
Նիկոլ Փաշինյան․ «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է:
«Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։
«Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, ինքը տեղյակ է, որ մեր շատ քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ: «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է և բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,- նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոն Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել և կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Ըստ նախարարի՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։
«Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավալման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա ընթացքում այն նորից նույն ծավալով աշխատեցնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել ու հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու»,- ասել է նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկորդ ալիքին։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։
«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», - ասել է Արսեն Թորոսյանը։
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ առաջիկայում մի շարք ոլորտների գործունեության հետ կապված կընդունվեն պարետի որոշումներ, որոնք հնարավորություն կտան հստակ կանոնների պահպանմամբ վերսկսել գործունեությունը:
Մեկնաբանել