HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսի նոր բռնկումների համար մեղադրում է երիտասարդությանը, իսկ ԵՄ-ում քննարկում են սահմանների փակման հարցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկումների համար մեղավոր են երիտասարդները, որոնք չեն հետևել սոցիալական հեռավորության պահպանմանը և ձգտում են ապրել նախկին կենսաձևով։

ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն «BBC»-ի ռադիոեթերի ընթացքում հայտարարել է, որ աշխարհի երկրների իշխանությունները պարտավոր են հաճախ հայտարարել առողջապահական խորհուրդների մասին։ «Ավելի մեծ թվով երկրներում սկսվել են լոկալ բռնկումներ և հիվանդության աճ։ Մեզ հայտնի է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարդիկ փոխում են իրենց վարքագիծը։ Տարբեր երկրների առողջապահական մարմինները մեզ հայտնում են, որ վարակման աճը հատկապես մեծ է երիտասարդների շրջանում։ Այնպես որ, իմ կարծիքով, միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է ևս մեկ անգամ մտածենք, թե ինչպես առավել ճիշտ աշխատենք երիտասարդության հետ»,- նշել է Կլյուգեն։

Նա հավելել է, որ, որպես երկու դուստրերի հայր, հասկանում է, որ երիտասարդները «չեն ցանկանում մնալ առանց ամռան», սակայն հավելել է, որ նրանք պետք է պատասխանատվություն ունենան իրենց անձի, ծնողների, տատիկների ու պապիկների և ընդհանրապես մարդկանց առջև, որոնց շրջանում բնակվում են։

Եվրոպական երկրների մեծ մասում հիվանդության տարածման աճը ստիպել է եվրոպական իշխանություններին կրկին մտածել Եվրամիության արտաքին և ներքին սահմանների փակման հնարավորության մասին։ Սակայն Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերան նախազգուշացրել է, որ դրանից հնարավորինս պետք է խուսափել։ Նա նաև հայտարարել է, որ կցանկանար խուսափել երկրում հերթական սահմանափակումներից, սակայն վիրուսի դեմ պայքարի ավարտը դեռ շատ հեռու է։

Գերմանացի գիտնականներն էլ կարծում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը ի հայտ չի գա մինչև հաջորդ տարվա կեսերը։ Այս երկիրը համարվում է կորոնավիրուսի համավարակի դեմ ամենաարդյունավետ պայքարած երկրներից մեկը։ Սակայն առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խիստ մտահոգ է վերջին օրերին առկա իրավիճակով, երբ վարակվածության վիճակագրությունը նորից աճել է։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է գրեթե 208 հազար մարդ, մահացել է շուրջ 9100-ը։

ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան շուրջ 1600 դեպք։ Սա մայիսից ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն է։ Վարակվածների թիվն աճում է հատկապես հարավային և արևմտյան նահանգներում։

Հոնկոնգի առաջնորդ Քերի Լեմը հայտարարել է, որ ինքնավար քաղաքի առողջապահական համակարգը, կապված կորոնավիրուսի աճի հետ, մոտ է կոլապսին։ Մեկ ամիս առաջ Հոնկոնգում մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի թիվը չէր գերազանցում 10-ը, իսկ ներկայում այդ թիվն անցնում է 100-ը։ Հուլիսի 27-ին Հոնկոնգում նոր դեպքերի թիվը հասել է 145-ի։

Իշխանությունները Հոնկոնգի բնակիչներին խորհուրդ են տվել մնալ տներում, որպեսզի օգնեն իշխանություններին վերահսկողություն սահմանել կորոնավիրուսի նոր բռնկման նկատմամբ։ Հուլիսի 29-ից հանրային վայրերում պարտադիր է դարձել դիմակների կրման ռեժիմը։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter