HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի գործով

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։ Դանիելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ բռնության գործադրմամբ խուլիգանությունը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝  Արամի փողոցի մերձակայքում։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ ընկերոջ հետ զբոսնելիս է եղել, տեսել է Արթուր Դանիելյանին և նրա ղեկավարած միաբանության այլ անդամների։ Դանիելյանին բարևել է, ինչին ի պատասխան՝ Դանիելյանը հայհոյել է, որից հետո ինքը գլխով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին։

Միջադեպից հետո և՛ Դանիելյանը, և՛ Սիմոնյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, սակայն այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արթուր Դանիելյանը։

Մեզ հետ զրույցում Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Դանիելյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և միանգամից գործով որպես մեղադրյալ ներգրավվել։ Պաշտպանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև մինչ այս պահը առերես հարցաքննություն տեղի չի ունեցել։ Պաշտպանը դեպքի հետ կապված այլ մանրամասներ չհայտնեց։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Քննչական մարմինը նրան և Արթուր Դանիելյանին  նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, միաժամանակ նշել, որ դեպքի մանրամասներն արդեն իսկ հայտնի են հանրությանը։

Պաշտպանը դիրքորոշում է հայտնել, որ Դանիելյանի մեղադրանքն իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանն ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի բառերը:

Դանիելյանի և Սիմոնյանի միջև տեղի ունեցած  միջադեպից մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովում, որտեղ, դիմելով Ալեն Սիմոնյանին, Էդմոն Մարուքյանը նրան անվանել էր «անբարոյականի վաստակ»։

Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ ՀՔԾ-ի՝ Արթուր Դանեիելյանին մեղադրանք առաջադրելու  տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Էդմոն Մարուքյանին` 258-րդ հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ  Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է խուլիգանությունը՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, իսկ 2-րդ մասը նույն արարքն է՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։

«Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին՝ Ա. Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի «ոչ թավշյա»  քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության»,- գրել է Տիգրան Աթանեսյանն ու խոստացել նախաքննության ավարտից հետո հանրային դարձնել դեպքի՝ բավականին ուշագրավ տեսանյութը։

Լուսանկարում՝ ձախից Ալեն Սիմոնյանը, Արթուր Դանիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter