HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն օգոստոսի 1-ից կվերականգնի միջազգային ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի Դաշնությունն օգոստոսի 1-ից Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից կվերականգնի միջազգային ավիափոխադրումները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ավիահաղորդակցությունը դեռևս կվերականգնվի երեք երկրների՝ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Տանզանիայի հետ։ Չվերթների վերականգնման բանակցությունները սկսվել են հուլիսի կեսերին։

«Օգոստոսի 1-ից չվերթները կվերականգնվեն Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից։ Այս որոշումը հնարավորություն կտա նաև արագացնել ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք»,-«Россия 24»-ի եթերում հայտարարել է Միխայիլ Միշուստինը։ 

Օգոստոսի 1-ից չվերթներ կիրականացվեն դեպի Ստամբուլ և Անկարա, իսկ արդեն օգոստոսի 10-ից՝ դեպի թուրքական հանգստավայրեր՝ Անթալիա, Բոդրում և Դալաման։ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ շտաբն աշխատում է երկրների ցանկի ընդլայնման ուղղությամբ, իսկ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխն էլ նշել է, որ բանակցություններ են վարվում շուրջ 30 երկրի հետ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը միջազգային բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը դադարեցրել էր մարտի 27-ին։ Արգելքը չէր տարածվում տարհանման նպատակով իրականացվող թռիչքների վրա։

Այն մասին, որ Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարությունը պայմանավորվել է Ռուսաստանի հետ վերականգնել ավիահաղորդակցությունը, դեռ հուլիսի 15-ին հայտարարել էր «Anadolu» պետական գործակալությունը։ Պաշտոնական Մոսկվան չէր հաստատել այդ նորությունը։

Հուլիսի 9-ին Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը Տրանսպորտի նախարարությանը և Ռոսավիացիային առաջարկել էր ավիահաղորդակցությունը վերականգնել 13 երկրների հետ։ Առաջին փուլում առաջարկվում էր վերականգնել ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Չինաստանի, Մոնղոլիայի, Վիետնամի և Շրի Լանկայի հետ։ Ցանկը խիստ քննադատվել է զբոսաշրջային ընկերությունների կողմից։

Լուսանկարը՝ Sergei Kiselyov / Moskva News Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter