HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պարտադիր կարանտին, թե անարդար որոշում. Իսպանիան դժգոհ է Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշումից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ, հնարավոր է, արդեն իսկ Եվրոպա է հասել կորոնավիրուսի երկրորդ ալիքը։ Այդպես է Ջոնսոնը բացատրել բրիտանական կառավարության որոշումը, որով ենթադրվում է երկշաբաթյա պարտադիր կարանտին՝ Իսպանիայից ժամանող բոլոր անձանց համար։

«Եկեք ավելի հստակ նշենք, թե ինչ է կատարվում Եվրոպայում՝ մեր եվրոպական որոշ ընկերների մոտ։ Վախենամ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նախանշանները։ Ցավոք, եթե մենք տեսնում ենք այլ երկրներում ալիքի նախանշանները, ապա մեր խնդիրն ու պարտքն է գործել արագ ու վճռական, որպեսզի… մարդիկ, որոնք ժամանում են այդ երկրներից, իրենց հետ Մեծ Բրիտանիա չբերեն հիվանդությունը»,- հավելել է Ջոնսոնը։

Իսպանիայից ժամանող անձանց նկատմամբ երկշաբաթյա պարտադիր կարանտինին դեմ են արտահայտվել զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչները, ինչպես նաև իսպանական կառավարությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշումն անվանել է «անարդար» և նշել, որ բրիտանացի զբոսաշրջիկներն իր երկրի որոշ շրջաններում կարող են իրենց առավել անվտանգ զգալ, քան Մեծ Բրիտանիայում։ Մասնավորապես, իսպանացիները դժգոհ են այն նրանից, որ Բրիտանիան բացառություն չի արել այն զբոսաշրջիկների համար, որոնք վերադառնում են Բալեարյան և Կանարյան կղզիներից, որտեղ գրեթե չկա կորոնավիրուս։

Զուգահեռաբար, Իսպանիայի երկու շրջաններում՝ Կատալոնիայում և Արագոնում, շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը, սակայն իշխանությունները հայտարարում են, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Մադրիդում հուլիսի 28-ին մտցվել է դիմակների պարտադիր կրման ռեժիմ։ Բացի այդ, իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս չհավաքվել 10 հոգուց ավելին։

Վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքերով՝ Իսպանիայում Covid-19-ի նոր դեպքերի 64 %-ը գրանցվում են երկու շրջաններում, իսկ Իսպանիայի մնացած մասում հիվանդությունը տարածվում է շատ ավելի դանդաղ, քան Մեծ Բրիտանիայում։ Եվրոպացի հաճարակաբանների տվյալներով՝ Իսպանիայի յուրաքանչյուր 100 000 բնակչին ներկայումս միջինում բաժին է ընկնում կորոնավիրուսի 35,1 դեպք, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմում է 14,7։

Իր քաղաքացիներին Իսպանիա չմեկնելու խորհուրդ է տալիս նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է իսպանական երեք շրջանների՝ Կատալոնիայի, Արագոնի և Նավարրայի մասին։ Առողջապահության նախարար Յենս Սպանը հայտնել է, որ այսուհետ համաճարակաբանական տեսանկյունից բարձր ռիսկի տակ գտնվող երկրներից Գերմանիա ժամանողները պարտադիր կթեստավորվեն։

Միևնույն ժամանակ Ռոբերտ Կոհի ինստիտուտը հայտարարել է Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների աճի մասին։ Հուլիսի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը 633 է, ինչը կրկնակի ավելին է, քան մեկ օր առաջ։ Ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլերի կարծիքով՝ պատճառն անփությունն է, սոցիալական հեռավորության չպահպանումը և մարդկանց միջև սոցիալական շփումների ավելացումը։

Բելգիան մինչև հինգի է կրճատում այն մարդկանց թիվը, որոնք մտնում են, այսպես կոչված, «սոցիալական պղպջակների» մեջ։ Սրանք այն մարդիկ են, որոնց հետ մարդը շփվում է տնից դուրս։ Ներկայումս Բելգիայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները Եվրոպայի ամենաբարձ ցուցանիշներից մեկն են։ Նախորդ շաբաթ ամեն օր այնտեղ գրանցվել է միջինում 279 նոր դեպք, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 163։

Իրավիճակն առավել բարդ է Անտվերպենում, որտեղ յուրաքանչյուր 100 000 հոգուն բաժին է ընկնում ավելի քան 100 դեպք։ Անտվերպենի քաղաքապետի ներկայացուցիչ Բարտ դե Վեվերը նշել է, որ իշխանությունները ուշադրությամբ հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել հավելյալ գործողություններ։ Քաղաքում շարունակվում են արգելված մնալ թիմային սպորտաձևերը։ 12-ից բարձր բոլոր անձանց համար պարտադիր է դիմակի կրումն այն վայրերում, որտեղ անհնարին է պահպանել սոցիալական հեռավորությունը։ Անտվերպենում, բացի որոշակի խմբերի աշխատակիցների համար, գիշերային ժամերին հայտարարվել է պարետային ժամ։

Լուսանկարը` REUTERS/Albert Gea

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter