HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վազգեն Ռշտունին բավարարել է փաստաբանի բողոքը՝ թմրանյութերի մաքսանենգության գործով քննչական ենթակայությունը խախտելու հիմքով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, բավարարել է փաստաբան Դավիթ Մնացականյանի բողոքն ու նրա պաշտպանյալ Ա․Բ․-ին որոշել կալանքից ազատ արձակել։

«Հետք»-ի հետ զրույցում Ա․Բ․-ի պաշտպան Դավիթ Մնացականյանն ասաց, որ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների մաքսանենգության, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոց պահելու, փոխադրելու, առաքելու մեջ մեղադրվող Ա․Բ․-ն մոտ երկու ամիս առաջ կալանավորվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, որի դեմ ինքը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Պաշտպանը վերաքննիչ դատարանում բողոքարկել է բացառապես Ա․Բ-ի վերաբերյալ քրեական գործով քննչական ենթակայությունը խախտելու հանգամանքը։ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է, թե Քրեական օրենսգրքի ինչ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ նախաքննությունը Հայաստանի որ քննչական մարմինը պետք է կատարի։

Դավիթ Մնացականյանի խոսքով՝ թմրանյութերի մաքսանենգության գործով նախաքննության իրականացնումն ըստ քրեական դատավարության օրենսգրքի 190 -րդ հոդվածի՝ վերապահված է Ազգային անվտանգության ծառայության կամ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչներին, մինչդեռ Ա․Բ․-ի գործով նախաքննությունն իրականացվել է Քննչական կոմիտեում։

Դավիթ Մնացականյանը վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի ստացել, իր մոտ առկա է միայն դրա քաղվածքը, համաձայն որի՝ իր բողոքն ամբողջությամբ բավարարվել է, առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել ու փոփոխվել, իսկ Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը՝ մերժվել։ Նկատի ունենալով, որ բողոքը բացառապես քննչական ենթարկայության հիմքով է ներկայացվել, պաշտպանն ասում է, որ հնարավոր չէ այլ եզրահանգման գալ, քան այն, որ դատական ակտի  բեկանման հիմքում քննչական ենթակայության հանգամանքն է։

Գործերի քննչական ենթակայության խախտման հարցն առաջին անգամ չէ, որ քննարկման առարկա է դառնում իրավական հանրության շրջանում։ Իրավաբանների մի մասը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածին, դիրքորոշում են հայտնում, որ այս հոդվածում հստակ սահմանված է գործերի քննչական ենթակայության հարցը, իսկ դատախազությունը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածին, պնդում է, որ դատախազի բացառիկ լիազորությունն է գործը նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։

Այս հարցը վերջերս քննարկման առարկա դարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ընտրակաշառքի գործով։ Ծառուկյանի պաշտպանները պնդում են, որ թեև Ծառուկյանի գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում, քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ ընտրակաշառքի գործը ենթակա չէ քննության Ազգային անվտանգության ծառայության քննիչների կողմից։

Նշենք, որ Դավիթ Մնացականյանի պաշտպանյալը արդեն ազատ է արձակվել։

Լուսանկարում՝ ձախից Վազգեն Ռշտունին, աջից՝ Դավիթ Մնացականյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter