HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռուբեն Հայրապետյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը։

Խոսքը Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման գործընթացում ենթադրյալ չարաշահումների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին է։

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 24-ին տեղեկացրել էր, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին՝ Ն․Տ․-ին։ Վերջինս, ըստ մեղադրանքի, Ռուբեն Հայրապետյանի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով,հանձնաժողովում ընդգրկված մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի, Ն.Տ.-ն 2015 թվականի հունվարի 14-ին աճուրդների փաթեթներին կցել է Երևան քաղաքի Ավան, Աճառյան փողոցի երեք հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը, որից հետո 2015 թվականի հունվարի 19-ին մի խումբ անձանց հետ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները, որի արդյունքում նշված հողակտորները շուկայականից զգալի ցածր գներով ձևական աճուրդների միջոցով օտարվել են Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Բացի այդ,  ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, Ն.Տ.-ն հրապարակային աճուրդներ կազմակերպելու պատրանք ստեղծելու նպատակով Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձանց` 2015 թվականի հունվարի 14-ին Երևանի քաղաքապետարան չներկայանալու պայմաններում, հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը կցել է փաթեթներին, այնուհետև կազմել և շրջանառության մեջ է դրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող` Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի համայնքային հողամասերն աճուրդով վաճառելու մասին նիստերի կեղծ արձանագրությունները։

Նշված կեղծ արձանագրությունների հիման վրա Երևանի քաղաքապետի որոշման հիմքով 2015 թվականի հունվարի 26-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով խաթարվել են համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի օտարման բնականոն գործընթացները` 808.000.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողամասերն օտարվել են ընդամենը 169.820.910 դրամով, ինչի հետևանքով Երևան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 638.179.090 դրամի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ռուբեն Հայրապետյանն այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ գործով, ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության,  Հայրապետյանը, նրա որդին և վերջինիս ընկերները մեղադրվում են«Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարին բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկելու,  իսկ հետագայում՝ նրան ունեզրկելու մեջ։ Այս գործի շրջանակներում է Հայրապետյանը հետախուզման մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter