HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը հունիսին 7.5%-ով նվազել է

Հայաստանի տնտեսական անկումը հունիսին շարունակվել է։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ցուցանիշները՝ 2020 թվականի հունիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5 %-ով։

Միևնույն ժամանակ, նկատելի է, որ ապրիլ և մայիս ամիների համեմատ տնտեսական անկումը փոքր-ինչ դանդաղել է։ 

Ինչպես նախորդող ամիսներին, հունիսին ևս ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում։ Այս տարվա հունիսին շինարարության ծավալները կազմել են 23.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 23.3%-ով։

Արդյունաբերության ոլորտում ևս անկման տեմպերի նվազում է նկատվում։ Հունիսին անկումը կազմել է 2.4%, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 160.3  մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ ինչպես տնտեսության մի շարք ոլորտներում, այնպես էլ արդյունաբերության ծավալները տարվա առաջին երկու ամիսներին երկնիշ տեմպերով աճել են։

Ծառայությունների ծավալը հունիսին նվազել է 15.9 %-ով, իսկ ներքին առևտրաշրջանառությունը` 12.4 %-ով։

Ներքևում գտնվող գրաֆիկում կարող եք տեսնել և՛ ՏԱՑ-ի, և՛  տնտեսության հիմնական ոլորտներում գրանցված դինամիկան այս տարվա առաջին վեց ամիսներին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

Այստեղ հստակ երևում է, որ տարին սկսվել է տեսանելի աճով։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման ու արտակարգ դրության ազդեցությունները միանգամից արտացոլվել են այս վիճակագրության մեջ. շեշտակի անկում է  գրանցվել մարտ-ապրիլ ամիսներին։ Մայիս-հունիսին անկումը համեմատաբար դանդաղել է։

Այս գրաֆիկներում ներառված չեն  գյուղատնտեսության ցուցանիշները, քանի որ դրանք հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ։

 

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։

Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23.4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11.1 %, ծառայությունների ոլոտում՝ 6.4 %։

Առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը 1.5 % է, գյուղատնտեսության աճը՝ 1.7 %: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter