
Թույլ տվեք մեռնել արժանավայել
Կենցաղային ամենատարրական պայմաններից, անգամ' զուգարանից զուրկ, ոչնչով կացարան չհիշեցնող, խարխուլ տանիքի տակ իրենց ծերության անփառունակ օրերն են քարշ տալիս 18 փախստականներ, շատերը' ընտանիքներով:
Թշվառությունը յուրահատուկ հոտ ունի: Դա զգալու համար բավական է այցելել Էջմիածնի Աթարբեկյան 101 հասցեի հանրակացարան, ուր 1988-ից բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները:
«Մինչեւ հիմա ոչ մեկը չի եկել, չի հետաքրքրվել մեզանով: Ոնց որ' ոչ եղել ենք, ոչ էլ կանք: Թե ոնց ենք ապրում, ինչ ենք ուտում իրենց տված 10 000 դրամ թոշակով, ինչով ենք տուն կոչվածը տաքացնում' որեւէ մեկին չի հուզում: Երեւի չեն էլ հիշում, որ 18 տարի առաջ էստեղ մարդիկ են բերել-լցրել»,- սրտնեղում է Ամալյա Օգանեզովան:
Հարեւանուհուն ընդհատելով' լուսանկարների, մեդալների ու շքանշանների արկղիկը սեղանին դնելով թեման շարունակում է Հայրենական պատերազմի վետերան, 84-ամյա Քնարիկ Աթաբեկյանը.«Երիտասարդ տարիներս պատերազմում մաշեցի' կորցրեցի ամուսնուս, իսկ ծերությունս քարշ եմ տալիս հանրակացարանի ավերված պատերի մեջ: Հայրենիք եմ պաշտպանել: Երկու անգամ վիրավորվել եմ :Ծառայությանս համար արժանացել եմ բարձր պարգեւների ու մեդալների: Մայիսի 7-ին էլ Ռոբերտ Քոչարյանն անձամբ շնորհավորեց հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով եւ պարգեւատրեց մեդալով: Բայց ոչ մեկը չի ասում' օգնենք, որ այս ծեր կինը գլխին նորմալ տանիք ունենա, որ գոնե կյանքի վերջին տարիները խաղաղված հոգով ապրի»:
18 տարի է հանրակացարանի բնակիչները օրն սկսում են հարեւանությամբ գտնվող սեփական տներից դույլերով ջուր կրելով:
«Բայց ինչքա՞ն կարելի է, չէ՞ որ նրաց հաշվիչն էլ աշխատում է: Արդեն մի քանի օր է' դարպասը փակել են, որ չգնանք: Չեմ մեղադրում, բայց չեմ էլ պատկերացնում' թե սրանից հետո ջրի հարցը ո՞նց ենք լուծելու... մեղք ենք չէ՞... 70-80 տարեկան հիվանդ, անուժ պառավներ ենք, ամեն օր 3-րդ, 4-րդ հարկեր ջուր բարձրացնելը հեշտ ա՞... մի երկու օր առաջ դույլերը ձեռքիս' աստիճանների վրա ուշաթափվում էի' Նահատակյանը բռնեց (Նահատակյանը հանրակացարանի հարեւանությամբ գործող վարժարանի տնօրենն է ու' հանրակացարանի բնակիչներից մեկը) »,-պատմում էր Գրետա Մովսեսովան:
«Ինչ հիվանդություն ասես' էս շենքում ստացա, որը մրսելուց, որը' մտածմունքից: Էստեղ ամեն ինչն է պրոբլեմ, բա մարդը զուգարան գնալու հնարավորություն էլ չունենա՞: Դեռ ամռանը մի կերպ կարելի է յոլա գնալ, բայց ձմռանը գիտե՞ք ինչ ենք անում,- հարցնում է Վազգեն Սարկիսովը, ինքն էլ պատասխսնում,- բնական կարիքներս հոգում ենք դույլերի ու ցելոֆանե տոպրակների մեջ եւ հանում դուրս: Նույն սենյակում, որտեղ ուտում ու քնում ենք, նաեւ' եփում ու զուգարան ենք գնում»:
æրի, գազի, վառելափայտի եւ ընդհանրապես' իրենց վիճակի մասին Էջմիածնի քաղաքապետին իրազեկելու նպատակով օրերս քաղաքապետարանում են եղել փախստականների հինգ հոգանոց «պատվիրակությունը»:
«Հիմնականում վառելիքի հարցն էր իրենց անհանգստացնում: Քանի որ աղքատ ընտանիքներին վառելափայտով օգնելու ծրագիր ունենք, դրա մեջ ընդգրկեցինք նաեւ հանրակացարանի բնակիչներին: Առաջիկայում նրանց վառելափայտ կուղարկենք»,-ասաց Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը, ով նաեւ «պատվիրակներին» խոստացել էր մինչեւ տարեվերջ անձամբ այցելել իրենց ու լինել բոլորի տներում:
«Բայց շենքը վերանորոգելու եւ նորոգված բնակարանները մեզ հատկացնելու մասին ոչինչ չխոստացավ»,-նկատեց «պատվիրակներից» մեկը:
![]() |
![]() |
«Քաղաքապետարանը շենքի նկատմամբ որեւէ իրավասություն չունի,- հակադարձեց արցախյան պատերազմի մասնակից, Էջմիածնի առաջին կամավորական ջոկատի հրամանատար, 1991-95թթ.ՀՀ ԳԽ պատգամավոր, հանրակացարանի երկարամյա բնակիչ Համլետ Նահատակյանը:- Շենքը մինչեւ 1991 թվականը եղել է թիվ 27 պրոֆտեխուսումնարանի հանրակացարանը: 91-ին, երբ ստեղծեցի Ներսիսյան վարժարանը' ուսումնարանի շենքն իր հանրակացարանով փոխանցվեց վարժարանի հաշվեկշիռ: Այնպես որ' դրա նկատմամբ իրավասությունները միայն կրթօջախի ղեկավարությանն են պատկանում»:
1988-95թթ. փախստականներն այստեղ ավելի մեծաթիվ էին: Ովքեր փոքր ի շատե հնարավորություն են ունեցել' գնացել են այլ երկրներ, որոշներին բնակարաններ են հատկացրել: 18 տարվա ընթացքում մահացել է 80-ը: Մնացած 18-ը հույսով սպասում է բնակարան ստանալու իր հերթին:
«Որտեղ հնարավոր է' դիմել ենք. ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարին, Միգրացիայի եւ փախստականների վարչությանը: Գրավոր պատասխաններում ինչ-ինչ խոստումներ են տալիս, որոնց արդեն քանի տարի է սպասում ենք... Ինչքա՞ն կարելի է խոստումներով սպասացնել: Մեզ էլ ապրելու բան էլ չի մնացել: Մտածված ձգձգում են, որ մեռնենք ու հարցը փակվի՞»,-Սեդա Խաչատրյանի այս կարծիքը հավանության արժանացավ բախտակիցների կողմից:
Բացի գրավոր պատասխանից, փախստականների դիմումների հետքերով նաեւ եկել էին: Հանձնախումբը, որը դիմումատուների բնակարաններ էր այցելել գիշերվա ժամը 10-ին, առաջին բանը որ ցանկացել էր' մեկ գավաթ ջուրն է եղել: «Հետո՞ ինչ...»,- հարցիս հետեւեց շենքի պարեկ Արաքսյա Սարոյանի զարմացած պատասխսնը.«Գլխի չընկա՞ք... ստուգելու համար. եթե թարմ ջուր տայինք, ուրեմն' մշտաբնակ ենք, եթե ոչ' ժամանակավոր: Ես էլ ջղայնացա' ասեցի' դուք հայ ե՞ք, թե' նեմեց: Հերիք չի' գիշերվա 10-ին եք գալիս' անհանգստացնում, հիմա էլ հատուկ ստուգումներ ե՞ք անցկացնում...»:
Իսկ մեկ այլ' ավելի երիտասարդ բնակչի' Կարինա Կագրամանովայի զայրույթն այլ շարժառիթ ուներ.«Ընտանիքս վեց հոգի է' ես, երեք աղջիկներս ու երկու թոռներս:«Պրինցիպիալնը» մեզ տուն չտվեցին, ինչա թե' երկու անգամ եկել են, իմ աղջկանս տանը' տեղաշորումը չեն տեսել: Ես էլ ասում եմ' ենթադրենք' էդ աղջիկը ման եկող ա' գիշերը գնում ա' առավոտը գալիս... Դա ի՞նչ «պրիչին» ա' աղջիկը որտեղ ա: Ասում եմ' մինչեւ դուք մտնեք հարեւանների «դակումենտները» ստուգեք' կզանգեմ' 10 րոպեից երեխան էստեղ կլինի: Ասում են' չզանգես, որ գա էլ' մեկ ա' չենք նշելու: Սա ի՞նչ ա նշանակում»,- հարցը մեզ ուղղեց տիկին Կարինան:
Կարինայի հարցերի շարքը լրացրեց Արաքսյա Սարոյանը.«Բա մարդը տուն չունենա՞, որ գոնե կյանքի վերջին տարիներն իր տանիքի տակ անցկացնի, մեռնելուց հետո էլ' իր տնից թաղվի: Ախր, ո՞նց չեն հասկսնում, որ դա էլ է արժանապատվության հարց. եթե մարդավարի ապրելու բախտ չենք ունեցել, մարդավայել թաղվելու է՞լ չենք արժանանալու»:
Հանրակացարանի բնակիչների' տուն ունենալու հույսերն օրեցօր նվազում են, փոխարենը' առաջարկում են, որ ամրացվի ու վերանորոգվի հանրակացարանի շենքը եւ սեփականաշնորհվի իրենց: Ասում են' հետն էլ հավելում' թե դրա հույսն էլ չունեն. «Վերջերս մեծահարուստներ էին եկել' շենքը գնելու: Անհանգստացանք, թե որ գնեն' մեզ փողոց կշպրտեն: Դիմեցինք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակ, որտեղից պատասխանեցին, թե' մինչեւ նոր կացարան չտան, ոչ ոք իրավունք չունի մեզ դուրս հանի: Դրանից հետո մի քիչ հանգստացանք, բայց էլի խոսակցությունը կա, որ շենքը գնելու են»,-ասում է խմբված փախստականներից մեկը:
Համլետ Նահատակյանը եւս հաստատեց շենքի նկատմամբ հետաքրքրվողների մասին խոսակցություննրը.«Կան մեծահարուստներ,որ ուզում են գնել: Եթե համաձայնվեմ' պատկերացնում ե՞ք այս ծերերի վիճակը: Նրանք ուղղակի կհայտնվեն դրսում: Իսկ դրա փոխարեն կարելի է չէ՞ առանց ծերերին տեղահան անելու' վերանորոգել շենքն ու տալ իրենց' մշտական բնակության: Դրանից հետո եւ գնորդներ չեն հայտնվի եւ' փախստականները գոհ կմնան»:
Լուսանկարները' Անուշ Բաբաջանյանի
Մեկնաբանել