HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Թրթուրները վնասել են 11,6 հազար հա անտառային տարածք. ավիացիոն քիմիական պայքար չի իրականացվել

2020թ.-ին տերևակեր վնասատուներով (ոսկետուտ, տարազույգ մետաքսագործ) և հիվանդություններով (ալրացող) վարակվել են անտառածածկ տարածքներից շուրջ 11.575 հա, ընդ որում 5570 հա-ը՝ Սյունիքի մարզում։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Վնասվել են Արագածոտնի, Վայոց ձորի, Լոռվա, Կոտայքի, Սյունիքի մարզերի անտառները։

Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ երկու տարի անընդմեջ չի իրականացվում ավիացիոն քիմիական պայքար, ուստի թրթուրները կարողացել են արագ բազմանալ եւ վնասել անտառները։

Նախարարությունը չունի սեփական ավիացիան, որով կկարողանա իրականացնել աշխատանքները, իսկ այս տարի հիվանդությունների, թրթուրների դեմ ավիացիոն քիմիական պայքար կատարելու նպատակով համապատասխան սարքավորումներով կահավորված ուղղաթիռի և անձնակազմի վարձակալության համար 2020 թվականին Անտառային կոմիտեն երկու անգամ հայտարարել է մրցույթ, սակայն մասնակից չլինելու պատճառով մրցույթները չեն կայացել, իսկ թրթուրների դեմ պայքարը չի իրականացվել։ Այս տարի վնասատուների դեմ պայքարի շրջանն ավարտվել է, ինչպես պարզաբանում է նախարարությունը, այժմ քիմիական որեւէ պայքար իրականացնելն անարդյունավետ կլինի։

Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատի» ֆեյսբուքյան էջում Հրազդանի վնասված անտառների լուսանկարներ են հրապարակվել։

«Երևում է, թե ինչպես են տասնյակ հեկտար անտառներ ուղղակի չորացել տերևակեր թրթուրների հարձակման արդյունքում։ Սա ժամանակին միջոցառումներ չիրականացնելու հետևանքն է, ու պետական լիազոր մարմինները պետք է հասկանան, որ անտառների պաշտպանությունն ու պահպանությունը ոչ պակաս կարևոր գործողություն է, որի անտեսումը բերում է ցավալի ու անդառնալի հետևանքների»,- գրել է բնապահպան Լեւոն Գալստյանը։

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը նույնպես  անդրադարձել է Ապարանի անտառների չորացմանը։ Նա ֆեյսբուք իր էջում նշել է, որ արբանյակային պատկերի միջոցով հատկորոշվել է մոտ 32 հա կաղնու վնասված անտառամաս, որի տերևային մակերեսը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է տարազույգ մետաքսագործի թրթուրների կողմից։ 

Սյունիքի մարզի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում չորացած անտառներն ամենալայն տարածվածությունն ունեն՝ 2530 հա, ըստ մասնաճյուղի աշխատակից, անտառկուլտուրաների ինժեներ Խորեն Հարությունյանի՝ չորացած անտառները Կապանից հեռու են, հիմնականում գյուղական վայրերում:

Հարությունյանը եւս նշում է, որ երկու տարի քիմիական սրսկում չի իրականացվել, իսկ վերջին անգամ անցկացված քիմիական պայքարի միայն մի մասն է արդյունք տվել։ «Մեզ մոտ մի տարածքից մի տարածքը ահռելի մեծ տարբերություն է, երբ թրթուրը ընկնում է, առաջիկա 5-10 օրվա ընթացքում պետք է դեղ ցանեն։ Ջերմաստիճանի տատանումներ են, մի տեղ թրթուրը ուշ է բացվում, մի տեղ՝ շուտ, դեղը ցանեն, մի տեղ էֆեկտ է տալու, մյուսում՝ չի տալու։ Թրթուրը բացվելիս պետք է դեղը ցանել, չի լինի, որ մի ամիս մի տեղը ցանեն, մյուս ամիս՝ մյուսը, եկել, միանգամից ցանել են։ Հիմա էլ ենք կանչել, որ գան, ցանեն, բայց էս տարի արդեն ուշ է», - «Հետքի» հետ զրույցում ասաց անտառկուլտուրաների ինժեներ Խորեն Հարությունյանը։

Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2020թ.-ին վնասվել է ընդհանուր 11.575 հազար հա անտառ, որից՝

«Արագածոտնի ա/տ» մասնաճյուղում՝ 1550 հա, 

«Հրազդանի ա/տ» մասնաճյուղում՝ 585 հա, 

«Կապանի ա/տ» մասնաճյուղում՝ 2530 հա, 

«Սյունիքի ա/տ» մասնաճյուղում՝ 2140 հա, 

«Սիսիանի ա/տ» մասնաճյուղում՝ 900 հա, 

«Ստեփանավանի ա/տ» մասնաճյուղում՝ 1360 հա, 

«Տաշիրի ա/տ» մասնաճյուղում՝ 960 հա, 

«Վայոց ձորի ա/տ» մասնաճյուղում՝ 1550 հա։

«Թրթուրները չեն վնասում ծառերի արմատները, ուտում են միայն տերեւները, սակայն մի քանի տարի անընդհատ ծառերի տերևազրկման կրկնվելու դեպքում նվազում է դրանց տարեկան աճը, թուլանում է դիմադրողականությունը, ինչի արդյունքում ծառերը կարող են չորանալ»,- նշված է նախարարության պատասխանում։

Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկումներ է կատարվում մասնավոր ընկերությունների հետ (նաև միջազգային) 2021 թվականի գարնանը ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ իրականացնելու համար։ Նախարարությունը մտադիր է քննարկումներ անցկացնել նաեւ այլընտանքային նորարարական լուծումներ առաջարկող ընկերությունների, գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Թրթուրների դեմ պայքարում տարբեր երկրներում օգտագործվում են ֆերամոնային թակարդները, որոնք տեղադրվում են ծառերի ստվերում եւ որսում թիրախային տեսակներին։ Դրանք պարունակում են սինթետիկ գրավիչ նյութեր, որոնց շնորհիվ էլ թրթուրները հայտնվում են պատիճներում։ Սա ժամանակավոր կանխում է թրթուրների բազմացումը։

Գյուղատնտեսական ակադեմիայի դասախոս, քիմիկոս Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ օրգանական քիմիայի նախկին ինստիտուտում տարիներ առաջ զբաղվել են ֆերամոնների ուսումնասիրմամբ։ Նա մի քանի տարի առաջ նորից է դիմել ուսումնասիրությունը շարունակելու համար, սակայն գյուղատնտեսության նախարարությունից ասել են՝ ֆինանսավորում չունեն:

«Սա շատ անհրաժեշտ բան է, մենք բնապահպանությունից ենք խնդրում, բայց ինչքան թույն կա, սրսկում ենք մեր այգիներին, դրա համար էլ էկոլոգիական հավասարակշռությունը խախտվում է՝ մի աղետից գնալով դեպի մյուսը»,- ասաց Մկրտչյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ թրթուրների պատճառած վերջնական վնասը հնարավոր կլինի պարզել 2020 թվականի աշնանը և 2021թ. գարնանը՝ անտառպաթոլոգիական հետազոտությունների ընթացքում։

 

Լուսանկարները՝ ֆեյսբուք սոցիալական կայքի օգտատերերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter