HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Հանրային դատարանը բավարարեց քաղաքացիների հայցը

Այսօր Մաշտոցի պուրակում Հանրային դատարանը բավարարեց անհատ քաղաքացիների և քաղաքացիական նախաձեռնությունների հայցը:

Հրապարակվեց «Քաղաքացիական անկախ և արդար դատարանի» վճիռը՝ «Հանրությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի» հայցով: Նիստը վարում էր Արթուր Գրիգորյանը, որպես ատենակալ հանդես եկավ հանրությունը, ով պարտավորվեց հետամուտ լինել վճռի իրականացմանը:

Դատական վճիռն ունի երկու պահանջ: Առաջին կետով այգու տաղավարներն ապօրինի շինություններ են հայտարարվել, և որոշվել է Մաշտոցի պուրակի արտաքին տեսքը համապատասխանեցնել Երևանի գլխավոր հատակագծին և գլխավոր պողոտայի գոտևորման նախագծին, որոնք օրենքի ուժ ունեն, ասել է թե՝ ապամոնտաժել այդ շինությունները 10-օրյա ժամկետում:

Վճռի երկրորդ կետով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվում է բարեկարգել այգին: Արդեն մեկ ամիս և մեկ շաբաթ այգում տաղավարների կառուցմանը խոչընդոտող բնապահպանները ևս անմասն չեն մնա այդ աշխատանքներից: Նրանք պատրաստվում են հասարակական հիմունքներով ներդնել իրենց ողջ ներուժը, ինչպես նաև՝ ներգրավել բնապահպանական ՀԿ-ներին Մաշտոցի այգին պատշաճ տեսքի բերելու համար:

«Քաղաքապետարանը 10 օր ժամանակ ունի տաղավարները հանելու, իսկ մենք կսկսենք այգու բարեկարգումը Կողբացու հատվածից,-ասում է բնապահպան Արփինե Գալֆայանը: -Մինչև հասնենք կառուցապատված հատվածին, կարծում եմ՝ այդ ապօրինի շինություններն այլևս չեն լինի: Այլապես քաղաքացիական հասարակությունը կորոշի՝ ինչպես վարվել դրանց հետ»:
Բարեկարգման աշխատանքները համապատասխանելու են կանաչ գոտու հատակագծին: Դրանց զուգահեռ այգում շարունակվելու են մշակութային միջոցառումները: Շուտով ակտիվիստները կհրապարակեն Մաշտոցի պուրակի յուրաքանչյուր օրվա օրակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter