HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նյու Ջերսի նահանգը մտադիր է կորոնավիրուսի պատճառով վաղաժամկետ ազատ արձակել բանտարկյալների շուրջ 20 %-ին

ԱՄՆ-ում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակից ի վեր Միացյալ Նահանգներում վարակվել է 4,4 միլիոն մարդ, որից ավելի քան 150 000-ը մահացել են։ Հուլիսի 30-ին պարզ է դարձել, որ կորոնավիրուսից մահացել է հանրապետական քաղաքական գործիչ Հերման Քեյնը, որը 2012 թվականին հավակնում էր առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Վերջինս հոսպիտալացվել է հուլիսի 1-ին՝ կորոնավիրուսից առաջացած բարդությունների պատճառով։

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի իշխանությունները մտադիր են բանտերից վաղաժամկետ ազատել դատապարտվածների 20 %-ին, որպեսզի կրճատվի վարակի տարածման մակարդակը։ Նյու Ջերսին կալանավայրերում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող նահանգն է ԱՄՆ-ում։ Նյու Ջերսիի սենատորների կողմից օրինագծի հաստատումից հետո ազատության մեջ կհայտնվի շուրջ 3000 մարդ, որոնց պատժի կրման ժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ։

Բրիտանական վիճակագրական բյուրոն էլ հայտարարել է, որ եվրոպական երկրների միջին ցուցանիշների հետ համեմատած Անգլիայում փետրվարի վերջից մինչև հունիսի կեսերն ընկած ժամանակահատվածում գրանցվել է Եվրոպայում մահացության ամենաբարձր ցուցանիշը։ Մայիսի 23-ի դրությամբ Անգլիայում մահացությունը 7,5 %-ով ավելի բարձր է եղել, քան նախորդ տարվա միջին ցուցանիշը, իսկ Իսպանիայում, որն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, աճը կազմել է 6,7 %։ Պաշտոնական տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 46 000 մարդ, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 303 հազարը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք չի ամաչում այս վիճակագրության համար, պատասխանել է. «Միանգամայն պարզ է, որ մեր երկիրը հիմա հասել է մեծ հաջողությունների և կարողացել է կրճատել ողբերգական մահերի թվաքանակը։ Ներկայումս մենք այն վերցրել ենք վերահսկողության տակ։ Մահվան դեպքերի թիվը շատ ավելի ցածր է, շատ ավելի։ Սակայն ձեզ պետք է ասեմ, որ հիմա մենք տեսնում ենք վիրուսի վերադարձը եվրոպական երկրներ։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում»։

Համաձայն վիճակագրական գործակալության տվյալների՝ Մեծ Բրիտանիայում համաճարակը եղել է էլ ավելի մասշտաբային, քան մյուս երկրներում։ Իսպանիայում և Իտալիայում բռնկումները եղել են զանգվածային, սակայն կրել են լոկալ բնույթ, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայում վիրուսի տարածումը եղել է համընդհանուր։

Լուսանկարը՝ Patrick Breen / Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter