HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վահագն Հարությունյանն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գործով որոշումը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի բողոքը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը մերժելու որոշման դեմ։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործով նախագահող դատավորը եղել է Աստղիկ Խառատյանը, կազմում են եղել դատավորներ Սլավիկ Թորոսյանը և Դավիթ Սերոբյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմում է ներկայացրել 2018 թվականի նոյեմբերի 20-ին: Հայցադիմում ներկայացնելու պատճառն այն է, որ Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրան առաջադրված մեղադրանքի մասին ու ասել, որ «գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն, ու կոտրվի գործի ողնաշարը»:

Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետի խոսքերը համարում է զրպարտող, դատարանից խնդրում էր պատասխանող Սասուն Խաչատրյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տեքստը։

Առաջին ատյանի դատարանը, քննելով գործը, որոշել է մերժել Հարությունյանի հայցը, ինչի դեմ նրա պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Այս բողոքը, փաստորեն, մերժվել է։

Հարությունյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել։

Ավելի վաղ  «Հետք»-ի հետ զրույցում  Հարություն Հարությունյանն ասել էր, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխանում Խաչատրյանի ներկայացուցիչը դիրքորոշում է հայտնել, թե ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են մինչդատական վարույթի ընթացքում՝ վարույթի մանակցի կողմից։

Հայցվոր կողմը, սակայն, կարծում է, որ թեև Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ փաստացի արված արտահայտությունները չեն կարող զրպարտություն համարվել, եթե արվել են մինչդատական վարույթում կամ դրա ընթացքում՝ վարույթի մասնակցի կողմից, Հատուկ քննչական ծառայության պետը չի կարող համարվել վարույթի մասնակից: Ըստ Վահագն  Հարությունյանի ներկայացուցչի՝ վարույթի մասնակից է գործը քննող քննիչը, քննչական խմբի ղեկավարը կամ գործը վերահսկող դատախազը, բայց ոչ երբեք Հատուկ քննչական ծառայության պետը: Այս ամենը վերլուծելով՝ Հարությունյանի ներկայացուցիչները համարում են, որ Սասուն Խաչատրյանը թույլ է տվել զրպարտչական բնույթի արտահայտություններ, որոնք ենթակա են հերքման:

Սասուն Խաչատրյանի ներկայացուցիչ Էդգար Կոտոյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Սասուն Խաչատրյանի արտահայտությունները վերաբերում են կոնկրետ քրեական գործի քննության ընթացքին, այլ ոչ թե Վահագն Հարությունյանին, և հայցվոր կողմն է փորձում ինչ-որ կերպ քրեական գործի վերաբերյալ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի արտահայտությունները կապել կոնկրետ Վահագն Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter