HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց հողի կատեգորիան փոխելու հէկի ջրահավաք ավազան են կառուցել․ ինչպե՞ս է Կուրթանի հողն օտարվել

Լոռու մարզում գտնվող Գարգառ գետի վրա 2005-2007 թվականներին հիդրոէլեկտրակայանի ջրահավաք ավազան է կառուցվել՝ առանց հողի կատեգորիայի փոփոխման։ Բացի դրանից, «Տիրակալ» ՍՊԸ-ին հողի նկատմամբ սեփականության իրավունքը  տրամադրվել է կասկածելի հանգամանքներում։ Իսկ ընկերության բաժնետոմսերի առյուծի բաժինը պատկանում է «Ինեկոբանկ»-ի խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանին։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2019 թվականի հոկտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ստուգումներ է իրականացրել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքում: Պարզել է, որ Կուրթան գյուղում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ գործառնական նշանակության հողամասում, առանց օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, ինքնակամ կառուցվել է հէկի ջրահավաք ավազան։ Համայնքի ղեկավարը վերոնշյալ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ փաստաթղթեր չի ներկայացրել։ Այս և նույն համայնքում այլ խախտումների համար Գյուլագարակի համայնքապետը տուգանվել է 150 հազար դրամով:

Այցելեցինք Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի այն հատվածը, որտեղ, ըստ Տեսչական մարմնի, առանց հողի կատեգորիայի փոփոխման, հէկի ջրահավաք ավազան է կառուցվել։ Կուրթանից Հնեվանք վանական համալիր տանող ճանապարհի սկզբնամասի ձախ հատվածում՝ Գարգառ գետի վրա է կառուցված ջրահավաք ավազանը։ Պարզեցինք, որ ջրահավաք ավազանը պատկանում է «Տիրակալ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Կուրթան» հիդրոէլեկտրակայանին։

Հէկը կրում է համանուն գյուղի անունը՝ «Կուրթան» փոքր հիդրոէլեկտրակայան: Շահագործման է հանձնվել 2006 թվականին: «Տիրակալ» ՍՊ ընկերության 93.5 % բաժնետոմսերի սեփականատերը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանն է։ Մնացած 5 %-ը պատկանում է Ռոբերտ Վիրաբյանին, իսկ 1.5 %-ը՝ Երջանիկ Մանուկյանին: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 200 մլն դրամ է։

Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև ասել, թե ի՞նչ հիմքով է «Տիրակալ» ՍՊԸ-ն գետի վրա կառուցել ջրահավաք ավազանը։ Մհեր Գևորգյանը մեր բազմաթիվ հարցերին պատասխանել է 1-2 բառով։ Նշել է, որ ավազանի հողը սեփականության իրավունքով պատկանում է «Տիրակալ» ՍՊԸ-ին, սակայն չի պատասխանել ամենակարևոր հարցին՝ ի՞նչ հիմքով է հողի վրա այդ ավազանը կառուցվել։

Պարզաբանում ստանալու համար դիմեցինք «Տիրակալ» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Գրիգորյանին և խնդրեցինք ասել՝ ընկերությունն ի՞նչ իրավունք ունի հէկի ջրահավաք ավազանի հողի նկատմամբ, արդյո՞ք փոխվել է հողի կատեգորիան։ Մխիթար Գրիգորյանը մեզ է տրամադրել ջրահավաք ավազանի, դրա հողի և կից կառուցված օպերատորի տնակի նկատմամբ սեփականության վկայականի լուսապատճեն։ Վկայականում, որպես անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթուղթ, նշված է․ «Կուրթան փհէկ-2-ի գլխամասային հանգույցի և հավաքվող ջրավազանի, օպերատորների տնակի սեփ․ իրավ․ գրանց․ վկ․ N1205880 16․11.05 թ․ շին. և թույլտվություն, N01 12.04.07թ․, շին.-ն շահագործման փաստագրման ակտ 23.04.07 թ․ աշխատանքային նախագիծ»։ Վկայականում բացակայում է գույքի կադաստրային ծածկագիրը, որը գույքը նույնականացնելու առանցքային տվյալն է։ Որպես հողամասի նպատակային նշանակություն՝ վկայականում գրված է «արդյունաբերական», իսկ օգտագործման նպատակը՝ «հէկի սպասարկման»։ Վկայականի վերջին էջում նշված է․ «Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04/10/2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում»։

Կադաստրի պատասխանը հարցերն ավելի է խորացնում 

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզի ուսումնասիրությամբ պարզվում է, որ հէկի ջրահավաք ավազանն արտացոլված չէ քարտեզում, քարտեզում չկա նաև օպերատորների տնակը։ Ջրահավաք ավազանի արբանյակից արված լուսանկարով և տեղանքը ֆիքսող կադաստրային քարտեզից արված քաղվածքով դիմեցինք Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչ հիմքով է սեփականության իրավունք տրամադրվել։

«Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված տվյալներով կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այն համապատասխանում է «Տիրակալ» ՍՊԸ-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված Կուրթանի փհէկ-2, գլխամասային հանգույց և հավաքվող ջրավազան, օպերատորի սենյակ անվամբ անշարժ գույքին, վկայական 2332855։ Իրավունքը ձեռք է բերվել համայնքի ղեկավարի 11/11/2005 թ.-ին կայացրած թիվ 27 որոշման, 11/11/2005 թ.-ին կնքված 3460 վարձակալության պայմանագրի, 13/12/2004 թ-ի թիվ 1 շինարարության թույլտվության, 05/11/2005 թ-ի թիվ 1 ավարտական ակտի, 12/04/2007 թ-ի թիվ 01 շինարարության թույլտվության, 23/04/2007 թ.-ի թիվ 01 ավարտական ակտի ինչպես նաև հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04/10/2005 թվականի թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում»,- ասված է  Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Ֆերդինանդ Կարայանի պատրաստած տեղեկանքում։

Ինչպե՞ս է հողի սեփականատեր դարձել «Տիրակալ» ՍՊԸ-ն

«Հողային օրենսգրքում» 2006 թ.-ի մայիսի 23-ին փոփոխություն է կատարվել, որը համայնքային հողերի սեփականաշնորհման նոր հնարավորություն է տվել։ Ըստ փոփոխության 3-րդ կետի՝ մինչև 2005 թվականի նոյեմբերի 26-ը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունք ձեռք բերած և այդ իրավունքները գրանցած իրավաբանական անձանց սույն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում են հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերը, եթե դրանց վրա սահմանված կարգով կառուցվել են շենքեր և շինություններ, այդ թվում` կիսակառույց շենքեր, շինություններ՝ անկախ դրանց ավարտվածության աստիճանից: «Տիրակալ» ՍՊԸ-ն 2005 թ.-ի նոյեմբերի 11-ին Կուրթան համայնքից հողամաս է վարձակալել, դրա վրա շինություն կառուցել և հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ Ամեն բան սահուն կլիներ և տրամաբանական, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ ի՞նչ կատեգորիայի հող է վարձակալել «Տիրակալ» ՍՊԸ-ն Կուրթան համայնքից։ Ո՛չ Գյուլագարակ համայնքի ղեկավարը, ո՛չ «Տիրակալ» ՍՊԸ-ի տնօրենը, ո՛չ Կադաստրի կոմիտեն տեղեկություններ չեն տրամադրել հողի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ։ Ըստ Տեսչական մարմնի ձեռքի տակ առկա տվյալների՝ հողը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ գործառնական նշանակության է։ Ահա այս հանգամանքն է անկյունաքարայինը։ Իսկ գյուղատնտեսական հողի նշանակությունը հէկի ջրահավաք ավազան կառուցելու համար պետք է փոփոխվեր ոչ թե արդյունաբերականի, այլ էներգետիկայի։ Էներգետիկայի հողի կատեգորիայի դեպքում այն անհնար կլիներ սեփականաշնորհել՝ օգտվելով «Հողային օրենսգրքում» կատարված փոփոխությունից։ Իսկ հողի նշանակությունը փոփոխելու համար պետք է լիներ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն։

Այսինքն՝ գյուղատնտեսական նշանակության հողամասը տրվել է վարձակալության, վրան շինություն է կառուցվել, ապա «Հողային օրենսգրքում» կատարված փոփոխության ուժով սեփականաշնորհվել է որպես արդյունաբերական (առանց կատեգորիայի օրինական փոփոխման փաստաթղթերի առկայության)։ Եվ այս պայմաններում հասկանալի է Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի՝ տեղեկություններ չտրամադրելու վարքագիծը, քանի որ նույն Մհեր Գևորգյանը 2005 թվականին հանդիսացել է Կուրթան համայնքի ղեկավարը (այդ ժամանակ գյուղը դեռ չէր խոշորացվել), ով ի պաշտոնե պետք է վերահսկեր, որպեսզի համայնքի հողերն ըստ նպատակային նշանակության օգտագործվեին, իսկ ապօրինի հողօգտագործումը պետք է կասեցներ։

Այս ամենի հետևանքով համայնքը զրկվել է հողի վաճառքից և հողի նպատակային նշանակության փոփոխման արդյունքում գոյացող եկամուտներից։ Իսկ թե ինչ ծավալի վնաս է կրել համայնքը, պետք է իրավապահները պարզեն, ինչպես նաև իրավական գնահատական տան այդ ժամանակվանից մինչ օրս համայնքը ղեկավարող Մհեր Գևորգյանի գործողություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter