HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսային նոր սահմանափակումներ և խստացումներ Եվրոպայում

Չնայած համաճարակաբանները խոստանում էին, որ ամառային ամիսներին կորոնավիրուսը կսկսի նահանջել, այդուհանդերձ պատկերն այլ է։ Եվրոպական երկրները շարունակում են ներդնել նոր սահմանափակումներ և խստացումներ, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի տարածման աճի տեմպերով։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են մտցնել երկշաբաթյա պարտադիր կարանտին Իսպանիայից ժամանող բոլոր անձանց համար։ Պատճառն այդ երկրում վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճն է։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում խուսափել Իսպանիա մեկնելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը։

Նոր սահմանափակումները խստորեն քննադատվել են բրիտանական զբոսաշրջային կազմակերպությունների և ավիաընկերությունների կողմից։ Մասնավորապես, «British Airways»-ը հայտարարել է, որ սահմանափակումները «հազարավոր բրիտանացիների հանգստյան պլանները քաոսի կվերածեն»։ Բրիտանական զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ ասոցիացիան հույս ունի, որ բրիտանական կառավարությունը ամբողջությամբ կամ մասամբ կհանի սահմանափակումները, որպեսզի խուսափի Բրիտանիայում արտագնա և ներգնա տուրիզմի իրավիճակի հետագա վատթարացումից։

Ավելի վաղ, Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին Covid-19-ի տարածման դեմ պայքարի նոր միջոցառումների ներդրման մասին։ Ինչպես հայտնում է «El Pais» պարբերականը, երկրի 52 պրովինցիաներից առնվազն 30-ում նկատվում է վարակվածների թվի աճ։ Կարանտինային սահմանափակումների չեղարկումից մեկ ամիս անց կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը կտրուկ աճել է, հատկապես, Բարսելոնայում, Սարագոսայում և Մադրիդում։

Այս շաբաթ կորոնավիրուսով հիվանդների թվաքանակի աճի մասին խոսել են ԵՄ անդամ բազմաթիվ երկրներ։ Այդուհանդերձ, եվրոպական երկրների մեծ մասը դեռևս խուսափում են խիստ սահմանափակումների վերականգնումից, սակայն զուգահեռաբար պահպանում և խստացնում երկիր մուտք գործելու կանոնները։

Այսպես, Իտալիան կարանտին է հայտարարել Բուլղարիայից և Ռումինիայից ժամանողների համար, իսկ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտարարել է, որ 16 երկրներից ժամանած անձանց համար կսահմանվի կորոնավիրուսի պարտադիր թեստավորում։ Այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ալժիրը, Բահրեյնը, Իսրայելը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Քուվեյթը, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Պանաման, Պերուն, Սերբիան, Թուրքիան և Մադագասկարը։

Ավստրիան հուլիսի 27-ից նույնպես կխստացնի մուտքը երկիր բոլոր այն անձանց համար, որոնք Ավստրիա են ժամանում համաճարակաբանական ոչ կայուն իրավիճակ ունեցող երկրներից։ 32 երկրներից ժամանողներն ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Գերմանիան էլ իր հերթին կարող է պարտադիր թեստավորման ենթարկել բոլոր այն զբոսաշրջիկներին, որոնք Գերմանիա են վերադառնում համաճարակաբանական ոչ կայուն իրավիճակ ունեցող երկրներից։

Բելգիայի անվտանգության ազգային խորհուրդն ընդունել է որոշում հետաձգել սահմանափակումների հանման հինգերորդ փուլը, ինչպես նաև խստացնել դիմակների կրման ռեժիմը, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ զգուշացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Իրավիճակը հատկապես բարդ է Հնդկաստանում, որտեղ արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսի 1,3 միլիոն դեպք, որոնցից միայն 100 000-ը վերջին երկու օրվա ընթացքում։

Համաճարակաբաններն անհանգստացած են նաև ԱՄՆ-ում և Բրազիլիայում առկա իրավիճակով, որտեղ համավարակի տեմպերը չեն թուլանում։ Կորոնավիրուսն ակտիվորեն տարածվում է նաև Աֆրիկայում։ Իրավիճակն ամենաբարդը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 420 000 դեպք։ Բացի այդ, ԱՀԿ տվյալներով, համավարակի տարածումից ի վեր Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսով վարակվել է մոտ 10 000 բուժծառայող։

Վարակվածների էական աճ կա նաև Հարավային Կորեայում և Ճապոնիայում։

Լուսանկարը՝ RICK MADONIK / TORONTO STAR

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter