HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում հայտարարվել է աղետի ռեժիմ, իսկ Հնդկաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է 50000-ը

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում, կորոնավիրուսով վարակման դեպքերի վիճակագրության կտրուկ աճի ֆոնին, հայտարարվել է աղետի ռեժիմ։ Վերջին օրերի ընթացքում այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք։ Նահանգի կենտրոն Մելբուրնում ներդրվել են 4-րդ մակարդակի նախազգուշական սահմանափակումներ, համաձայն որի բնակիչներին թույլատրվում է տներից դուրս գալ միայն սնունդ ձեռք բերելու կամ սպորտով զբաղվելու համար։

Սահմանափակումները կգործեն առնվազն 6 շաբաթ։ Ինչպես մեկնաբանել է նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը, բժիշկները չեն կարողացել հետևել 760 վարակվածների վարակման շղթան, որոնց նրանք անվանում են «անբացատրելի դեպքեր», ինչը մասամբ բացատրում է խիստ սահմանափակումների տրամաբանությունը։ Էնդրյուսի խոսքերով՝ ավելի վաղ ներդրված կարանտինային սահմանափակումները բավարար արդյունք չեն տվել։ «Մենք պետք է վճռական գործենք։ Սա միակ ճանապարհն է հաղթահարելու այս հիվանդությունը»,- նշել է Էնդրյուսը։

Մասնագետներին ավելի շատ անհանգստացնում է, այսպես կոչված, «վարակման անբացատրելի դեպքեր» երևույթը, երբ նոր վարակվածներին հնարավոր չէ կապել վարակման այս կամ այն օջախի հետ կամ էլ հաստատել կապը կորոնավիրուսով այս կամ այն վարակվածի հետ։ Հենց նմանատիպ երևույթներն են ստիպում իշխանություններին գնալ նման սահմանափակումների, ինչպես Մելբուռնում, որտեղ վարակվածների 51 %-ը կազմում են հենց անբացատրելի դեպքերը։ 

7,5 միլիոն բնակչություն ունեցող Հոնկոնգում կարողացել են առանց խիստ կարանտինի անցկացնել 2020 թվականի գարնանային ամիսները, սակայն հուլիսին այնտեղ գրանցվեց կորոնավիրուսի բռնկում, որի ծագումը մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չէ։ Այդ է պատճառը, որ իշխանությունները դպրոցներում հայտարարեցին վաղաժամկետ ամառային արձակուրդներ, փակեցին բարերը, ֆիթնես ակումբները և լողափերը։ Բացի այդ, Հոնկոնգում սահմանվել են խոշոր տուգանքներ բոլոր այն անձանց համար, որոնք հանրային նշանակության տարածքներում չեն կրի դիմակներ։

Ճապոնիայում էլ, «Bloomberg Law» պարբերականի տվյալներով, «անհայտ ծագման վարակման» դեպքերը 19 %-ից հասել են 51 %-ի։ Ընդ որում, աճը գրանցվել է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Ի տարբերություն այլ երկրների, ճապոնական իշխանությունները չեն փակել խանութները և հաստատությունները, այլ միայն բնակչությանը խորհուրդ տվել ցուցաբերել զգուշություն։

Ռուսաստանում օգոստոսի 2-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 427 նոր դեպք, իսկ կորոնավիրուսի համավարակից ի վեր վարակվածների թիվն այդ երկրում անցել է 850 հազարը։ Արդյունքում, Ռուսաստանն աշխարհում չորրորդն է կորոնավիրուսի վարակվածների թվով։

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում ավելի քան 200 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից։ Դեպքերի մոտ 75 %-ը բաժին է հասնում Բրազիլիային և Մեքսիկային։ Իսկ Հարավային Աֆրիկայում էլ գրանցվել է վարակման ավելի քան 500 հազար դեպք։

Հնդկաստանում արդեն երրորդ օրն է, ինչ օրական կտրվածքով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցում է 50 000-ը։ Իրանում էլ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 2 685 նոր դեպք։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին նշել է, որ իրավիճակը անհանգստացնող է երկրի 31 օսթաններից 25-ում։

Լուսանկարը՝ PTI-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter