գյուղապետը:
Հրանուշ Խառատյանը պնդում է, որ Ադրբեջանից ուդիները տեղահանվել են ոչ միայն խառն ամուսնությունների դեպքերում, այլեւ' հենց ուդի լինելու համար: «Նիժ գյուղում, որտեղ նրանք մոտ 7000 էին, այսօր մնացել է, հավանաբար, 3000-ը: Վրաստանի Օկտոմբերի գյուղում հաստատվել են հենց այն ուդիները, ովքեր ժամանակին հալածվել են Նիժում: Ադրբեջանում ընդհուպ մինչեւ վերջին բռնագաղթը ուդիական ոչ թե երկու, այլ հինգ բնակավայր կար, որոնցից երեքի մասին քիչ է հայտնի, քանի որ դրանցում ուդիները, ճիշտ է, մնացել էին քրիստոնյա, բայց թրքախոս էին: Դրանք æոռուռլու, Միրզաբեյլու եւ Սուլթան Նուխի գյուղերն էին, որտեղից մի քանի մարդ նույնպես եկել է Հայաստան»,-ասում է ազգագրագետը:
Սեդա Կումսիեւայի հորեղբոր տղաները' Կումսիաշվիլի ազգանունով, բնակվում են Թբիլիսիում, որը Դեբեդավանից 80 կմ է հեռու: Տիկին Սեդան հենց նրանց միջոցով է տեղեկանում Վարդաշենում մնացած մյուս հարազատների մասին: Ճիշտ է, նա արդեն 18 տարի նոր տուն ու տեղ է դրել Դեբեդավանում, սակայն հոգով-սրտով Վարդաշենում է:
«Չնայած մեր նիստուկացն ու ավանդույթները հայկական են, բայց ուդիներն ունեն իրենց բնորոշ տոները: Հիշում եմ' երբ երեխա էինք, մայիսին բոլոր մանուկների թեւերին տարբեր գույների թելերից հյուսվածք էին կապում, որը հետո հանում եւ կապում էինք ծառի ճյուղին: Ամեն մեկը մտքում մի երազանք էր պահում, որ հետո ցանկությունները իրականանան: Տոնը կոչվում էր Դիմբազ»,-հիշում է տիկին Սեդան:
70-ամյա Արշալույս Մովսիսյանն իր զավակների հետ բնակվում է Բագրատաշենում: Նա Ադրբեջանի Ղաբալայի (նախկինում՝ Կուտկաշեն) Նիժ գյուղում թողել է իր քրոջ եւ եղբոր երեխաներին՝ 11 ընտանիք: «Սիրտս կտոր-կտոր է լինում, ուզում եմ նրանց դեմքը տեսնել»,-լացը կոկորդում խեղդում է նա: Տիկին Արշալույսը եւս ազգությամբ ուդի է, սակայն 1988-ին տեղահանվել է, քանի որ ամուսինը հայ էր, որը մահացավ Դեբեդավան գաղթելուց 3 տարի հետո:
«Մենք էլ հայերի նման խաչապաշտ ենք, ունեցել ենք եկեղեցիներ: Մենք ադրբեջանցիներին աղջիկ չենք տվել, նրանցից աղջիկ չենք առել, որովհետեւ խաչապաշտ ենք: Հայի պես սպիտակ շորերով, բաց երեսով հարս ենք բերում, հայկական պարեր պարում, մահացածներին թաղում հայկական ծեսով: Բացի լեզվից, մենք հայերից այլ բաներով չենք տարբերվում»,- ասում է Արշալույս Մովսիսյանը:
Արզու Դարգիյանը , որը ուդի է մորական կողմից, հիշում է, որ Ադրբեջանում իրենք պաշտել են նաեւ սուրբ ծառերը: «Մեր այգում ընտրել ենք որեւէ պտղատու ծառ, պաշտել, շուրջը մատաղ արել, մոմ վառել: Մենք իրավունք չունեինք բարձրանալու սուրբ ծառը, քաղել պտուղները: Երբ բերքը թափվում էր, այն ժամանակ էինք ուտում»,-ասում է Արզուն:
Ժաննա Լալայանը 45 տարեկան է, գաղթել է Նիժից, հաստատվել Բագրատաշենում, ամուսինը հայ է. «Ես մաքուր ուդի եմ: Իմ եղբայրը՝ Օլեգը, եւ իմ մյուս բարեկամները բնակվում են Նիժում: Իմ մյուս եղբայրն ընտանիքով բնակվում է Ուկրաինայում, նրա երեխաներն արդեն չգիտեն ուդիերեն: Ռուսաստանում եւ այլ երկրներում հաստատված ուդիների նոր սերունդը չգիտի մայրենին: Մեր ազգը հետզհետե քչանում է»,-ասում է Ժաննա Լալայանը:
Հայաստանում հաստատված ուդիները միմյանց հետ կապ գրեթե չեն պաշտպանում: Ճիշտ է, երբ, օրինակ, հարսանիքի կամ թաղման արարողություն է լինում, Նոյեմբերյանի ուդիները անմիջապես առանձնանում են, որպեսզի, ինչպես ասում է Ժաննան, «միմյանց հետ ուդիերեն խոսելու հնարավորությունը չկորցնեն»:
Բագրատաշենում է հաստատվել Ալեքսեյ Ղազարովը , ով եւս ուդի է եւ Դեբեդի աջ ափին հայ կնոջ' Ռոզա Ղազարովայի եւ երկու տղաների հետ նոր տուն ու տեղ է դրել: «Ուդիներին էլ էին քշում, ասում էին՝ դուք էլ եք հայ: Մենք փախել ենք, ամեն ինչ թողել այնտեղ: Եթե ընտանիքում ամուսիններից մեկն ու մեկը հայ էր, քշվել են Ադրբեջանից»,-ասում է Ռոզան:
Ալեքսեյը ամեն օր մոռանում է մայրենին: «Վարդաշենից հեռացել ենք 1988-ի նոյեմբերին: Շատ դժվար էր մեր տեղահանության ճանապարհը: Նախ տեղափոխվեցինք Օկտոմբերի, ապա այնտեղ մեր բարեկամների մոտ հինգ օր մնալուց հետո եկանք Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղի պանսիոնատ, որտեղից էլ եկանք այստեղ, հաստատվեցինք Բագրատաշենում»,-հիշում է Ալեքսեյը:
Նա ասում է, որ վերջին 18 տարիներին հազվադեպ է ուդիերեն խոսում. «Իմ որդիները ընդհանրապես ուդիերեն չգիտեն: Մեր ազգը կամաց-կամաց վերանում է: Ամբողջ աշխարհում մոտ 8-10 հազար ուդի է մնացել»:
Ժամանակին Ադրբեջանում բնակված խաչապաշտ ուդիներից բացի, ղարաբաղյան հակամարտությունից տուժել են նաեւ մահմեդական քրդերը, ովքեր բնակվում էին Հայաստանում: Նրանց թիվը մինչեւ 1988 թվականի վերջերը մոտ 25 հազար էր: Ինչպես քրիստոնյա ուդիներն էին Ադրբեջանում ընկալվում որպես հայեր, այնպես էլ մահմեդական քրդերը Հայաստանում ընկալվում էին որպես ադրբեջանցիներ: Այսօր մեր երկրում մնացել են ընդամենը մի քանի տասնյակ մահմեդական քրդեր: Նրանց մասին մենք կգրենք մեկ այլ առիթով:
Թաթուլ Հակոբյան
Նոյեմբերյան- Երեւան
Տես նաև` Հանդուրժողականության հաղթարշա՞վ, թե՞ վանդալիզմ
Մեկնաբանել