HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Համավարակի հետևանքները կզգացվեն տասնամյակներ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը առողջապահության ոլորտի ճգնաժամ է, որը պատահում է հարյուր տարին մեկ անգամ և որի ազդեցությունը կզգացվի տասնամյակներ շարունակ։ Այդ մասին նա հայտարարել է ԱՀԿ կոմիտեի նիստի ժամանակ, որը կես տարի առաջ կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր գլոբալ մասշտաբներ ունեցող արտակարգ իրավիճակ։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ, համաձայն հետազոտությունների, չնայած վիրուսի գլոբալ տարածմանը, այն կարող է վերադառնալ բոլոր այն տարածաշրջաններ, որոնք արդեն իսկ եղել են վիրուսի տարածման գոտում։ «Բազմաթիվ երկրներ, որոնք կարծում էին, որ ամենավատն անցյալում է, բախվում են կորոնավիրուսի նոր բռնկումների հետ։ Նրանք, որոնց համավարակի սկզբնական շրջանում կորոնավիրուսը մեծ հարված չէր հասցրել, բախվել են վարակման և մահացության նոր դեպքերի աճի հետ»,- հավելել է ԱՀԿ ղեկավարը։

Պետությունները շարունակում են պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ։ Այսպես, օգոստոսի 1-ից Կիպրոսի խանութներում, սուպերմարկետներում, բանկերում, հիվանդանոցներում և հանրային այլ հաստատություններում դիմակների կրումը դարձել է պարտադիր։ Իշխանություններն այս քայլին գնացել են այն պատճառով, որ երկրում աճել է վարակվածների թիվը։ Օրինախախտները կտուգանվեն 300 եվրոյով։ Վերջին մեկ օրվա ընթացքում Կիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք։ Սա ապրիլի կեսերից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Հուլիսի 29-ին Կիպրոսի իշխանությունները հայտնել էին 13 նոր դեպքերի մասին, որը վերջին երեք ամիսներին միակ ցուցանիշն էր, որը գերազանցել էր 10-ը։

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում էլ նախորդ մեկ օրվա ընթացքում էլ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 257 դեպք։ Արդեն չորրորդ օրն է, ինչ այս ցուցանիշն անընդհատ աճում է։ Ինչպես հայտնել են նահանգային իշխանությունները, մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9 հազար նոր դեպք։ Նահանգում, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հատել է 470 հազարի շեմը։

Ֆլորիդան կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ երկրորդ նահանգն է։ Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, հուլիսի 29-ին կորոնավիրուսից ԱՄՆ-ում մեկ րոպեի ընթացքում միջինում մահացել է մեկ մարդ։

Հազարավոր մարդիկ օգոստոսի 1-ին դուրս են եկել Բեռլինի փողոցներ, որպեսզի մասնակցեն իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ցույցներին։ Ցուցարարների մեջ կան նաև աջ ծայրահեղական խմբերի ներկայացուցիչներ և դավադրապաշտներ, որոնք չեն հավատում վիրուսի գոյությանը։ Այդուհանդերձ, ցուցարարների մեջ գերակշռում են այն քաղաքացիները, որոնք ուղղակի հավանություն չեն տալիս կառավարության գործողություններին։ Նրանք պահանջում են դադարեցնել գործող սահմանափակումները։

Ճապոնական Օկինավա կղզու իշխանություններն օգոստոսի 1-ին կղզու ողջ տարածքում հայտարարել են արտակարգ դրություն։ Կղզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կտրուկ աճ, որը նաև կապված է այնտեղ առկա ամերիկյան ռազմաբազայի հետ։ Նահանգապետ Դենի Տամակին բնակչությանը խնդրել է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Հուլիսի 31-ին Օկինավայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ՝ 71 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ ճապոնական կղզում գրանցվել է կորոնավիրուսի 395 դեպք, որոնցից 248-ը՝ ամերիկացի ծովային հետևակայինների շրջանում։

Հարավային Կորեայում էլ ձերբակալվել է «Սինչհոնջիի եկեղեցի» կրոնական աղանդի առաջնորդ Լի Ման Հին։ Աղանդի շուրջ հինգ հազար անդամներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ Լի Ման Հին մեղադրվում է այն բանում, որ վարակման փաստը թաքցրել է կորեական իշխանություններից։ Աղանդի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց առաջնորդը մտածված չի թաքցրել տեղեկությունը, այլ հարգանք է ցուցաբերել աղանդի անդամների անձնական կյանքի նկատմամբ։ Բացի այդ, 88-ամյա Լին մեղադրվում է նաև մոտ 4,7 միլիոն դոլարի մսխման մեջ։

Օգոստոսի 1-ին Հարավային Կորեայում գրանցվել է 14 336 ռեկորդային նոր դեպք։ Եթե Լիի մեղքը հաստատվի, ապա դա կնշանակի, որ նրա աղանդը նպաստել է Հարավային Կորեայում կորոնավիրուսի դեպքերի, ընդհանուր առմամբ, մոտ 36 %-ի տարածմանը։

Լուսանկարը՝ Xinhua/ Liu Qu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter